HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

E-school Armenia ծրագրի շնորհիվ կլրացվի դպրոցներում ուսուցիչների պակասը

Այս տարվա սեպտեմբերից «E-school Armenia» նախագծի շրջանակում 18 մենթոր դպրոցների ուսուցիչներ էլեկտրոնային դասեր են վարելու առարկայական մասնագետների պակաս ունեցող դպրոցներում։ Նախագծի աշխատանքների, դասապրոցեսի անցկացման, աշակերտների ներգրավվածության մասին զրուցել ենք Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Պողոսյանի հետ։

Պրն Պողոսյան, սեպտեմբերի 7-ին «E-school Armenia» նախագծի շրջանակում մեկնարկեցին հեռավար դասերը։ Նախապես տարածված հաղորդագրության համաձայն՝ նախագծի նպատակն է ապահովել կրթության շարունակականությունը։ Մանրամասնեք խնդրում եմ, ինչպե՞ս է աշխատելու այս նախագիծը։

Ծրագրի իրականացման համար մի քանի նպատակ կա, կա նաև խորքային նպատակ, որը չի երևում։ Ամենախորքային նպատակը, որ մենք մեր առաջ դրել ենք, էլեկտրոնային գործիքների կիրառումն է դպրոցներում և էլեկտրոնային ուսուցումը որակյալ կազմակերպելը, որը հետագայում կարող է դառնալ հանրակրթության ոլորտում որակյալ կրթության չափման գործիք։ Մենք հաճախ ենք ասում, որ հանրակրթությունը որակյալ չէ, լավը չէ, խնդիրներ կան, բայց երբ փորձում ենք արձագանքել՝ հասկանալու, թե ինչ նկատի ունեն, ստացվում է, որ որևէ գործիքով չափված չէ, ինտուիտիվ խոսակցությունների մակարդակով է, խորքային նպատակը սա է։ Նպատակին հասնելու համար կան մարտավարական նպատակներ։ Ուսուցիչների պակաս կա ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում։ Ֆինլանդիան կարող եմ որպես օրինակ բերել, իրենց հյուսիսային ռեգիոններում կա ուսուցչի պակաս։ Կոմպլեքս լուծումներով են խնդիրը լուծում՝ հարակից առարկաներով ուսուցիչների պատրաստում, գործուղման մեխանիզմի կիրառում։ Մենք առաջինն ենք, որ փորձում ենք հեռավար մեխանիզմի միջոցով ուսուցիչ ներգրավել դպրոցում։ Գործուղում հեռավարով, ունիկալ բան է, մենք ենք սկսել առաջինը։ 

Ի՞նչ ազդեցություն ունեցավ կորոնավիրուսը նախագծի մեկնարկի վրա, ինչպե՞ս ծագեց գաղափարը։

Covid-ը ինչքան էլ որ դժվար էր, այն դիտարկել ենք որպես հնարավորություն նորարարական լուծումներ գտնելու համար։ Համավարակի պայմաններում մենք սկսեցինք լայնածավալ հեռավար մեխանիզմի կիրառում Հայաստանում, ինչը մինչ այդ չէր եղել, ռազմավարական առումով նպատակ դրված չի եղել երբեք, որ հանրակրթությունն անցնի հեռավար կրթության, պանդեմիան ստիպեց։

Հանրակրթության ոլորտում հեռավարի կիրառումը նախատեսված է եղել արտաուսումնական, վերապատրաստումների, խմբակների, էսպիսի գործերի կազմակերպման համար, և ոչ թե հիմնական առարկայական դասերի համար։ Ի՞նչ տեղի ունեցավ. մենք դպրոցներին խորհուրդ տվեցինք օգտագործել որոշակի միջավայրեր, որոշակի ծրագրեր և միաժամանակ ձևավորեցինք թիմ, որը սկսեց կենտրոնացված հեռավար ուսուցում իրականացնել դպրոցում այն երեխաների համար, ովքեր, հիվանդություններով պայմանավորված, ռիսկի տակ էին և չէին կարողանում գնալ դպրոց։ Մեծ ծավալի աշխատանքներ կատարեցինք, 2000-ից ավելի տեսադասեր նկարահանեցինք, մեզ աջակցեց ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը և ԿԳՄՍՆ-ն, 1 ուստարի կարողացանք աշխատեցնել մեր վիրտուալ դպրոցը։ Կենտրոնացված հեռավար կրթությանը մասնակցել է 5000 աշակերտ։ Փորձի կուտակումը բերեց նրան, որ  առաջարկեցինք ծրագիր՝ ստեղծելու էլեկտրոնային դասավանդման դպրոցների ցանց։

Ինչպե՞ս են ընտրվել մենթոր դպրոցները, ինչպե՞ս կարող են դառնալ «E-school Armenia»-ի մասնակից։

Ընտրեցինք 18 դպրոց, մոտիվացիան տվեցինք դպրոցին, հենց դպրոցները հայտ ներկայացրին։ Բավականին բարդ գործընթաց է, նոր բան է, բավականին շատ բան պետք է սովորել, մենք ուսուցիչներին արդեն վերապատրաստել ենք, մեր մեթոդաբաններն ամենօրյա աջակցություն են ցույց տալիս ուսուցիչներին, որ կարողանան դասավանդումն իրականացնել։

Սկզբում ունեինք 101 դպրոց, որտեղ գոնե մեկ առարկայական մասնագետի պակաս կար, հետագայում թիվը դարձավ 103, անընդհատ փոխվում է դպրոցների ցանկը․ էս պահին ասել՝ քանի աշակերտ է օգտվում նախագծից, չենք կարող, սա մեծ պիլոտային ծրագիր է, արդյունքները հետագայում կամփոփենք։

Տարիներ շարունակ խոսվում է դպրոցներում բնագիտական առարակների մասնագետների պակասի մասին, այս նախագծով կլրացվի՞ այդ բացը։

Մենք հենց դա էլ ենք փակում, բնագիտամաթեմատիկական առարկաների ուսուցիչների պակասը պայմանավորված է նրանով, որ ժամաքանակը քիչ է։ Մեզ համար բացարձակ կապ չունի՝ որ առարկայի ուսուցիչն է բացակայում։ Մենք ունենք լեզուների ուսուցիչների պակաս ունեցող դպրոցներ, ինֆորմատիկայի ուսուցչի պակաս կա, օրինակ, ոչ միայն բարձրլեռնային դպրոցներում, այլև բավականին մեծ թվով աշակերտ ունեցող դպրոցներում՝ Արարատում, Արմավիրում․․․․․ գործոնները տարբեր են, օրինակ՝ ինֆորմատիկայի ուսուցչի պակասը նրանից է, որ դաշտում աշխատավարձը բարձր է, մարդիկ չեն գնում դպրոցում աշխատելու։ Վաղը, մյուս օրը մենք մաթեմատիկայի մասնագետների պակաս ենք ունենալու ոչ միայն դպրոցներում, այլև քոլեջներում, բուհերում։ Խնդիրը բացը լրացնելն է, կա գործուղման ծրագիր և կայք, որտեղ կարելի է տեսնել՝ որտեղ կարող է գործուղվել մասնագետը։

Ուսուցիչը, որը չի հանդիսանում մենթոր դպրոցի ներկայացուցիչ, կարո՞ղ է դիմել «E-school Armenia»-ին։

Հենց հիմա կան մասնագետներ, որոնք ասում են՝ մեր դպրոցը չի մասնակցում որպես մենթոր, բայց ես ցանկություն ունեմ դասավանդել հեռավարով, այս պահին մշակում ենք նաև այդ մեխանիզմը։ Հիմա խոսակցություն կա գործուղման կարգում փոփոխություն մտցնել՝ գործուղումն անել հեռավարով։ Ուսուցիչը որոշակի ժամաքանակ կգնա դպրոց, որոշակի ժամաքանակ կլինի հեռավարով, կա միջավայրի խնդիր, մարդը ուզում է դասավանդել, բայց պատրաստ չէ գյուղում ապրել, այս ծրագիրը նոր գաղափարներ է բերում։

Ինչպե՞ս պիտի վերահսկվի ուսումնական գործընթացը, ինչպե՞ս պետք է դասավանդում կազմակերպվի հեռավար, երբ ուսուցիչը դասասենյակում չէ, բայց աշակերտները դպրոցում են։

Մենք արդեն 3 դպրոց ունենք, որտեղ մասնագետները հեռավար դասավանդել են, կազմակերպչական մեխանիզմներ ունենք, պետք է ասենք, որ էլեկտրոնային ուսուցումը և հեռավար ուսուցումն իրենց մեթոդաբանությամբ և մեխանիզմով ամբողջությամբ տարբերվում են ֆիզիկական ներկայությամբ ավանդական դասապրոցեսից։ Այն, ինչ մեզ մոտ ընդունված է ասել հեռավար կրթություն, իրականում առցանց համաժամանակվա կրթության, վեբինարի մասին է խոսում․ հեռավար կրթություն չէ, Zoom-ով ուսուցիչը նստած դաս է պատմում, սա չէ հեռավարը, սա հեռավար կրթության մի գործիքն է, երբ ուսուցիչը շաբաթը 2 անգամ կարող է կիրառել վեբինար, պատվիրող դպրոցը պետք է այս հարցը կարգավորի, երեխաներին պետք է տանել հատուկ հագեցված դասարան, և կազմակերպիչը պետք է հետևի, որ երեխաները մասնակցեն դասին։ Եթե աշակերտները հասկանում են, որ դասը հետաքրքիր է, իրենք կարողանում են սովորել, շատ հանգիստ մասնակցում են, որևէ խնդիր չկա, ուսուցիչը, ով ունի էլեկտրոնային ուսուցում կատարելու հմտություն, առանց որևէ խնդրի կարող է դասարան պահել։ Մեզ մոտ շեշտադրումը դրված է, որ դասը էնքան հետաքրքիր պիտի լինի, որ աշակերտը մասնակցի։

Ստեղծել ենք նաև էլեկտրոնային ուսուցման չափորոշիչներ, որոնցով կկարողանանք գնահատել էլեկտրոնային ուսուցման որակը, որ կարողանանք հետագայում փաստերով խոսել։

Ինչպե՞ս են համագործակցում երկու դպրոցները, ի՞նչ են անում աշակերտներն այն դասաժամերին, երբ վեբինարներ և ուղիղ տեսակապ չկա ուսուցչի հետ։

Երկու դպրոցներն անպայման համագործակցում են, դասացուցակներն իրար համապատասխանեցնում են, որ չխանգարեն։ Աշակերտները մասնակցում են դասերին, այդ ընթացքում պետք է նայեն վիդեոդասերը, առաջադրանքները լուծեն, իսկ դպրոցը պետք է ուշադիր լինի, որ դասը կազմակերպվի։

Covid-19-ը ցույց տվեց, որ աշակերտների մի մասը չունի համապատասխան տեխնիկա էլեկտրոնային կրթության համար, ինչպե՞ս է լուծվում այս հարցը։

Աշակերտները տներում չունեն ինտերնետ կամ տեխնիկական միջոցներ, սակայն այն դպրոցները, որոնք մասնակցում են ծրագրին, պետությունն ապահովել է տեխնիկական միջոցներով, և հենց դպրոցից էլ պիտի կատարեն առաջադրանքները։ Ուսուցիչ-աշակերտ կապը միայն դասաժամով չէ, երեխան կարող է ցանկացած պահի նամակ գրել ուսուցչին։ Ունեն էջ իրենց համար, որտեղ կարողանում են և՛ առանձին, և՛ խմբով աշխատել։ Օգտագործվում են Teams և LMS գործիքները, հիմա ստեղծվում է ամբողջությամբ նոր և ունիկալ միջավայր հանրակրթության համար։

«E-school Armenia»-ն կլուծի՞ ուսուցիչների պակասի հարցը, այն կդառնա՞ կիրառելի գործիք։

Ես հավատացած եմ, որ կլուծի, ես հավատում եմ, որ կլինի։ Իհարկե, միակ գործիքը չէ, խնդիրը կլուծվի կոմպլեքս լուծումներով, ուսուցիչներ գործուղելով, գուցե կլինի այլ ծրագիր, բայց հավատացած եմ՝ այս ծրագիրը կօգնի լուծել բացը։

Սա լրիվ նորարարական բան է, չփորձված, մենք էլ ենք շատ սովորում դպրոցներից, և համոզված եմ, որ այս նորարարական լուծումները լուծելու են այն խնդիրները, որոնք մինչև այժմ լուծված չէին։

Լուսանկարը՝ ԿՏԱԿ-ի ֆեյսբուքյան էջի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter