HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ըստ դատախազության՝ պահեստազորայիններն իրազեկվում են հանցավոր վարքագծի քրեաիրավական հետևանքների մասին

ՀՀ զինվորական դատախազությունը հայտնում է, որ եռամսյա հավաքների ընթացքում ստացվել են հավաքների մասնակից պահեստազորային ընդամենը 6 անձի կողմից առերևույթ ծառայողական պարտականությունների չկատարման հետ կապված խախտումների մասին տվյալներ: Դրանց կապակցությամբ նախապատրաստված նյութերից 2-ով վարույթն իրականացնող մարմնի կողմից կայացվել են հանցադեպի բացակայության հիմքով քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումներ, իսկ մեկով ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է մեկ քրեական գործ՝ մեկ անձի վերաբերյալ: Երեք դեպքով նյութերի նախապատրաստումը շարունակվում է: 

ՀՀ զինվորական դատախազությունը, կանխարգելիչ և իրազեկման նկատառումներից ելնելով, հարկ է համարում տեղեկացնել, որ զորահավաքային զինվորական ծառայությունը, համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի, զինվորական ծառայության տեսակներից է, և զորահավաքի միջոցով տվյալ դեպքում եռամսյա վարժական հավաքների համար զորակոչված անձանց համար սահմանված են նույն իրավունքները, պարտականությունները, ինչպես նաև քրեաիրավական պատասխանատվության միջոցները, որոնք նախատեսված են նաև հիմնական զինվորական ծառայողների համար:

Ըստ այդմ՝ զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելու, ծառայության չներկայանալու, հավաքի մասնակիցների կողմից զինվորական ծառայությունից կամ դրա առանձին պարտականությունները կատարելուց հրաժարվելու յուրաքանչյուր դեպք արժանանալու է քրեաիրավական գնահատականի:

Եռամսյա հավաքների շրջանակներում ՀՀ զինվորական դատախազության դատախազները հանդիպումներ են անցկացնում զորակոչված բոլոր պահեստազորայինների հետ՝ նրանց իրազեկելով իրենց կարգավիճակից բխող իրավունքների և պարտականությունների, հնարավոր հանցավոր բնույթի վարքագծի, դրանց քրեաիրավական հետևանքների մասին, պատասխանում նրանց հետաքրքրող հարցերին:  

Հիշեցնենք, որ նախօրեին ըստ պաշտպանության նախարարության նախնական տվյալների՝ մարտական ծառայության կազմակերպման կանոնների խախտման հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել պահեստազորի սերժանտ, 1978թ. ծնված Մկրտիչ Սերյոժայի Հովակիմյանը: Ավելի ուշ, քննչական կոմիտեն հայտնեց, որ դեպքի հետևանքով կա նաև վիրավոր զինծառայող։ Հարուցված քրեական գործի շրջանակում ձերբակալվել է ծառայակիցը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter