HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախագահ Արմեն Սարգսյանը պետական բարձր պարգև է հանձնել գրոսմայստեր Էլինա Դանիելյանին և շախմատ խաղացել նրա հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով շախմատիստուհի, միջազգային գրոսմայստեր Էլինա Դանիելյանը պարգևա­տրվել է «Հայրենիքին մատուցած ծառայու­թյունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով՝ 2021 թվականին շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջ­նությունում տարած հաղթանակի, միջազգային ասպարեզում Հայաստանն ըստ արժանվույն ներկայացնելու համար:

Գրոսմայստեր Էլինա Դանիելյանը, վերջերս նվաճելով շախմատի Եվրոպայի կանանց առաջնության չեմպիոնի տիտղոսը, նորանկախ Հայաստանի պատմության մեջ արձանագրել էր առաջին նմանատիպ հաջողությունը:

Նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտնում է, որ Արմեն Սարգսյանն այսօր նախագահական նստավայրում հյուրընկալել է Էլինա Դանիելյանին և հանձնել պետական բարձր պարգևը: Նախագահը շնորհավորել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականի առաջատար գրոսմայստերին և նոր հաղթանակներ մաղթել Եվրոպայի չեմպիոնին:

Նախագահ Սարգսյանն ու Էլինա Դանիելյանը զրուցել են շախմատային աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների, կատարվող փոփոխությունների, Հայաստանում շախմատային ավանդույթների պահպանման ու զարգացման կարևորության մասին: Նախագահը նշել է, որ հպարտությամբ է հետևել Եվրոպայի կանանց առաջ­նությունում գրոսմայստերի յուրաքանչյուր ելույթի և բարձր է գնահատել շախմատիստուհու ստեղծագործական մոտեցումը հինավուրց խաղին:

Այնուհետև հանդիպումը շարունակվել է շախմատային տախտակի շուրջ. պարտիան ավարտվել է բարեկամական ոչ-ոքի:

«Սա մեծ պատիվ է ինձ համար,- նախագահի հետ հանդիպման մասին ասել է Էլինա Դանիելյանը: -Յուրաքանչյուր մարզիկի համար կարևոր է, որ իր երկիրն ուշադրություն է դարձնում իրեն ու իր գրանցած հաջողություններին: Այդ պահին զգում ես, որ այն, ինչ անում էիր տարիների ընթացքում, այն աշխատանքն ու ջանքերը, որոնք գործադրել ես, իզուր չէին: Առանց դրա մեզ դժվար կլինի արդյունքներ ցույց տալ: Սա ոգեշնչում է և ուժ է տալիս հետագա նպատակներին հասնելու համար»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter