
Խանջյանում 1000 տոննա խաղող մնացել է վազի վրա
15 տարի առաջ, Վարազդատ Հակոբյանը, լսելով պաշտոնյաների հորդորները, 1 հա խաղողի այգի է հիմնել: Այս տարի ակնկալում է ստանալ մոտ 25 տոննա բերք, սակայն չգիտի, թե ինչպես է իրացնելու: Վաղ առավոտից Հակոբյանների ընտանիքը այգում էր: Այսօր նրանց խաղողի հանձնման օրն է, նույնիսկ վճարովի հիմունքներով աշխատուժ էին բերել, որ կարողանան գործարանի մթերման քանակն ապահովել:
71-ամյա Վարազդատ Հակոբյանը միայն 6.5 տոննա խաղող մթերելու պայմանագիր ունի «Երևանի կոնյակի գործարան»-ի հետ: Խաղողի առյուծի բաժնի իրացման հարցը մնում է չլուծված:
Հակոբյանների այգին գտնվում է Արմավիրի մարզի Խանջյան համայնքում: Խանջյանում 130 հա խաղողի այգի կա, բոլորն էլ՝ տեխնիկական սորտի: Գյուղացիների մի մասը կարողացել են պայմանագրեր կնքել մթերող գործարանների հետ և ինչ-որ չափով լուծել են իրացման հարցը, սակայն համայնքի այգեգործների մեծ մասն անորոշ վիճակում են. մոտ 1000 տոննա խաղող, մնացել է օդում կախված, չեն կարողանում պայմանագրեր կնքել:
Վ. Հակոբյանը պատմեց, որ կոնյակի գործարանի հետ տարիների համագործակցություն ունի: Սկզբնական տարիներին նույնիսկ մինչև 20 տոննա մթերելու պայմանագրեր է կնքել: Վերջին երկու տարիների ընթացքում, իր համար անհայտ պատճառներով, մթերման ցուցանիշները գործարանը նվազեցրել է՝ հասցնելով 6,5 տոննայի:
«Այգին ջահել այգի է, ո՞նց քանդենք: Հին լիներ՝ ջհանդամը, քանդեինք, բայց նոր այգի է, այդքան ծախս ենք արել: Չգիտեմ, ինչ պիտի լինի»,- սրտնեղած ասում է Վարազդատ Հակոբյանը:
Նա ծխախոտը ձեռքին քայլում էր բեռնատար ավտոմեքենայի կողքով, որտեղ հավաքվում էր մթերման ենթակա խաղողը: Ծխախոտի ծխի ամեն ներքաշումից հետո բարձրաձայն թվարկում էր իր աշխատանքն ու կատարած ծախսերը, որն այգու վրա է ներդրվել:
«Չգիտեմ՝ ոնց ա լինելու,- ամեն նախադասությունից հետո ասում է նա և հավելում,- անցյալ տարվանից են սկսել նվազեցնել մթերման ծավալները: Բայց խոշոր հողատերերից, ովքեր 10 հեկտար և ավելի հողեր ունեն, շարունակում են մթերել, ինչի հետևանքով տուժում են մանր այգետերերը»:
Վարազդատ Հակոբյանի խոսքերով՝ տարեկան 7 անգամ այգին թունաքիմիկատներով բուժել են: Ամեն բուժման համար 100 հազար դրամից ավել գումար են ծախսել: Դրան էլ ավելացել է բանվորի, հողի, ջրի վարձավճարները, տեխնիկայի ծախսը: Այսօր չեն կարողանում իրացնել նույնիսկ բերքի կեսը:
Տեխնիկական սորտի խաղողը շուկայում չի վաճառվում, սեղանի սորտի խաղողի հեմեմատ, մրցակցությունից դուրս է: Այդ տեսակը նախատեսված է միայն գինու, կոնյակի, օղու արտադրության համար: Հետևաբար իրենց հույսը միայն գործարաններն են, վերջիններս էլ ամեն տարի «անակնկալ» են մատուցում գյուղացուն:
Խանջյանի համայնքապետարանում գտնվելու մոտ 30 րոպեի ընթացքում երկու տասնյակ գյուղացիներ եկան տեղեկանք վերցնելու: Արայիկ Ավետիսյանը նրանցից մեկն էր:
Ա. Ավետիսյանը պատմեց, որ տեղեկանք են վերցնում իրենց խաղողի այգու չափի վերաբերյալ, որ ընկնեն գործարանից գործարան, այդ տեղեկանքի հիման վրա, պայմանագիր կնքեն:
Նշեց, որ արդեն 6 տարի է՝ չի կարողանում պայմանագիր կնքել «Երևանի կոնյակի գործարան»-ի հետ: Ասում է՝ մի տարի պայմանագրով ամրագրված քանակն անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով չի կարողացել ապահովել, դրանից հետո ասել են, որ ծավալը քչացնում են: Այնուհետև մթերման ծավալն իջեցրել են 5 տոննա, որից հետո այլևս պայմանագիր չեն կնքել՝ պատճառաբանելով, թե քիչ է:
Արայիկ Ավետիսյանը 1 հա խաղողի այգի ունի ակնկալում է 25-30 տոննա բերք ստանալ, բայց դեռ չի կարողացել գնորդ գտնել:
«Սկզբնական տարիներին մեր նման մանր այգետերերը պահեցին գործարաններին, որ մեր 2 տոննան հանձնեցինք իրենց: Հիմա խոշորները դուրս եկան ու մեզ թողեցին դուրս: Հիշում եմ, մեզ նույնիսկ պրեմիա էին տալիս, «Վասպուրական» կոնյակ էին տալիս, որ 2 տոննա հանձնում էինք: Հիմա մեզ բանատեղ դրող չկա»,- ասում է Ա. Ավետիսյանը:
Նա առաջարկում է Կառավարությանը համագործակցության եզրեր գտնել այլ պետությունների հետ, այդ թվում՝ հարևան Վրաստանի, որպեսզի գոնե խաղողի հյութը կարողանան արտահանել: Բացի այդ, առաջարկում է 50 հա-ից ավել խաղողի այգի ունեցողների առջև պայման դնեն, որպեսզի վերջիններս ունենան իրենց վերամշակող գործարանը և խաղողը չհանձնեն այլ գործարաններին՝ դրանով իսկ գյուղացիներին թողնելով «խաղից դուրս»:
Նշենք, որ գյուղացիները հիմնականում ցանկանում են պայմանագրեր կնքել հենց «Երևանի կոնյակի գործարան»-ի հետ, քանի որ շուկայում ամենաբարձր գինը՝ 155 դրամ, հենց այս գործարանն է առաջարկում 1 կգ խաղողի մթերման համար:
«Երևանի կոնյակի գործարան»-ի մամուլի պատասխանատու Զարուհի Սարիբեկյանը «Հետք»-ին հայտնեց, որ այս տարի մթերման ծավալների փոփոխություն, իրոք եղել է, ինչը պայմանավորված է «Covid-19»-ով և պատերազմական իրավիճակով:
«Թեև ծավալների փոքր-ինչ նվազում ունեցել ենք, սակայն մթերման պայմանագրերի քանակի կրճատում չենք ունեցել»,- հավելեց Զ. Սարիբեկյանը:
Մեկնաբանել