HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Վճռաբեկ դատարանի դատավորների թեկնածուների եկամուտները

Ազգային ժողովում քննարկվում է Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուի ընտրության հարցը: Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է դատավորներ Հովսեփ ԲեդևյանիՀրաչ Այվազյանի և Լիանա Հակոբյանի թեկնածությունները:

Թեկնածուները գործող դատավորներ են և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով են ներկայացրել գույքի, եկամուտների և շահերի հայտարարագրեր: Ներկայացնում ենք նրանց ներկայացրած հայտարարագրերից տեղեկություններ:

Հովսեփ Բեդևյանը Վերաքննիչ վարչական դատարանի նախագահն է: Ըստ նրա՝ 2020թ. տարեկան հայտարարագրի՝ Բեդևյանի տարեկան եկամուտը կազմել է 15 մլն դրամ, որից մոտ 12 մլն դրամը դատարանից ստացած աշխատավարձն է, իսկ մնացածը Երևանի պետական համալսարանից ստացած աշխատավարձն է ու Ֆինանսների նախարարությունից ստացած «այլ եկամուտը»:

Հովսեփ Բեդևյանը հայտարարագրել է նաև կանխիկ դրամական միջոց՝ 5 մլն 100 հազ. դրամ, 5500 դոլար և 250 եվրո: Բացի այդ, 3 մլն դրամ էլ ունեցել է իր բանկային հաշվի վրա:

Թեկնածուն ունի մեկ բնակարան Երևանի կենտրոն վարչական շրջանում, որը գնել է 2015թ.:

Հրաչ Այվազյանը վարչական դատարանի դատավոր է: Նրա հայտարարագրի համաձայն՝ 2020թ. տարեկան եկամուտը կազմում է 44 մլն 500 դրամ, որից 35 մլն 360 հազար դրամը «Արդշինբանկ» ՓԲԸ-ից ստացած վարկն է, մնացածը՝ դատարանից ստացած աշխատավարձը:

Հ. Այվազյանի ունեցած կանխիկ դրամի չափը կազմել է 7 մլն դրամ, 63 հազար դոլար և 800 հազար եվրո: Բանկային հաշվին ունեցել է 705 հազար դրամ:

Այս թեկնածուն երկու տարբեր փոխառություններով մոտ 41 մլն դրամ է տվել «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ին: Քանի որ փոխառություններից մեկի գումարի չափն ամբողջությամբ համընկնում է ստացած վարկի գումարի չափին, ենթադրվում է, որ Հրաչ Այվազյանը «Ջերմուկ Գրուպ»-ից հիփոթեքով բնակարան է ձեռք բերել:

Այվազյանը համատեղ սեփականության իրավունքով բնակարան ունի Վանաձոր քաղաքում և միանձնյա սեփականության իրավունքով՝ Երևանի Շենգավիթ վարչական շրջանում: Երկու գույքի սեփականատեր դատավորը դարձել է 2003թ.-ին:

Հրաչ Այվազյանը 2020թ. Շենգավիթում ունեցած բնակարանը վաճառել է 24 մլն 480 հազար դրամով:

Դատավորը հայտարարագրել է նաև տրանսպորտային միջոց՝ BMW, որը ձեռք է բերել 2019թ.-ին:

Հ. Այվազյանի կինը՝ Ծովինար Զաքարյանը ևս հայտարարագրել է իր ունեցվածքը: Նրա 2020թ. տարեկան եկամուտը կազմել է 761 հազար 750 ռուսական ռուբլի, ինչը եղել է նվիրատվություն:

Դատավորի կնոջ կանխիկ գումարը կազմել է 1 մլն 221 հազար դրամ, 5000 դոլար և 850 հազար ռուբլի: Տարեվերջին բանկային հաշվին ունեցել է 188 հազ. 189 ռուբլի:

Ծովինար Զաքարյանը ևս փոխառություն է տվել «Ջերմուկ Գրուպ»-ին: Երեք գործարքով ընկերությանը հանձնած փոխառության չափը կազմում է 4 մլն 779 հազ. դրամ:

Ծ. Զաքարյանը հայտարարագրել է նաև անշարժ գույք. անհատական բնակելի տուն և հողամաս Արարատի մարզի Ոսկետափ համայնքում: Նշված անշարժ գույքերը ստացել է որպես նվիրատվություն:

Դատավորի կինը 2019թ.-ին ևս BMW մակնիշի ավտոմեքենա է գնել:

Վճռաբեկ դատարանի դատավորի հաջորդ թեկնածուն՝ Լիանա Հակոբյանը ևս վարչական դատարանի դատավոր է: Նրա եկամուտներն ու ունեցվածքն ամենահամեստն է:

Լիանա Հակոբյանի 2020թ. հայտարարագրի համաձայն՝ եկամուտի միակ աղբյուրը եղել է դատարանից ստացած աշխատավարձը՝ 9 մլն 342 հազար դրամ: Կանխիկ դրամը կազմել է 9 հազար դրամ, իսկ բանկային հաշվի մնացորդը՝ 624 հազ. դրամ:

Լիանա Հակոբյանը «Միկշին» ՍՊԸ-ին հանձնել է փոխառություն, որը 2020թ. վերջին կազմել է 1 մլն 775 հազ. դրամ: Նշենք, որ «Միկշին»-ը ևս բնակարանների կառուցապատմամբ է զբաղվում:

Ինչ վերաբերում է անշարժ գույքին, Լ. Հակոբյանը 2010թ. Շենգավիթ վարչական շրջանում դարձել է բնակարանի միանձնյա սեփականատեր: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter