HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԺ նախագահն ընդունել է Սլովակիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարի գլխավորած պատվիրակությանը

Սեպտեմբերի 14-ին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Սլովակիայի Հանրապետության արտաքին եւ եվրոպական գործերի նախարար Իվան Կորչոկի գլխավորած պատվիրակությանը:

ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունը տեղեկացնում է՝ ողջունելով հյուրերին՝ ԱԺ նախագահը նշել է, որ Սլովակիան Եվրոպայում Հայաստանի կարեւոր գործընկերներից  է, եւ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս Սլովակիայի հետ բարեկամական հարաբերությունների կայուն զարգացմանը:

Ալեն Սիմոնյանը վերահաստատել է Սլովակիայի հետ բոլոր բնագավառներում համագործակցելու անհրաժեշտությունը: Այս համատեքստում նա առանձնակի շեշտել է Հայաստանում 2020թ.-ին բացված Սլովակիայի դեսպանության գործունեությունը՝ քաղաքական երկխոսության շարունակական ապահովման եւ տարբեր ոլորտներում արդյունավետ համագործակցության ուղղությամբ:

Խորհրդարանի ղեկավարի խոսքով՝ խորհրդարանական դիվանագիտության դերը երկկողմ օրակարգում բավականին ընդգրկուն է, եւ 8-րդ գումարման Ազգային ժողովում շուտով կվերաձեւավորվի Հայաստան-Սլովակիա պատգամավորական բարեկամական խումբը: Ալեն Սիմոնյանը տեղեկացրել է, որ խորհրդարանների միջեւ ակտիվ փոխգործակցությունը պահպանելու եւ խորացնելու նպատակով Սլովակիայի Ազգային խորհրդի նախագահ Բորիս Կոլլարին հրավիրել է պաշտոնական այց կատարել Հայաստանի Հանրապետություն:

Նա բարձր է գնահատել Սլովակիայի Ազգային խորհրդի կողմից «Լեռնային Ղարաբաղում շարունակվող հակամարտության վերաբերյալ» եւ «Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ» բանաձեւերի ընդունումը: ԱԺ նախագահն ընդգծել է, որ այս պահին առաջնային է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց անհապաղ հայրենադարձման հարցը, որի շուրջ Հայաստանն ակնկալում է միջազգային հանրության աջակցությունը:

Սլովակիայի Հանրապետության արտաքին եւ եվրոպական գործերի նախարար Իվան Կորչոկը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ տեղեկացնելով, որ սա իր առաջին այցն է Հայաստան: Նա վերահաստատել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության՝ խաղաղ ճանապարհով լուծումն այլընտրանք չունի:

Անդրադառնալով արտահերթ խորհրդարանական ընտրություններին՝ հյուրը կարեւորել է դրանց արդյունքները՝ համոզմունք հայտնելով, որ վերջիններս վերահաստատում են Հայաստանի կողմից որդեգրված ժողովրդավարության արժեքները:

Կողմերն անդրադարձել են ՀՀ-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում նաեւ Հայաստան-Սլովակիա համագործակցության խորացման հեռանկարներին:

Հանդիպման ավարտին կարծիքներ են փոխանակվել համատեղ օրակարգերի մշակման անհրաժեշտության ուղղությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter