HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Կրկին միավոր բաշխողի դերում

Ավարտվեց ֆուտբոլի աշխարհի 2010 թ. առաջնության ընտրական փուլը: Ինչպես հայտնի է, եվրոպական հավաքականներից առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճեցին ընտրական խմբերում առաջին տեղ զբաղեցրած Դանիայի, Շվեյցարիայի, Սլովակիայի, Գերմանիայի, Իսպանիայի, Անգլիայի, Սերբիայի, Իտալիայի եւ Հոլանդիայի հավաքականները: Չորս ուղեգիր էլ իրար մեջ կվիճարկեն խմբերում երկրորդը դարձած Պորտուգալիա-Բոսնիա, Հունաստան-Ուկրաինա, Ռուսաստան-Սլովենիա, Ֆրանսիա-Իռլանդիա զույգերը:

Հայաստանի հավաքականը, որն Իսպանիայի, Թուրքիայի, Բելգիայի, Բոսնիայի եւ Էստոնիայի թիմերի հետ ընդգրկվել էր եվրոպական գոտու ընտրական հինգերորդ խմբում, զբաղեցրեց խմբի վերջին` վեցերորդ տեղը: Անցկացրած 10 խաղում մեր ընտրանին տարավ 1 հաղթանակ, 1 խաղ էլ ավարտեց ոչ-ոքի` հավաքելով 4 միավոր, խփած եւ բաց թողած գոլերի հարաբերակցությունը` 6:22: Աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների ընտրական փուլերում սա Հայաստանի հավաքականի ցույց տված վատագույն արդյունքն է:

Հիշեցնենք, որ ընտրական խմբերը կազմելիս (2007-ի նոյեմբեր) հավաքականները բաշխվել էին ըստ վեց զամբյուղների` իրենց վարկանիշին համապատասխան: Հայաստանը հայտնվել էր նախավերջին` հինգերորդ զամբյուղում, այսինքն` իր վարկանիշով (մրցաշրջան-2007-ը Հայաստանն ավարտեց ՖԻՖԱ-ի վարկանիշային ցուցակի 93-րդ տեղում, իսկ այս պահին 100-րդն է) ու խաղամակարդակով այդ պահին ամենաթույլերից կամ վերջիններից չէր: Ու իսկապես` պաշտոնական վերջին մրցափուլում` 2008 թ. Եվրոպայի առաջնության ընտրական խաղերում, երջանկահիշատակ Իան Պորտերֆիլդի գլխավորությամբ մեր տղաները զարմացրել էին ֆուտբոլային Եվրոպային` հաղթելով ղազախներին, լեհերին, ոչ-ոքի խաղալով պորտուգալացիների, ապա սերբերի հետ (վերջիններիս հետ հանդիպմանը Պորտերֆիլդն այլեւս չկար, սակայն թիմի լավ խաղը շոտլանդացու ավանդն էր): 2008-ի հենց սկզբից թիմի ղեկը ստանձնեց դանիացի Յան Պոուլսենը: Վերջինիս օրոք էլ թիմը հաջող խաղ ցուցադրեց Կիպրոսի մրցաշարում, ապա ընկերական հանդիպումներում` հաղթելով ղազախներին, ոչ-ոքի խաղալով մոլդովացիների ու այն ժամանակ Եվրոպայի գործող չեմպիոն հույների հետ: Սակայն հենց այստեղ էլ ընդհատվեց Հայաստանի հավաքականի հաջող խաղերի շարքը:

Անբավարար արդյունքներ

Աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների ընտրական փուլերում Հայաստանի հավաքականը երբեք այսքան վատ չէր մեկնարկել: Խաղացանկի` 2008-ին կայացած բոլոր 4 հանդիպումներում մեր թիմը պարտություն կրեց` զիջելով Թուրքիայի, Իսպանիայի, Բելգիայի ու Բոսնիայի հավաքականներին: Չվաստակելով ոչ մի միավոր` հայ ֆուտբոլիստները առաջին 4 խաղում խփեցին միայն 1 գոլ` բաց թողնելով 12-ը: Այնուամենայնիվ, այդքանից հետո էլ դեռ հույս կար, որ մերոնք կկարողանան փոքրիշատե շտկել վիճակը` հաշվի առնելով, որ առջեւում դեռ երկու խաղ ունեին խմբի հետնապահ համարվող էստոնացիների հետ, ապա սեփական դաշտում հանդիպելու էին բոսնիացիներին ու բելգիացիներին:

Մրցաշրջան-2009-ը Հայաստանի հավաքականը սկսեց լատվիացիների հետ ընկերական խաղով, որում գրանցվեց գոլազուրկ ոչ-ոքի: Արդյունքը կարելի էր բավարար համարել, քանզի լատվիացիները բավականին ամուր թիմ ունեն, բացի այդ` մեր ընտրանին համալրվել էր երիտասարդներով: Մեծ էին սպասելիքները Հայաստան-Էստոնիա խաղից: Լավ հնարավորություն կար պոկվել վերջին տեղից ու առաջ անցնել էստոնացիներից: Բայց եղավ հակառակը. մերոնք խաղի ընթացքում հայտնվեցին պարտվողի դերում ու հազիվ կարողացան միավոր կորզել: Գրանցվեց 2:2: Այս արդյունքը չէր կարող բավարարել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային ու առաջին հերթին դրա նախագահին` Ռուբեն Հայրապետյանին: Թիմի գլխավոր մարզիչ Յան Պոուլսենը պաշտոնանկ եղավ, նրան փոխարինեց օգնականը` Վարդան Մինասյանը:

Մինասյանի համար նորություն չէր ազգային թիմը գլխավորելը: Մինչեւ հավաքականի ղեկը ստանձնելը նախկինում նա` որպես գլխավոր մարզչի պաշտոնակատար, մի քանի անգամ թիմը դուրս էր բերել խաղադաշտ: Ճիշտ է` այս անգամ էլ նրա նշանակումը ժամանակավոր բնույթ էր կրում, քանի որ ՀՖՖ նախագահը մտադիր էր գալիք մրցաշրջանից հրավիրել նոր մարզչի եւ կրկին արտասահմանից, ինչպես արել է իր ղեկավարման ամբողջ ընթացքում: Հայրապետյանին մտափոխվել կարող էր ստիպել միայն Մինասյանի թիմի լավ ու արդյունավետ խաղը, ինչը չեղավ: Երիտասարդ մասնագետի հերթական «նորամուտն» անհաջող էր. Էստոնիա-Հայաստան խաղն ավարտվեց 1:0: Դրան հաջորդեցին Մոլդովայի հետ ընկերական (1:4), ապա բոսնիացիների (0:2), բելգիացիների (2:1) եւ իսպանացիների (1:2) հետ պատասխան հանդիպումները Երեւանում: Մրցաշրջանը մեր թիմն ավարտեց Թուրքիայի հետ արտագնա խաղով, որում, ինչպես տանը, զիջեց 0:2 հաշվով:

Հաղթում է թիմը, պարտվում` մարզիչը

Սպորտում հայտնի այս արտահայտությունն, անշուշտ, արդարացի մոտեցում չէ մարզիչների նկատմամբ: Սակայն լինում են դեպքեր, երբ թիմի անբավարար խաղը մեծապես կապված է մարզչի թերի աշխատանքի հետ, մանավանդ երբ ցածր խաղամակարդակն ու արդյունքները շարունակական են:

Յան Պոուլսենի ղեկավարությամբ Հայաստանի հավաքականն անցկացրել է 12 խաղ, այդ թվում` 3 հաղթանակ, 4 ոչ-ոքի, 5 պարտություն, գոլերի տարբերությունը` 9:19: Հատկանշական է, որ պարտություններից չորսը գրանցվել են աշխարհի առաջնության ընտրական փուլում: Դրանք եւ էստոնացիների հետ տնային ոչ-ոքին, ինչպես վերը նշվեց, ճակատագրական եղան դանիացու համար: Փաստ է, որ Պոուլսենի թիմը մրցաշրջան-2008-ի ընկերական խաղերում ցույց է տվել կոլեկտիվ ու ագրեսիվ խաղ, ինչը բերել է լավ արդյունքի, սակայն պաշտոնական մրցումներում` աշխարհի առաջնության ընտրական խաղերում, ամեն ինչ շրջվեց գլխիվայր: Պատճառները, թերեւս, մի քանիսն են:

Պաշտոնական հանդիպումների մեկնարկից (2008-ի սեպտեմբեր) առաջ մեր թիմը վերջին անգամ խաղացել էր հույների դեմ` ամռան սկզբներին: Փաստորեն, դրանից հետո կոլեկտիվը մեկ էլ հավաքվել էր թուրքերի դեմ սեպտեմբերյան խաղից առաջ: Այնինչ օգոստոսին հավաքականները սովորաբար անցկացնում են ընկերական խաղեր` թիմերում առկա բացերը երեւան հանելու եւ օպտիմալ կազմ ընտրելու նպատակով: Եռամսյա «պարապուրդից» հետո հավաքականը Երեւանում մրցեց թուրքերի հետ:

Պատմական առաջին (ազգային թիմերի մակարդակով) հայ-թուրքական ֆուտբոլային հանդիպումից առաջ շիկացած մթնոլորտը, մեծ պատասխանատվության զգացումը երկրպագուների առաջ, սեփական դաշտում ամեն գնով չպարտվելու ցանկությունը «վառեցին» հայ ֆուտբոլիստներին, որոնք պարտվեցին 0:2 հաշվով: Անշուշտ, մերոնք թուրքերին զիջեցին նաեւ մարզական որակներով: Պարտությունը պատմական հակառակորդից երկրորդ` արդեն հոգեբանական հարվածն էր մեր տղաներին, որոնց մարզական մանդրաժը տրամաբանորեն շարունակվեց Իսպանիա-Հայաստան խաղում` 4:0: Հարկ է նշել նաեւ «Եվրո-2008»-ում առաջինը եւ երրորդը ճանաչված իսպանացիների ու թուրքերի բաձր կարգը, ինչն իր հոգեբանական ազդեցությունը թողեց հայ ֆուտբոլիստների վրա: Մերոնց խաղացանկն էլ բավականին անդուր էր` Թուրքիայի հետ պատասխանատու խաղից հետո միանգամից երեք արտագնա հանդիպում ուժեղ մրցակիցների հետ` Իսպանիա, Բելգիա, Բոսնիա: Արդյունքում` 4 պարտություն:

Հայ մարզիկների անհաջողության պատճառներից մեկը հոգեբանությունն է: Փորձը ցույց է տվել, որ մեկ-երկու լավ խաղ անցկացնելուց հետո մերոնք դառնում են ինքնավստահ, համարձակ, ավելի ագրեսիվ, մարզական չարությամբ են լցվում: Իսկ սրան հասնելու ու նման որակները պահպանելու համար լավ մարզիչ-հոգեբան է պետք: Միխայ Ստոյկիցայի եւ Յան Պորտերֆիլդի օրոք թիմը «ամուր ընկույզի» կամ, կարելի է նույնիսկ ասել, «հեղինակությունների սարսափի» համբավ ուներ, որովհետեւ ֆուտբոլիստները խաղում էին համախմբված, արագ ու ագրեսիվ, պայքարում ամեն գնդակի համար:

Ստոյկիցան այն ժամանակ խոստովանել էր, որ ինքը տղաների հետ հիմնականում հոգեբանական աշխատանք է տանում, տրամադրում է պայքարի, այդպիսին էր նաեւ Պորտերֆիլդը: Իսկ հիմա՞գ Ըստ էության` վերոնշյալ չորս խաղերից առաջ ու հետո Պոուլսենն անհրաժեշտ հոգեբանական աշխատանք չկատարեց, ինչն էլ իր դերը խաղաց: Ամեն դեպքում, դանիացու պաշտոնանկությունը, թերեւս, վաղ կատարվեց. կարելի էր սպասել Էստոնիա-Հայաստան պատասխան խաղի արդյունքին (հիշենք, որ Պորտերֆիլդի օրոք էլ մեր թիմն ուշ ընկավ հունի մեջ` միայն վեցերորդ խաղում, երբ արտագնա մրցավեճում հաղթեց ղազախներին ու ինքնավստահություն ձեռք բերեց): Բացի այդ` գլխավոր մարզչի հեռացումը գալիք խաղից օրեր առաջ իր բացասական հոգեբանական հետեւանքներն է թողնում կոլեկտիվի վրա, ինչն, ամենայն հավանականությամբ, եղավ նաեւ մեր ազգային թիմում:

Պոուլսենին փոխարինած Վարդան Մինասյանի գլխավորած ընտրանին արտագնա խաղում նվազագույն հաշվով զիջեց էստոնացիներին, ինչը բավականին ցավալի էր` հաշվի առնելով, որ խմբում մերոնց համար ամենահեշտ մրցակիցը հենց նրանք էին: Էստոնացիները մեծացրին հայերի ու իրենց միավորների միջեւ տարբերությունն ու այդպիսով խմբի հետնապահի իրավունքները մինչեւ ընտրական փուլի ավարտը «հանձնեցին» մերոնց:

Հերթական հանդիպումը Հայաստանի հավաքականն անցկացրեց միայն չորս ամիս անց` Երեւանում ընդունելով մոլդովացիներին: 1:4 հաշվով ավարտված խաղը լավ դաս էր հայկական կոլեկտիվի համար: Այդ խաղն ամբողջությամբ ցույց տվեց վերջինիս թերությունները: Թերեւս Էստոնիայի հետ ոչ-ոքին այնքան զայրացուցիչ չէր ֆուտբոլասերների համար, որքան Մոլդովայի հետ անկազմակերպ, ինչու չէ` թափթփված խաղը, երբ հայ ֆուտբոլիստները երկու անգամ «հաջողացրին» չիրացնել 11 մ հարվածները, փոխարենը բաց թողեցին տարբեր հեռավորություններից ու դիրքերից խփված չորս գնդակ:

Տպավորությունն այնպիսին էր, կարծես հյուրերը ուզածի պես բզկտում էին անզոր վիճակում հայտնված մերոնց պաշտպանությունը: Արդարացում չէ այն, որ դա ընկերական խաղ էր եւ նախապատրաստություն պաշտոնական հանդիպումներին: Հավաքականի ցույց տված բոլոր արդյունքներն էլ ազդում են թիմի վարկանիշի վրա, ինչը հետագայում դեր է խաղում ընտրական խմբերի կազմման, ասել է թե` մրցակիցների բաշխման հարցում: Ու ամենակարեւորը` երկրպագուները, որոնք ամեն անգամ լավատեսական տրամադրություններով ներկայանում են խաղին, բայց հիասթափված ու զայրացած լքում տրիբունաները:

Հիշենք Հայաստան-Բոսնիա (0:2) հանդիպումն ու մարզասերների պաստառները` «Հերիք է մեզ խայտառակեք», «821 օր առանց հաղթանակի» գրություններով, սպիտակ թաշկինակներն ու «Ամոթ, ամոթ», «Ֆուտբոլ ենք ուզում», «Մինասյան, հեռացիր», «Հայրապետյան, հեռացիր» վանկարկումները: Ֆուտբոլասերներին մեղադրել, ասել, թե ազգային հավաքականից երես թեքեցին, չսատարեցին մինչեւ վերջ եւ նման բաներ, արդար չէ: Ազգային հավաքականը ազգ է ներկայացնում, ու խաղացողներից յուրաքանչյուրը պիտի դա լավագույնս գիտակցի: Նույնիսկ պարտվելիս պետք է արժանապատվորեն զիջել մրցակցին, որպեսզի երկրպագուն ծափահարի սուլելու փոխարեն (օր.` Հայաստան-Ֆրանսիա` 2:3, Ուկրաինա-Հայաստան` 4:3 խաղերը): Ոչ ոք հայ ֆուտբոլիստներից անկարելին չի պահանջել, այն նույն ֆուտբոլիստներից, որոնք լեհերին, պորտուգալացիներին, սերբերին ժամանակին ստիպեցին ակնածանքով վերաբերվել իրենց: Մարզասերների բողոքի ակցիան կարծես իր բարենպաստ ազդեցությունն ունեցավ: Ինքնասիրությունը վիրավորված թիմը համարձակություն, նախաձեռնողականություն դրսեւորեց ու անմիջապես հասավ արդյունքի` Երեւանում 2:1 հաշվով հաղթեց բելգիացիներին: Իսպանացիների հետ խաղում հայ ֆուտբոլիստները հերթական անգամ ցույց տվեցին, որ իրենք, ինչպես ասում են, տրամադրության թիմ են. նախորդ հաղթանակից ոգեւորված` տղաները մեծ նվիրումով խաղացին Եվրոպայի չեմպիոն աստղերի դեմ ու, պարտվելով հանդերձ, կարողացան հավասարեցնել հաշիվը, սակայն հետո զիջեցին 11 մետրանոցի պատճառով` 1:2:

Վերջին` Թուրքիայի հետ պատասխան խաղում էլ մերոնք զիջեցին 0:2 հաշվով, բայց այստեղ հատկանշական է ոչ թե հաշիվը, այլ մեր ընտրանու խաղի բավականին ցածր որակը: Ֆիզիկական պատրաստության հետ մեկտեղ մերոնք, թերեւս, զիջեցին նաեւ հոգեբանական պայքարում, ինչպես որ եղել էր Երեւանում: Կրկին զգալ տվեցին պատասխանատվության զգացման, հնարավոր պարտության դեպքում սպասվող քննադատության ճնշումն ու լարվածությունը: Նմանատիպ կաշկանդվածությունը նկատելի է եղել տարբեր տարիքի մեր հավաքականների ու ակումբների` Թուրքիայի ու Ադրբեջանի թիմերի հետ գրեթե բոլոր հանդիպումներում, ինչի արդյունքն այն է, որ մերոնք գերազանցապես զիջել են մրցակիցներին:

Եվ այսպես` Հայաստանի ազգային ընտրանին անշուք խաղով վերջակետ դրեց իր անցկացրած նույնքան անշուք շրջափուլին, որը հերթական անգամ ի հայտ բերեց թիմի ու գլխավորապես հայկական ֆուտբոլի խնդիրները, քանզի ազգային հավաքականի մակարդակը մեծ հաշվով ուղիղ համեմատական է տվյալ երկրի ֆուտբոլի մակարդակին:

Այդ խնդիրներից մեկն, անշուշտ, հավաքականի մարզչի հարցն է: Ճշմարտությունն այն է, որ Վարդան Մինասյանն իր փորձով դեռեւս չի համապատասխանում ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնին: Այդ տեղը պիտի զբաղեցնի հարուստ դաստիարակչական ու մասնագիտական փորձով մարզիչ, որը լինի լավ հոգեբան, ստրատեգ, ուսուցիչ, ղեկավար-կազմակերպիչ, ֆուտբոլի գիտակ ու խիստ, պահանջկոտ մասնագետ: Հայ մարզիչների մեջ այդպիսին այսօր, ցավոք, չի նկատվում: Ու քանի այդպես է, պետք է դրսից հրավիրել Ստոյկիցայի ու Պորտերֆիլդի պես մասնագետների, ինչը շատ լավ գիտակցում է նաեւ ՀՖՖ նախագահ Ռ. Հայրապետյանը:

Հին ու նոր խնդիրներ հավաքականում

Եթե որակյալ մարզիչ ընտրելը ֆուտբոլի ֆեդերացիայի խնդիրն է, ապա հավաքականի անդամների ընտրությունն ու նրանց հետ տարվելիք բազմակողմանի աշխատանքը մարզիչների գործն է: Ընտրական փուլը ցույց տվեց մեր թիմի թերությունները, որոնցից ոմանք առկա են վաղուց եւ արդեն խրոնիկական «հիվանդություն» են դարձել:

Նկատելի է, որ մերոնք երբեմն չարաշահում են առաջ քաշված հարձակվողի վրա օդային երկար փոխանցումներով խաղը: Այսպես` փորձը ցույց տվեց, որ Հովհաննես Գոհարյանը, լինելով արագավազ, բայց ցածրահասակ, էֆեկտիվ չէր նման պարագայում, քանի որ նրա դեմ խաղում էին ոչ պակաս արագավազ ու նաեւ մի քանի գլուխ բարձրահասակ պաշտպաններ` ի դեմս բոսնիացիների, բելգիացիների: Նույնը վերաբերում է Եղիա Յավրույանին, որի արագությունը ցածր է:

Հայ ֆուտբոլիստների միակ հակախաղը աթլետիկ եվրոպացիների դեմ արագ, կարճ ու միջին փոխանցումներով հագեցած, կոմբինացիոն խաղն է: Հիշատակելի է բոսնիացիների հետ երեւանյան խաղը, երբ հյուրերը երեք-չորս փոխանցումով հայտնվում էին մեր դաշտում, իսկ մերոնք երկար խաղարկում էին գնդակը պաշտպանությունում` հնարավորություն տալով հակառակորդին ամրացնել թիկունքն ու դիմել պրեսինգի: Այնինչ անհրաժեշտ է խաղալ արագ, մեկ հպումով փոխանցումներով, հաշվենկատորեն տեղաշարժվել դաշտում առանց գնդակի: Այս վերջին հանգամանքը ֆուտբոլում հաջողության առաջնային գործոններից է:

Բարձրակարգ ֆուտբոլիստների խաղին հետեւելիս կարելի է տեսնել, թե ինչ տեղաշարժեր են կատարում դաշտում. միշտ շարժման մեջ են, ընտրում են ազատ տարածություններ փոխանցումներ ստանալու համար, ժամանակին փոխօգնության են հասնում թիմակցին: Իսկ ահա մերոնց խաղում հաճախ բացակայում է փոխօգնությունը, օրինակ, մրցակցի անկյունային դրոշակի մոտ հայտնված ընկերոջ նկատմամբ, ինչի արդյունքը եզրերից արված անհույս ու աննպատակ փոխանցումներն են դեպի մրցակցի տուգանային հրապարակ, որոնք հասցեատեր չունեն, քանզի կենտրոնում չկա գրոհը եզրափակելու պատրաստ ագրեսիվ մեկը: Անհաշվենկատ տեղաշարժերի արդյունք է նաեւ փոխանցումների մեծ խոտանը, որը վերջերս սկսել է մեծ տոկոս կազմել մերոնց խաղում:

Մեկ այլ «հիվանդություն» է ֆուտբոլիստների սառնասրտությունը, երբ մրցակցի դարպասապահի դեմ մեն-մենակ հայտնվելուց խառնվում են, շփոթվում, կարծես ժամանակից շուտ հավատում հաջողությանը ու արդյունքում սխալ հարված կատարում: Հիշենք, երբ Հայաստան-Բելգիա խաղում նման առիթը կորցրեց Արման Քարամյանը, նախկինում էլ Արա Հակոբյանն էր այդպիսի նպաստավոր իրավիճակներում վարանում (Ֆինլանդիա-Հայաստան, Չեխիա-Հայաստան): Հատկանշական է, որ մեր ներքին առաջնությունում ֆուտբոլիստները գոլեր են խփում շատ ավելի բարդ իրադրություններում: Բնականաբար, սա հոգեբանական արգելք է, որը մեր հավաքականի հարձակվողները պարտավոր են հաղթահարել:

Մտահոգության տեղիք է տալիս ազգային թիմի անդամների գաղափարական պատրաստվածությունը: Նախանձով կնայես, թե թուրքերը կամ թեկուզ եվրոպացիները ինչպես են կատարում իրենց երկրի հիմնը խաղից առաջ: Զգացվում է, որ Ֆեդերացիան ու մարզիչներն այս ուղղությամբ աշխատանք են տարել. թիմի բոլոր անդամներն էլ լավագույնս գիտակցում են, որ մի ամբողջ երկիր ու ազգ են ներկայացնում, դրա համար էլ կռիվ են տալիս, պայքարում են ամեն մի խաղային դրվագում: Իհարկե, հայ երկրպագուներն էլ աչքի չեն ընկնում օրհներգը կատարելիս, այնինչ հակառակ պարագայում նրանք իրենց օրինակով միգուցե ոգեւորեին ու թերեւս ստիպեին ֆուտբոլիստներին նույնպիսի նվիրումով երգել հիմնը:

Հայ ֆուտբոլիստները շարունակում են մրցակիցներին զիջել ֆիզիկական պատրաստվածությամբ: Դա ցայտուն երեւում է հատկապես ուժեղ ու արագ մրցակիցների հետ հանդիպումների խաղավերջում, երբ մերոնք, նկատվում է, չեն դիմանում ծանրաբեռնվածությանը: Դրա հետեւանքը խաղի վերջին րոպեներին բաց թողած գոլերն են, ինչը հին «հիվանդություն» է: Սակայն պետք է նշել, որ դա ոչ թե հավաքականի, այլ առաջին հերթին հայկական թիմերի խնդիրն է, քանի որ ֆուտբոլիստները ֆիզիկապես պատրաստվում են իրենց ակումբներում, իսկ հավաքական ներկայանալուց հետո մարզիչը նրանց հետ աշխատում է առավելապես մարտավարական ու հոգեբանական խնդիրների վրա: Հետեւաբար, հայ մարզիկների վատ ֆիզիկական վիճակի գլխավոր պատճառը ակումբների մարզումային գործընթացում, ֆուտբոլիստների վերականգնման, բուժման աշխատանքներում, թիմերի ենթակառուցվածքների մյուս ոլորտներում առկա թերություններն են. իզուր չեն ասում, որ ֆուտբոլում մանրուքներ չեն լինում:

Բայց ահա հայկական ֆուտբոլի ամենամեծ բացն այն է, որ չունենք ուժեղ ներքին առաջնություն: Հայաստանի բարձրագույն եւ առաջին խմբի առաջնություններում մարզերը ներկայացնող ընդամենը երեք ակումբ կա` Գյումրիի «Շիրակը», Կապանի «Գանձասարը», Դիլիջանի «Իմպուլսը»: Փաստորեն, կարելի է ասել, դրանք երեւանյան առաջնություններ են: Այնինչ ֆուտբոլի մասսայականությունն ապահովում է մրցունակ ներքին առաջնություն, որակյալ կադրերի քանակ, որոնք էլ ուժեղ ազգային հավաքականի հիմքն են:

Արտասահմանից ծագումով հայ ֆուտբոլիստներին հավաքական հրավիրելը պետք է պարզապես խթան լինի ազգային թիմն առավել ուժեղացնելու համար, իսկ գլխավոր հույսը պիտի լինեն տեղի կադրերը, որոնք կարող են աճել մանկապատանեկան ֆուտբոլի վրա հիմնված բավարար որակի ու քանակի ենթակառուցվածքների առկայության պայմաններում (ենթակառուցվածքների հարցը կլուծվի, եթե լինի ամենակարեւորը` ֆինանսը: Ֆուտբոլը թանկ մարզաձեւ է, ու մի քանի գործարարի ներդրումներով հնարավոր չէ լուրջ հաջողություններ ակնկալել, անհրաժեշտ է պետական մոտեցում ու աջակցություն, ինչը տարածված պրակտիկա է ու նաեւ` արդյունավետ): Միջին առաջնություն ունեցող Բոսնիան իր խաղով ապացուցեց, որ կարելի է ունենալ ուժեղ ընտրանի: Սակայն դա այն դեպքում, երբ հավաքականի անդամները խաղում են արտասահմանյան բարձրակարգ առաջնություններում: Ստացվում է, որ մենք դեռ շատ անելիքներ ունենք թե ներքին, թե արտաքին «ճակատներում»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter