
Արման Անտոնյան․ «Երևանի ավագանու անդամի նկատմամբ մահափորձն ուղիղ ոտնձգություն է պետության և համայնքի նկատմամբ»
Այսօր Երևանի ավագանու նիստի մեկնարկին քաղաքապետ Հայկ Մարությանը տեղեկացրեց, որ ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ, խմբակցության ղեկավար Սուրեն Էյրամջյանը դիմում է ներկայացրել՝ ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու մասին։
Մարությանը նշեց, որ «Իմ քայլը» խմբակցության կողմից խմբակցության ղեկավար է ընտրվել Արմեն Գալջյանը, իսկ քարտուղար՝ Լևոն Հովհաննիսյանը։ Ավագանու նիստի այսօրվա օրակարգում ընդգրկված է 18 հարց։ Մինչ օրակարգին անցնելը, ավագանու անդամ Արման Անտոնյանն անդրադարձավ իր նկատմամբ կատարված սպանության փորձին։
Անտոնյանի պնդմամբ՝ օգոստոսի 1-ի մահափորձից ապաքինվելը, հրաշք է եղել։ Նրա խոսքով՝ քնած վիճակում ստացել է մահակների բազմաթիվ հարվածներ գլխի շրջանում, ապա դանակի 11 հարված։ «Երևանի ավագանու անդամի նկատմամբ մահափորձը մանավանդ իր մասնագիտական գործունեության համար, համայնքի շահերը պահելու համար, ուղիղ ոտնձգություն է պետության և համայնքի նկատմամբ, որում իմ փոխարեն կարող էլ լինել ցանկացած մեկն այս դահլիճում կամ այս շենքում»,- նշեց Անտոնյանը։ Ավագանու անդամն ասաց, որ մահափորձը եղել է Երևանի ավագանու արտահերթ նիստից երկու օր հետո, որտեղ ինքը բարձրացրել է հարցեր։ «Ցավալին այն է, որ խնդիրների համահեղինակները դեռ շարունակում են աշխատել այս շենքում մեզ հետ միասին, նաև նրանք, ովքեր ցուցաբերում են տոտալ անգործություն և անտարբերություն»,- նշեց Անտոնյանը։
Հիշեցնենք, որ օգոստոսի 2-ին Քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, որ 2021թ. օգոստոսի 1-ին՝ ժամը 01:25-ին, քաղաքացուց հաղորդում է ստացվել այն մասին, որ Նոր Արտամետ համայնքի տներից մեկում դանակահարություն է տեղի ունեցել: Իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել են վնասվածքներ ստացած անձանց ինքնությունը. նրանցից մեկը Երևան քաղաքի ավագանու անդամ Արման Անտոնյանն էր, իսկ մյուսը՝ վերջինիս պապն էր՝ Նոր Արտամետ գյուղի բնակիչ՝ ծնված 1934թ.:
Գլխավոր լուսանկարում՝ Արման Անտոնյանը
Մեկնաբանել