HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Զինվորը փորձում է համատեղել ծառայությունն ու արվեստը

«Քաղաքացիական կյանքում փորձում էի իմ մեջ իմաստավորել ծառայության դերը, ավելի շատ ձգտում էի լավ բաներ գտնել, սակայն իրականությունը տեսնելուց հետո մի քիչ հիասթափվեցի,- ասում է 23-ամյա նկարիչ Արամազդ Հովակիմյանը, ով այժմ ծառայում է ԼՂՀ Պաշտպանության բանակում, ապա հավելում,- բայց երեւի ճիշտն էլ հենց սա է, երեւի այսպես էլ պիտի լիներգ Մյուս կողմից, սակայն, բանակում մարդու արժեհամակարգը փոխվում է դեպի լավը: Ես ինքս նկատել եմ դա: Եթե մարդը մի քիչ գիտակից լինի, կտեսնի, որ բանակն ահագին բան է տալիս: Իրականում մարդու տեսած վատն էլ է նպաստում, որ նա լավը սովորի, եթե, իհարկե, ունակ է դրան: Ինքդ քեզ վրա զգում ես, որ եթե քաղաքացիական կյանքում որոշ բաներ չես գնահատել, անուշադիր ես եղել դրանց նկատմամբ, բանակում արդեն դրանք աչքիդ երեւում են, այլ կերպ ես ընկալում այդ ամենը: Օրինակ բերեմ թեկուզ հենց շրջապատիդ մարդկանց, որոնց այն ժամանակ այդպես ու այդքան չես արժեւորել, հիմա սկսում ես կարոտել, ավելի ես գնահատում: Մտքեր են առաջանում, թե ոնց կարելի է այսուհետ վերաբերվել ծնողներին, հարազատներին կամ քո շրջապատին: Բանակն օգնում է ինքնակայացմանը, հաստատմանը, բայց կարեւոր բաներ էլ բթացնում է մարդու մեջ: Մարդիկ կան, որ այդ ամենին չեն դիմանում ու կոտրվում են, հետագա կյանքում էլ այդ բացասական հետքը երեւում է: Դրանից խուսափելու համար մարդը պիտի հոգեպես պատրաստված լինի»:

Արամազդը ծնվել է արվեստագետների ընտանիքում. հայրը` Մուրադ Հովակիմյանը, նկարիչ-քանդակագործ է, մայրը` ջութակահար: Հովակիմյանների չորս որդիների մեջ էլ փոքրուց եղել է սերը դեպի արվեստը, չորսն էլ մանկուց սիրել են նկարել: Արդյունքում` ավագը դարձել է ճարտարապետ, երկրորդը` Արամազդը, նկարիչ: «Ինձ ամենից շատ հոգեհարազատ է գունանկարը, գույների աշխարհը, որովհետեւ գույնով շատ ավելին կարող ես ասել, ցույց տալ»,- ասում է Արամազդը: Վերջինս նկարչության նկատմամբ հակում է ցուցաբերել դեռ 3 տարեկանից: 8-րդ դասարանն ավարտելուց հետո ընդունվել է Փ. Թերլեմեզյանի անվան ուսումնարան, իսկ երկու տարուց ուսումը շարունակել է Գեղարվեստի պետական ակադեմիայում` գեղանկարչության բաժնում:

Պատմում է, որ տարբեր ժամանակահատվածներում զբաղվել է կերպարվեստի տարբեր ուղղություններով, ինչին նպաստել է քանդակագործ հոր եւ երաժիշտ մոր ձեւավորած ընտանեկան մթնոլորտը. «Փոքրուց սիրել եմ քանդակել, անտարբեր չեմ եղել նաեւ հաստոցային գրաֆիկայի, խեցեգործության նկատմամբ, ամեն ինչից փոքր չափով ուսումնասիրել եմ: Գործերս այնքան շատ են, որ տեղ էլ չկա` կուրսային աշխատանքներ, ցուցահանդեսների ներկայացված թեմատիկ կոմպոզիցիաներգ Վերջին նկարս, որ տանը կախվեց, դիպլոմային աշխատանքս էր` Սարդարապատի ճակատամարտի թեմայով»,- պատմում է Արամազդը:

Ակադեմիայում ուսանելու տարիներին Արամազդը մասնակցել է մի շարք ցուցահանդեսների: Ասում է, որ իրեն հոգեհարազատ է հատկապես պատմական թեման, սիրում է էպոսների, լեգենդների, առասպելների սյուժեները, դրանց ոճավորված կոմպոզիցիաները: Գեղանկարչության համաշխարհային վարպետներից Արամազդը նախապատվությունը տալիս է իմպրեսիոնիստների` Մանեի, Սեզանի, Գոգենի գործերին, իսկ հայ նկարիչներից` Կոջոյանին, Խանջյանին, Սուրենյանցին, սակայն ավելացնում. «Բոլորից էլ փորձում եմ սովորել, բայց ոչ մեկին չեմ ձգտում նմանվել»: Առասպելական ու էպիկական կերպարները Արամազդին դուր են գալիս ոչ միայն կերպարվեստում, այլեւ գրականության մեջ, որում նույնպես փորձեր է արել ուսանողական տարիներին, գրել է մի քանի պատմվածք ֆանտաստիկ թեմաներով, որոնցից մեկն, օրինակ, կոչվում է «Զրույց հայելու հետ»: Արամազդը մի որոշ ժամանակ նաեւ կիթառ է նվագել:

«Ծառայությունն ու արվեստը համատեղվում են,- նշում է հինգ ամսվա զինվորը,- եւ՛ սպաները, եւ՛ զինվորները արվեստին տեղ տալիս են, հարգանքը կա: Ես գոհ եմ, որ այդպես է: Ճիշտն ասած` մինչեւ զորակոչվելը հույս չունեի, որ բանակում արվեստին այս չափով տեղ կտրվի»: Իսկ ամեն ինչ սկսվեց նրանից, որ մի անգամ Արամազդը նկարեց ծառայակից տղաներից մեկի` Սամվելի դիմանկարը: Դրանից հետո, ինչպես ինքն է կատակով խոստովանում, սկսվեց հերթը: Բացելով Արամազդի թղթապանակը` կտեսնես տարբեր տարիքի ու սեռի մարդկանց լուսանկարներ, դրանց կողքին` նկարչի արտանկարները. զինվոր տղաներն են խնդրել թղթին փոխանցել իրենց հարազատների ու սիրելիների պատկերները, որոնք հետո որպես նվեր ուղարկելու են տուն: Կարելի է տեսնել նաեւ աստվածաշնչյան թեմաներով գունանկարներ ու քանդակներ, որոնք նույնպես «պատվերներ» են: Խաչված Հիսուսի ու ողբացող Աստվածածնի նկարի գույները Արամազդը ստացել է յոդի ու ադամանդե կանաչի լուծույթներից:

«Հենց թեկուզ բանակում ցուցահանդես կազմակերպելու ցանկություն ունեմ,- խոստովանում է նկարիչ-զինվորը,- միտք ունեմ նման առաջարկ ներկայացնել մեր սպաներին, որովհետեւ դա ոչ միայն իմ, այլեւ մեր զորամասի ու բանակի պատիվն է: Դրանով եւս մեկ անգամ կապացուցվի, որ արվեստագետին բանակում հնարավորություն են տալիս դրսեւորվել, չեն սպանում նրա մեջ եղածը»:

Իր իսկ խոսքերով` իրականությունն ընկալելիս փորձում է հասկանալ տվյալ իրավիճակի կամ դեպքի պատճառները, հիմքերը, պարզել հետագա ընթացքը, մի խոսքով` տեսնել ու ընդունել կյանքն այնպես, ինչպես որ այն կա: «Եթե փորձում ես իրականությունն այսպես տեսնել, կարծում եմ, կյանքում առկա դժվարություններն ավելի հեշտ է հաղթահարելը»,- ասում է 23-ամյա երիտասարդը: Խոստովանում է, որ մինչեւ զորակոչվելը բանակի մասին իր պատկերացումները լրիվ այլ էին:

Լուս.՝ Արմեն Երամիշյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter