HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է «Գիտուժ» նախաձեռնության անդամներին

ԿԳՄՍ հաղորդագրության համաձայն՝ նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է «Գիտուժ» նախաձեռնության անդամներին: Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը և Գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը:

Հանդիպման նպատակն էր քննարկել գիտական էկոհամակարգի ձևավորման ուղղությամբ համագործակցության ուղիները, Կառավարության նոր ծրագրում գիտության դերի բարձրացմանն ուղղված քայլերը, 2022-2024 թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրում գիտական և գիտատեխնիկական գործունեության համար նախատեսված հատկացումների ծավալը:

Նախարար Վահրամ Դումանյանը ողջունել է ներկաներին և կարևորել հանդիպման ձևաչափը: Նախարարը հետաքրքրվել է «Գիտուժ» նախաձեռնության նպատակի, անելիքների և գործունեության մասին: Ըստ նախաձեռնության անդամների՝ իրենց նպատակն է պետության զարգացման ճանապարհը դարձնել գիտությունը, ստեղծել մրցունակ գիտական էկոհամակարգ, զարգացնել այն, խթանել ներդրումային ծրագրերը:

Վահրամ Դումանյանն առանձնակի կարևորել է գիտության զարգացման դերը և նշել, որ պետության նպատակն է հնարավորության սահմաններում հավասար և արդյունավետ բաշխում կատարել բոլոր բնագավառներում: Այս համատեքստում նախարարն ընդգծել է. «Ի թիվս այլ խնդիրների՝ գիտական ոլորտում առաջնային է արդյունքի չափելիության մեխանիզմների մշակումը: Շատ կարևոր է պետական բյուջեի հատկացումները ծառայեցնել հստակ խնդիրների լուծմանը»:

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել ըստ անհրաժեշտության հաջորդիվ ևս կազմակերպել քննարկումներ՝ ի նպաստ Հայաստանում գիտության առաջընթացի և ոլորտում առկա խնդիրների լուծման: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter