
Այդ ու՞ր՝ առանց բարոյականության
1919 թ.-ին Արամ Մանուկյանը` Առաջին հանրապետության հիմնադիրներից մեկը, մահացավ տիֆից, 39 տարեկանում: Նրան՝ որպես երկրի ղեկավարի, առաջարկել էին բուժվել արտասահմանում: Նա չգնաց, որովհետև այդ ժամանակ հազարավոր այլ մարդիկ ևս տիֆից մահանում էին, և բարոյական պատասխանատվությունը թույլ չտվեց զատվել նրանցից:
Բարձր աշխատավարձ, առանձնատներ, սպասարկող մեքենաներ, պարգևավճարներ, լրացուցիչ՝ 250 000 դրամ՝ պատգամավորներին՝ գրպանի ծախսերի համար, անվճար բուժհետազոտություն՝ պետության առաջին դեմքերի և նրանց ընտանիքների համար: Այս ամենը՝ հետպատերազմյան, ավելի ստույգ՝ չավարտված պատերազմի մեջ գտնվող Հայաստանում:
Զոհված, անհետ կորած, գերիներ ունեցող ընտանիքները, պատերազմից ուշքի չեկած հասարակությունը չպետք է հարկեր մուծեն պետական բարձրաստիճան պաշտոնյաների կոմֆորտը, ձրի կյանքը ապահովելու համար: Հազիվ շնչող պետության միջոցներից նման ծախսերը դիակապտության պես բան են:
Պարզ լեզվով ձևակերպենք՝ «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի համաձայն՝ ՀՀ վարչապետի աշխատավարձը 1 256 660 դրամ է, Ազգային ժովողի նախագահինը՝ 1 190 520 դրամ, ՀՀ նախագահինը՝ 1 322 800 դրամ:
Հայաստանի պայմաններում՝ ամենաբարձր վարձատրվող պաշտոններն են: Ուսուցիչը ստանում է 80-100 հազար դրամ: Իր միջոցներով գնում է դպրոց, բուժզննություն է անցնում, մուծում կոմունալ վարձերը, հոգում ընտանիքի կարիքները:
Մեկ միլիոն դրամից ավելի աշխատավարձ ստացող պաշտոնյաները նախատեսում են իրենց աշխատավարձը տնտեսել՝ անձնական կյանքի համար, իսկ ապրել, սնվել, ճամփորդել, բուժվել՝ քաղաքացիների հաշվին:
Հարկատուների հաշվին ապրող պաշտոնյան պարտավոր է պատշաճ ծառայություն մատուցել հարկատուներին՝ պետությունը կառավարել խելամիտ: Պետությունը ցնցոտիների մեջ է, անպաշտպան, անորոշ ապագայով: Նման որակի ծառայության համար նման աշխատավարձ ու արտոնություններ ակնկալելը պարկեշտ չէ:
Զանազան արտոնություններ սահմանվում են՝ նախապես գիտենալով, որ դա ծանր բարոյական հարված է քաղաքացիներին: Ամեն անգամ բարոյական նշաձողի հերթական անկումը հասարակությունն ընդունում է զայրույթով, սակայն իշխանությունները դա էլ են հաշվի առել՝ իրենց անկումը հասարակությանը մատուցում են փոքր դոզաներով, որ հասցնենք հարմարվել:
Անձնական բարեկեցության, առողջության ու երջանկության մասին մտահոգվելը հազիվ շնչող Հայաստանում հնարավոր է երկու դեպքում՝ կա՛մ այս իշխանությունն ուզում է արագ հեռանալ՝ զգալով, որ պետության կառավարումն իր խելքի բանը չէ, կա՛մ իր քաղաքացիներին չի հարգում: Առաջին տարբերակը բացառվում է, քանի որ դրա համար բարոյական այնպիսի նշաձող պիտի ունենաս, որը կբացառեր երկրորդը:
Ունենք երկրորդ տարբերակը՝ քաղաքացիների կարծիքը իշխանությունների համար բարոյական զսպող ազդեցություն չունի: Ընտրություններից հետո իշխանությունը պարզեց, որ ընտրողների քաղաքական, ինքնապաշտպանական իմունիտետն ընկած է: Եվ որոշեց, որ իրեն կարող են թույլ տալ ամեն ինչ:
Ինչպես Ադրբեջանն է այսօր օգտվում թույլ, պարտված, բարեկամներ չունեցող Հայաստանից՝ պոկում է այն, ինչ հնարավոր է, քանի որ լուրջ դիմադրություն չկա: Այդպես էլ Հայաստանի իշխանությունն է իր օրակարգն առաջ մղում՝ անձնական բարեկեցությունը կարևորելով ավելի, քանի դա կարող է իրեն թույլ տալ պարկեշտ մարդը:
Ինչպես դուրս գալ այս վիճակից. Հայաստանի քաղաքական միտքը չունի այս հարցի պատասխանը: Հետևաբար՝ իշխանություններն ու խորհրդարանական ընդդիմությունը բանավեճի նյութ են դարձնում անձնական խնդիրները, հին հաշիվները: Ներքաղաքական դատարկ օրակարգն իշխանությունը լցնում է սեփական հեղինակության անկման տեսարաններով:
Սա վտանգավոր միտում է, քանի որ ոչ բարոյական իշխանություններին քաղաքացիները արձագանքում են նույն վարքով: Ունենում ենք իշխանությունների գործողություններն ու բարոյական անկումն ընդօրինակող քաղաքացիներ, հասարակություն: Պետության ղեկավարները սպառող են, օգտվում են իրենց դիրքից՝ հնարավոր բոլոր եղանակներով, նույնը կանի նաև քաղաքացին՝ արդեն իր հնարավորությունների սահմանում:
Հասարակության տոտալ ապաբարոյականացումը ծանրագույն հարված ու կյանքի համար անբարենպաստ մթնոլորտ է բարոյական արժեքներ ունեցող մարդկանց համար, որոնք րոպե առաջ կփորձեն /փորձում են/ փախչել այս գրոտեսկային իրականությունից: Բարոյական արժեքներով ապրող քաղաքացիների կրիտիկական զանգվածը Հայաստանում քչանում է. նրանցից շատերը կամավոր մեկնեցին ու զոհվեցին պատերազմում:
Գործող իշխանությունը ջանքեր է գործադրում ինչ-որ կերպ շրջել պատմության անիվը, «խաղաղության դարաշրջան» բացել հայ ժողովրդի համար, սակայն նման մանր-մունր ճարպկություններով, կյանքի հանդեպ սպառողական վերաբերմունքով դարաշրջանային մակարդակի որևէ գործողություն անել հնարավոր չէ: Ամենաշատը՝ խաղաղության ու բարեկեցության դարաշրջանի կարելի է հասնել անձնական, ընտանեկան մասշտաբով:
Պատերազմները հաղթում են, կամ պարտված ժողովուրդները ոտքի են կանգնում՝ նախևառաջ բարոյական գերբարձր չափանիշներ սահմանելով, երբ յուրաքանչյուրն իր անձնական երջանկությունը պատկերացնում է միայն հանրային երջանության պայմաններում: Հակառակ դեպքում՝ ունենում ենք ճարպիկ, խորամանկ, սպառող, սեփական շահը պետության, պետականության գաղափարից գերադասող հանրություն: Բայց ոչ պետություն…
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել