HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանը՝ համաշխարհային քարտեզի վրա խաղողի ծագման բնօրրան

Միջազգային գիտական ​​կազմակերպությունների դաշինքի (ANSO) միակ դրամաշնորհը Հայաստանում 2021 թ. ստացել է Գիտությունների ազգային ակադեմիայի Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը՝ «Խաղողի կենսաբազմազանության պահպանում և հարմարվողական հատկանիշերի մոբիլիզացիա» ծրագրի իրականացման համար: Այս մասին հայտնում են ԳԱԱ լրատվական ծառայությունից։

Հայ-չինական այս ծրագիրն իրականացվում է Չինաստանի «Մեկ գոտի-մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակներում, որն ուղղված է  մարդկության առաջընթացի և համընդհանուր բարգավաճման համատեղ գործողություններին:

ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը ծրագիրն իրականացնում է Չինաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի Բուսաբանության ինստիտուտի հետ: Ծրագրի երրորդ գործընկերն է Ֆրանսիայի լավագույն գիտահետազոտական ինստիտուտներից Institute of Grape and Wine Sciences (ISVV)-ը,, որի հետ պլանավորված է 2022 թ-ից սկսել ՀՀ-ում խաղողի ֆիլոքսերայի լայնածավալ ուսումնասիրություններ՝ վնասատուի գենոտիպավորումից մինչև մասնագետների վերապատրաստում։ 

Ըստ ԳԱԱ տարածած հաղորդագրության՝ ծրագիրը կրում է կիրառական բնույթ և միտված է Հայաստանի խաղողի գենետիկական ռեսուրսների համապարփակ ուսումնասիրմանը, մասնավորապես, հարմարվողական հատկանիշների վերլուծությանը։ Հիմնական նպատակը տեղածին սորտերում և վայրի խաղողի գենոմում չորադիմացկանությունը պայմանավորող գեների հայտնաբերումն է, որը չափազանց կարևոր է կլիմայի գլոբալ փոփոխության կոնտեքստում։

Հայաստանում խաղողի գենետիկական ռեսուրսների ուսումնասիրության մեկնարկը տրվել է դեռևս 2011 թ-ին՝ ԳԱԱ Բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, Երևանի պետական համալսարանի Գենետիկայի և բջջաբանության ամբիոնի վարիչ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ  Ռուբեն Հարությունյանի նախաձեռնությամբ։ Ուսումնասիրությունները իրականացվել են մոլեկուլային-գենետիկական մակարդակով, այնուհետև գենոմային մակարդակով։ 

Համաշխարհային խաղողի քարտեզի վրա Հայաստանի, որպես խաղողի ծագման բնօրրան ճանաչելի դարձնելու նպատակով 2018 թ-ին Խաղողագործության և գինեգործության հիմնադրամի հետ համատեղ ստեղծվեց խաղողի գենետիկական ռեսուրսների տվյալների առաջին բազան՝ VITIS www.vitis.am  կայքը, որը կցված է եվրոպական www.vivc.de և չինական www.vitisgdb.ynau.edu.cn  տվյալների բազաներին: 

Առաջին անգամ Հայաստանում ֆրագմենտային սեկվենավորման միջոցով գենոտիպավորվեցին 400-ից ավելի խաղողի նմուշներ, որոնց գերակշիռ մասը պահպանվում է Խաղողի ազգային կոլեկցիոն այգում։ Այս արդյունքները ստացվել են «Հայաստանի խաղողի գենետիկական ելանյութի բազմակողմանի բնութագրումը սելեկցիոն ներուժի բացահայտման նպատակով» ծրագրի շրջանակներում, որն իրականացվել է ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի և Գերմանիայի Խաղողի սելեկցիայի ինստիտուտի մասնակցությամբ։ Այժմ արդեն գենոտիպավորված են խաղողի շուրջ 1300 գենոտիպեր, ներառյալ վայրի խաղողի ավելի քան 200 նմուշներ։

2019 թ-ին ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը միացավ “Whole genome sequencing of global Vitis  accessions (4K)” (Vitis –ի գլոբալ նմուշների ամբողջական գենոմի սեկվենավորում) միջազգային մեգա-ծրագրին՝ Չինաստանի ԳԱԱ և Յունանի համալսարանի նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ։ Ծրագրի շրջանակներում ամբողջ աշխարհից հավաքագրվել են խաղողի շուրջ 5000 տարբեր սորտեր և վայրի գենոտիպեր, որոնց ամբողջական գենոմը արդեն ռեսեկվենավորվել է։ 

Ըստ ծրագրի արդյունքների խաղողի հայկական պոպուլյացիայում հայտնաբերվել են գենոտիպեր, որոնք միջանկյալ ձևեր են վայրի և մշակովի խաղողի միջև, ինչը չափազանց կարևոր ֆենոմեն է էվոլյուցիոն տեսանկյունից կուլտուրականացման գործընթացն ուսումնասիրելու առումով։ Ծրագրի արդյունքները կամփոփվեն 2022 թ-ին:

«Մեր բոլոր նախագծերի վերջնանպատակը Հայաստանում խաղողի գենետիկական ռեսուրսների պահպանումն ու հարակայուն խաղողագործություն զարգացնելն է, պետք է նվազագույն մակարդակի բերել կամ բացառել թունաքիմիկատների կիրառումը և վերսկսել թիրախային սելեկցիոն աշխատանքները՝ ուղղված ռեզիստենտ սորտերի ստացմանը»,- ասաց ծրագրի գիտական խմբի ղեկավար, ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի Բույսերի գենոմիկայի գիտական խմբի ղեկավար, ավագ գիտաշխատող, կենսաբանական գիտությունների թեկնածու Քրիստինե Մարգարյանը։

Գիտնականը վստահ է, որ Հայաստանի խաղողի կենսաբազմազանությունն օժտված է այդ ներուժով, և այս մոտեցումը ունի կարևոր բնապահպանական և առողջապահական նշանակություն։ 

Ծրագրերի գիտական արդյունքները Քրիստինե Մարգարյանը, որպես հրավիրված բանախոս, զեկուցել է ոլորտի գլխավոր միջազգային կազմակերպության International Organization of Vine and Wine, OIV-ի տարեկան գիտաժողովներին, սկսած 2016 թ-ից, տպագրել հոդվածներ միջազգային պարբերականներում (VITIS, Genes, MDPI): Շուտով լույս կտեսնի նաև երկու լայնածավալ հոդվածներ Nature Plants և Biology, MDPI պարբերականներում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter