HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ո՞վ ինչ ունի. Բիշարյանը Մարգարյանի համեմատ «չքավոր» է

Երեւանի թիվ 11 ընտրատարածքում առաջադրված պատգամավորության թեկնածուների` ՀՀԿ-ական Գրիգորի Մարգարյանի (Բելաջոյի Գրիշ), ՕԵԿ փոխնախագահ, պատգամավոր Հեղինե Բիշարյանի, անկուսակցականներ Արշակ Բանուչյանի եւ Մանվել Եղիազարյանի տարածքային ընտրական հանձնաժողով ներկայացրած գույքի եւ եկամուտների հայտարարագրերից պարզվում է, որ նրանցից ամենահարուստը հանրապետական թեկնածուն է:

Գրիգորի Մարգարյանը երկու շենք-շինությունների միանձնյա սեփականատերն է, մեկ շինության եւ հողամասի, ինչպես նաեւ 2 հողամասի տիրապետում է ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով:

Թեկնածուն հայտարարագրել է նաեւ իրեն պատկանող 5 ավտոմեքենա` «Վազ 2102», «Դեյվո Դամաս», 2011թ. արտադրության «Պորշե Կայեն», «Մերսեդես G500» եւ «Մերսեդես G550» մակնիշի:

Գործող պատգամավորն ու պատգամավորության թեկնածուն 8 մլն դրամ կամ դրան համարժեք արտարժույթը գերազանցող գույք չունի: Որպես եկամուտ՝ Գրիգորի Մարգարյանը ԱԺ-ից ստացել է 3 մլն 108 հազար 580 դրամ աշխատավարձ, իսկ երկու առանձին գույքերի օտարումից` 33 մլն 450 հազար դրամի եկամուտ:

Այս տարվա մարտի 1-ի դրությամբ Գրիգորի Մարգարյանն ունի 2 միլիարդ 90 միլիոն դրամ եւ 815 հազար դոլար:

ՕԵԿ-ական պատգամավոր Հեղինե Բիշարյանը Գրիգորի Մարգարյանի հետ համեմատ «չքավոր» կյանքով է ապրում: Նա ոչ տուն ունի, ոչ ավտոմեքենա, ոչ էլ` թանկարժեք գույք:

Հեղինե Բիշարյանի միակ եկամուտը նրա աշխատավարձն է` 3 մլն 609 հազար 40 դրամ: Թեեւ պատգամավորն այլ եկամուտի աղբյուր հայտարարագրում չի նշել, սակայն մարտի 1-ի դրությամբ ունի 32 հազար դոլար: Առիթի դեպքում պատգամավորը հպարտանում է, որ իրեն օգնում են եւ ամուսինը եւ որդին, հավանաբար, այդ գումարը նրանք են նվիրել պագամավորին:

Արշակ Բանուչյանը նույնպես շարժական գույք ու թանկարժեք իրեր չունի, նույնիսկ եկամուտ չունի, քանի որ գործազուրկ է: Արշակ Բանուչյանի միակ ունեցվածքը 67.7 քմ մակերեսով Երեւանի Ֆրունզեի փողոցում գտնվող բնակարանն է:

Դատարկ հայտարարագիր է ներկայացրել «Արաբո» ՀԿ-ի նախագահ Մանվել Եղիազարյանը: Նա ոչ տուն ունի, ոչ ավտոմեքենա, ոչ էլ եկամուտի աղբյուր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter