HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Սաուդյան Արաբիայում հայտնաբերված կենդանիների ժայռաքանդակները ճանաչվել են ամենահինն աշխարհում

Սաուդյան Արաբիայում դեռ 2018 թվականին հայտնաբերված ուղտերի ժայռաքանդակները հայտարարվել են մինչ օրս հայտնաբերված կենդանիների ամենահին ժայռաքանդակները։ Այդ մասին հայտնում է BBC-ն։ Ամբողջական ժայռի վրա քանդակված ուղտերը հնագետները ավելի վաղ թվագրում էին մեր դարաշրջանի սկզբին։

Վերջին հետազոտության համաձայն՝ դրանք հայտնվել են 7-8 հազար տարի առաջ, որը նրանց դարձնում է կենդանիների գիտությանը հայտնի ամենահին ժայռաքանդակները։ Դրանք ավելի հին են, քան Սթոունհենջը (4,5-5 հազար տարի) և Գիզայի բուրգերը (4,5 հազար տարի)։ Նախորդ գնահատման հիմքում դրված էր ուղտերի արձանների նմանությունը Հորդանանի հանրահայտ Պետրա քաղաքի համանման պատկերներին։

Քարակերտ քանդակների թվագրումը բարդ խնդիր է։ Ի տարբերություն ժայռապատկերների, դրանք չեն պարունակում օրգանական մնացորդներ, որոնց տարիքը բավականին հեշտ է որոշել։ 

Սաուդ թագավորի համալսարանի, գերմանական Մաքս Պլանկի անվան ինստիտուտի և Ֆրանսիայի գիտական հետազոտությունների ազգային կենտրոնի հետազոտողները կիրառել են մեթոդների մի ողջ հավաքածու. գործիքների հետքերի վերլուծություն, հողմահարման և էրոզիայի գործընթացների մոդելավորում և այլն։

Բացի այդ, հնագետները ժայռաքանդակների մոտ իրականացրել են պեղումներ և հայտնաբերել աշխատանքային քարե գործիքներ և կենդանիների ոսկորներ, որոնք հնարավոր են եղել թվագրել ռադիոածխածնային մեթոդով։

Հետազոտության արդյունքները հրապարակվել են ամերիկյան Journal of Archaelogical Science ակադեմիական ամսագրում։ «Հիմա մենք կարող ենք Ուղտերի կայանատեղին կապել նախապատմական ժամանակաշրջանի հետ, երբ Հյուսիսային Արաբիայի անասնապահական բնակչությունը ստեղծում էր ժայռապատկերներ և կառուցում քարե մեծ կառույցներ, որոնք կոչվում էին մուստատիլներ։ Այդպիսով, Ուղտերի կայանատեղին համարվում է մարդկային խմբերի փոխգործակցության առավել լայն սխեմայի մաս, որոնք միասին հավաքվում էին խորհրդանշական վայրերում, որպեսզի ստեղծեին հուշարձաններ»,- գրում են հետազոտության հեղինակները։ 

Ուղտերի կայանատեղի անունը կրող համալիրը ներառում է տարբեր կենդանիների նատուրալիստական 21 պատկերներ, այդ թվում` ժայռերի վրա քանդակված ուղտերի երեք հսկա արձաններ։ Համալիրի նպատակը հստակ հայտնի չէ։ Գիտնականները ենթադրում են, որ այն երկար ժամանակ ծառայել է քոչվոր ցեղերի հանդիպման վայր։ 

Արձանները գետնից բավականին բարձր են, ինչից ելնելով գիտնականները կարծում են, որ Ուղտերի կայանատեղին մեծ խմբերի ձեռքի գործ է։ 

Հետազոտական խմբի մեջ մտնող մասնագետների կարծիքով՝ յուրաքանչյուր ժայռաքանդակի ստեղծման համար պահանջվել է մոտ 15 օր։ Հետաքրքրականն այն է, որ ժայռաքանդակները ստեղծվել են մինչ ուղտերի ընտելացումը, ինչը հզոր խթան է հանդիսացել Արաբական թերակղզում քաղաքակրթության զարգացման համար։ Այդ ժամանակ Սաուդյան Արաբիայի ներկայիս տարածքը անապատ չէր, այլ՝ բազմաթիվ լճերով կանաչ սավաննա։

Լուսանկարը՝ alriyadh.com-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter