HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Փաշինյան. «Գորիս-Կապան ճանապարհի խնդրո առարկա կետերը գտնվում են ՀՀ-ի և Սովետական Հայաստանի տարածքից դուրս»

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ ադրբեջանական տեղանուններ է կիրառել, որպեսզի հայ հանրության համար պարզ լինի, որ խնդրո առարկա տարածքները ՀՀ-ի պետական սահմանից դուրս են:

Այս մասին վարչապետ Փաշինյանը հայտնեց ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանին` արձագանքելով ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանի հարցին: Վերջինս հետաքրքրվել էր Որոտան համայնքի մոտ տեղակայված ադրբեջանական ոստիկանական անցակետի մասին: Հիշեցնենք, որ Հայաստանի ԱԱԾ-ն հայտնել էր, թե ադրբեջանցի ոստիկանները իրանցի վարորդների փաստաթղթերն են ստուգում:

«2020-ի դեկտեմբերին մենք իրականացրել ենք ՀՀ զինված ուժերի դիրքերը Խորհրդային Միությունից ժառանգած սահմանների հետ համապատասխանեցնելու գործընթաց, և այդ գործընթացն իրականացվել է ռազմական նոր էսկալացիայից խուսափելու համար»,- ասաց Կառավարության ղեկավարը:

Փաշինյանը կրկին հիշեցրեց 2010-ին խորհրդարանի ընդունած «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքը: Ըստ նրա` վերոնշյալ իրողությունն ու Խորհրդային Հայաստանից ժառանգած սահմաններն են ընդունվել որպես հիմք:

«Այդ հատվածներում Գորիս-Կապան ավտոճանապարհը երկու տեղ դուրս է գալիս Խորհրդային Հայաստանի վարչական սահմանից, և նաև այս հանգամանքի բերումով է, որ ժամանակին ձեզ հայտնի տեղերում հայտնվեցին մեզ հայտնի ցուցանակները և հենակետերը: 2020-ի դեկտեմբերին պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ այդ ճանապարհը անարգել կերպով պետք է օգտագործվի ՀՀ տրանսպորտային միջոցների և բեռների տարանցման համար: Ենթադրում եմ, քանի որ այդ պայմանավորվածության մեջ չի ֆիքսվել օտարերկրյա բեռների հանգամանքը, տվյալ իրավիճակում Ադրբեջանը կիրառում է այդ միջոցը` թերևս ի պատասխան մեր այն հայտարարությունների, թե եռակողմ հայտարարության մեջ հիշատակված չէ ՀՀ տարածքով միջանցք տրամադրելու վերաբերյալ դրույթ»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետն անդրադարձավ նաև այն քննադատություններին, որ Կառավարության նիստում նշել է Էյվազլի և Չայզամի ադրբեջանական տեղանունները:

«Դա արվում է մի պարզ պատճառով, որ ՀՀ քաղաքացիների համար պարզ լինի, որ խնդրո առարկա կետերը գտնվում են ոչ թե ՀՀ-ի կամ Սովետական Հայաստանի տարածքում, այլ այդ տարածքից դուրս, որը ՀՀ-ն դե յուրե ընդունել է վարչատարածքային բաժանման մասին օրենքով»,- ասաց նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter