HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Հետախույզները

Շարքայիններ Հայկ Մելքոնյանն ու Սարգիս Ալավերդյանը ծառայում են միասին` Պաշտպանության բանակի` Արցախի արեւելյան սահմանները հսկող զորամասերից մեկում: Երկուսն էլ 19 տարեկան են, զորակոչվել են 16 ամիս առաջ: Հայկը գնդացրորդ է, Սարգիսը` դիպուկահար: Կապիտան Հրանտ Հարությունյանի հրամանատարությամբ գործող հետախուզական ստորաբաժանման այս զինվորները լավագույններից են: Դա փաստեցին հենց զորամասում` նշելով, որ Հայկն իր հատկանիշներով, հետախույզի գիտելիքներով ու նաեւ փորձառությամբ աչքի ընկածներից մեկն է, իսկ Սարգսի ձեռքի ու աչքի դիպուկությունն իր կաշվի վրա զգացել է նաեւ թշնամին: Այս տղաները իրենց ծառայակից ընկերների հետ պարբերաբար հակառակորդի «պարտադրանքով» ելնում են դիրքեր, որտեղ անհրաժեշտություն է լինում ապացուցել հայ հետախույզի բարձր կարգը: Սակայն նման դեպքերը միայն հետագայում են դառնում հետաքրքիր ու հիշարժան պատմություններ, իսկ իրականության մեջ անչափ վտանգավոր են ու անգամ չնչին սխալի դեպքում կարող են դառնալ ճակատագրական:

Նման մի դեպք տեղի է ունեցել անցյալ աշնանը: Ինչպես հիշում է Հայկը, տեղեկություն էր ստացվել, որ հակառակորդը տարբեր տրամաչափի զենքերից գնդակոծում է մեր դիրքերից մեկը: «Տագնապ» ազդանշանով հետախուզական ստորաբաժանումը բերվել է մարտական վիճակի: «Դիրքեր հասանք մոտ երկու ժամից: Երեկոյան ժամը յոթը կլիներ,- պատմում է Հայկը,- այդ դիրքում մեր ու հակառակորդի խրամատների միջեւ եղած հեռավորությունը մոտ 30 մետր է: Մեզ մոտից լսվում էին նրանց խոսակցությունները»: Հայկի ներկայացմամբ` մինչ իրենց տեղ հասնելը մեր դիրքապահ տղաները պատասխան կրակ էին բացել հակառակորդի ուղղությամբ եւ սաստել վերջինիս սանձարձակ գործողությունները: Սակայն անվտանգության նկատառումներից ելնելով` որոշվել է դիրքի անձնակազմը փոխարինել հետախուզական ջոկի ավելի փորձառու մարտիկներով: Այդպես յոթ հետախույզ չորս օր շարունակ հսկել է թշնամու թիրախ դարձած դիրքը: Մարտական առաջադրանքը հաջողությամբ կատարելուց հետո ջոկը վերադարձել է մշտական տեղակայման վայր` զորամաս:

Մեկ այլ դեպք էլ տեղի է ունեցել վերջերս` օգոստոսի 5-ին: Թշնամին կրկին ակտիվացել է: Ու դարձյալ «տագնապ» ազդանշանով հետախույզները բարձրացել են դիրքեր: Դիպուկահար Սարգիսն այսօրվա պես հիշում է այդ դրվագը: Տեղ հասնելով` երեկոյան ութն անց կեսի սահմաններում դիրքավորվել են: Ինքը սկսել է դիտարկել դիմացի հողաթումբը եւ բառացիորեն հինգ րոպեից նկատել խրամատից դուրս ցցված հակառակորդին, որը վայրկյաններ անց անհետացել է: Այլեւս ժամանակ չկորցնելով` առավել հարմար դիրք է ընտրել ու պատրաստվել կրակի: Նրա հետ այդ պահին եղել են նաեւ Հայկն ու հենակետի պատասխանատուն: Եվ ահա նորից հայտնվել է թշնամու զինվորը: Սարգիսը չի վրիպել: Մարտական հերթապահությունում աչքի ընկնելու համար հրամանատարությունը վերջինիս 10-օրյա արձակուրդ է տվել:

Սարգիսը լավագույն դիպուկահարներից է ոչ միայն զորամասում, այլեւ բանակում: Անցյալ տարի «Լավագույն հետախույզ-դիպուկահար» անվանակարգում նա ճանաչվել է երկրորդը, իսկ այս տարեսկզբին Հայկի ու Սարգսի ջոկը բանակի հետախուզական ջոկերի շարքում զբաղեցրել է երրորդ տեղը:

Այդ ջոկի զինվորներից է եղել նաեւ այն ժամանակ շարքային, այժմ արդեն կրտսեր սերժանտ, 19-ամյա Անդրանիկ Մելոյանը: Վերջինս նույնպես 16 ամսվա ծառայող է: Անդրանիկը, ինչպես եւ մյուս հետախույզները, աչքի է ընկնում ֆիզիկական տվյալներով: 12-13 տարեկանից զբաղվել է կարատեով ու ծանրամարտով: Կարատեի մարզային մրցումներում եղել է առաջինը, իսկ հանրապետական առաջնությունում թիմային հաշվարկով դարձել է երրորդ մրցանակակիր, արժանացել մեդալների ու պատվոգրերի, ծառայության ընթացքում էլ մասնակցել է սանդա-ուշուի առաջնության: Մի քանի ամիս առաջ Անդրանիկին շնորհվել է կրտսեր սերժանտի կոչում, նա դարձել է հետախուզական ջոկի հրամանատար:

Լուս.՝ Արմեն Երամիշյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter