HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Ղարաբաղցի ուշուիստները զարմացրին ադրբեջանցիներին

Անցյալ տարեվերջին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կազմակերպվել էր ուշուի միջազգային մրցաշար, որը յուրահատուկ էր նրանով, որ դրան մասնակցում էին Ադրբեջանի ու ԼՂՀ-ի ներկայացուցիչները: Նախապես ծրագրվել էր, որ մրցաշարում տանտերերից բացի հանդես են գալու եւս հինգ երկիր` Թուրքիան, Ադրբեջանը, Իրանը, Հայաստանն ու ԼՂՀ-ն: Թուրքիան, Իրանն ու Հայաստանն ինչ-ինչ պատճառներով չեն ժամանել մրցավայր: Մնացել են երեքը` Վրաստանը, ԼՂՀ-ն ու Ադրբեջանը: 

Ընդ որում` ԼՂՀ պատվիրակությունը կազմված էր 6 հոգուց` 4 մարզիկ, գլխավոր մարզիչը եւ մերսողը: Իսկ ադրբեջանցիները ներկայացել էին 27 հոգով, որից 24-ը` մարզիկ:

«Մեկնելուց առաջ ես տղաներին ասացի, որ եթե նույնիսկ պարտվեն, մինեւնույն է, նրանք հաղթողներ են լինելու, քանի որ մասնակցում են ԼՂՀ-ի դրոշի ներքո` որպես առանձին պետություն»,- պատմում է ԼՂՀ ավանդական ուշուի ֆեդերացիայի նախագահ, «Մեսրոպ Մաշտոց» համալսարանի ռեկտոր Դոնարա Գաբրիելյանը:

«Տկն Գաբրիելյանը մեզ ասաց, որ կարեւորը մասնակցությունն է,- հիշում է ԼՂՀ ուշուի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Ղազարյանը:- Այնուամենայնիվ, ինձ մոտ վախ կար: Եվ դա նորմալ երեւույթ է: Անձամբ ես վախենում էի, որ, հնարավոր է, ինչ-որ իմաստով գցենք մեր հանրապետության վարկը: Բայց առաջին մարտից հետո, երբ սկսվեցին հաղթանակները, հասկացանք, որ ամեն ինչ լավ է»:

Ադրբեջանցիներն անակնկալի են եկել ԼՂՀ-ի առանձին պատվիրակությանը տեսնելիս: «Ինչպես պարզվեց, նրանք տեղյակ չէին, որ ԼՂՀ-ն էլ է մասնակցելու մրցաշարին: Երբ հայտարարվեց մեր անունը, անմիջապես սկսվեցին բողոքարկումները: Փաստորեն, ադրբեջանցիները պրոբլեմի առաջ էին կանգնել: Նրանք մեծ գւմարներ էին ծախսել մրցավայր հասնելու համար, եւ հիմա էլ մեծ ֆինանսական կորուստ կլիներ հետ գնալը: Բայց ավելի մեծ կորուստ էր մեր պատվիրակության հետ նույն մրցաշարում ելույթ ունենալը: Ստացվում է, որ այդպես նրանք ճանաչեցին ԼՂՀ-ն: Ու եթե մենք չհաղթեինք էլ, էլի այդ փաստը փոքր հաղթանակ կարելի էր անվանել,- մեկնաբանում է Կ. Ղազարյանը:- Բացման արարողության ժամանակ ադրբեջանցիներից մեկը մոտեցավ, հարցրեց` դու՞ք ներկայացաք որպես Ղարաբաղ, ասացի` այո, ասաց` այդպիսի ազգ, հանրապետություն գոյություն չունի: Ասում եմ` ընկեր, աշխարհագրություն գիտե՞ս, կենդանաբանական այգի գնացե՞լ ես, այնտեղ լեռներ տեսե՞լ ես: Ահա դա մեր Լեռնային Ղարաբաղն է: Նա հասկացավ, թե ինչ եմ ասում, բայց չցանկացավ ընդունել: Ուզում եմ շեշտել. պատերազմ պետք չէ ոչ մեզ, ոչ նրանց: Եվ ես նրան էլ ասացի, որ սա քաղաքականություն չէ, դու ոչ թե պատգամավոր, այլ մարզիկ ես: Ահա ռինգը, ահա քո մարզիկները եւ իմ մարզիկները: Եկեք ցույց տանք` ով ինչի է ընդունակ: Եվ մենք ցույց տվեցինք մեր ունակությունները»:

ԼՂՀ-ի 4 ներկայացուցիչն էլ արժանացել են մեդալների: Մեծահասակների մեջ (18 տարեկանից բարձր) մինչեւ 60 կգ քաշային կարգում հաղթող է դարձել Դավիթ Գրիգորյանը, երրորդ մրցանակը նվաճել է Համիկ Քոչարյանը: 16-18 տարիքային խմբում մինչեւ 52 կգ կարգում բոլորին գերազանցել է Վարդգես Մանասյանը, 14-16 տարեկանների նույն քաշում էլ երրորդն է ճանաչվել Դավիթ Պետրոսյանը:

Հատկանշական է, որ Գրիգորյանն ու Քոչարյանը ԼՂՀ Պաշտպանության բանակի զինվորներ են, զորակոչվել են անցյալ ամռանը: Ընդ որում` Դ. Գրիգորյանը, հանդես գալով իր քաշից երկու կարգ բարձր, կիսաեզրափակիչում հաղթել է ադրբեջանցու, իսկ եզրափակիչում` վրացու:  

«Ադրբեջանցիները թվով շատ էին, բայց վախի զգացում մեր մեջ չկար,- պատմում է Դավիթը:- Միայն նրանից էի վախենում, որ քաշս ավելի թեթեւ էր: Քանի որ իմ քաշում մրցակից չկար, կամ պիտի ավելի ծանրերի հետ մրցեի, կամ ընդհանրապես չմասնակցեի: Ադրբեջանցի հակառակորդս ինձնից 8 կգ ծանր էր, բայց ես վստահ էի ուժերիս: Պարտվելուց հետո նա ձեռքս սեղմեց, ես գնացի իրենց մարզչի ձեռքն էլ սեղմելու, իսկ նա մեր մարզչի մոտ չեկավ: Բայց ադրբեջանցի մարզիչը ուղարկեց նրան»:

Դավիթը 2003-ից պարապում ու մասնակցում է ուշուի տարբեր մրցումների, դարձել է միջազգային մրցաշարերի հաղթող, Հայաստանի, Արցախի չեմպիոն: Նմանատիպ հաջողություններ է գրանցել նաեւ Համիկը, որը Արցախի կրկնակի չեմպիոն է, Հայաստանում, Վրաստանում անցկացված մրցաշարերի հաղթող: Նա նաեւ Հայաստանի հավաքականի անդամ է: Տղաների ասելով` մրցաշարի ժամանակ ադրբեջանցիների «ճամբարից» ռեպլիկներ չեն եղել, բայց բոլոր մենամարտերի ընթացքում իրենք եղել են նրանց սեւեռուն ուշադրության տակ:

ԼՂՀ-ի ուշուիստներից մյուս չեմպիոնը` Վարդգես Մանասյանը, որը նույնպես ՀՀ հավաքականի անդամ է, եզրափակիչում հաղթել է հենց ադրբեջանցու: «Հակառակորդս պատրաստված մարզիկ էր, բայց ես ինձ վստահ էի զգում: Մենամարտը հանգիստ ու հավաքված սկսեցի ու ինձ չկորցրի»,- նշում է Վարդգեսը:  

Թբիլիսիում, բացի անհատական պարգեւներից, ղարաբաղցի մարզիկներն արժանացել են նաեւ թիմային գավաթի` որպես լավագույն թիմ:

«Կուզի Ադրբեջանը, թե չէ, մեր քաղաքացիների ջանքերով այսօր բարձրանում է ԼՂՀ դրոշը,- ասում է ուշուի ֆեդերացիայի նախագահ Դ. Գաբրիելյանը:- Անձամբ ես երազում եմ այն օրվա մասին, երբ մենք մեր դրոշով կմասնակցենք աշխարհի ու Եվրոպայի առաջնություններին»:

Նման բարձունքների հասնելու պայմաններից մեկն էլ ֆինանսական միջոցներն են, որոնք այսօր շատ բան են որոշում: «Ով ինչով կարող է, պետք է օգնի մեր մարզական ֆեդերացիաներին, որովհետեւ այս մարզական մենամարտերը մեր անկախության պայքարի շարունակությունն են,- շեշտում է Դ. Գաբրիելյանը,- ԼՂՀ-ի ֆեդերացիաների զարգացման համար ներդրված ամեն լուման կբերի ընդհանուր հաղթանակի»: 

Հավաքականի մարզիչ Կ. Ղազարյանի ներկայացմամբ` այսօր ուշուի ԼՂՀ հավաքականում մինչեւ 18 տարեկան եւ դրանից բարձր 5-ական մարզիկ կա: Բայց ֆինանսական խնդիրների պատճառով բոլորին չէ, որ կարողանում են հանել ասպարեզ: Ստիպված բավարարվում են մի քանիսով: Այնուամենայնիվ, պատանի մարզիկները հասցրել են բավականին հարուստ մարզական «ավար» կուտակել:  2003-ից նրանք մասնակցում են Հայաստանի բոլոր բաց առաջնություններին, իսկ 2004-ից` Երեւանում կազմակերպվող բոլոր միջազգային մրցաշարերին: Վերջիններիս մասնակցում են մարզաձեւի հզոր ներկայացուցիչներ` Իրանը, Դաղստանը (դաղստանցիները երեւանյան մրցաշարին առանձին թիմով են մասնակցում), գալիս են նաեւ Հոլանդիան, Վրաստանը, Ղազախստանը, Թուրքմենիան, Ուզբեկստանը: 2008-ի ապրիլի 24-ին մասնակցության հրավեր էին ստացել նաեւ Թուրքիան ու Ադրբեջանը, բայց տվյալ օրվա հետ կապված նրանք հրաժարվել էին:

2007-ին Ստեփանակերտում կազմակերպվել էր սանդա-ուշուի պրոֆեսիոնալ մրցաշար, որին մասնակցել են Հայաստանի ու Արցախի լավագույն մարզիկները: 2008-ին Հայաստանի, Դաղստանի, Իրանի, Վրաստանի ու տեղի ուշուիստների մասնակցությամբ մեկ այլ մրցաշար էր կազմակերպվել Ստեփանակերտում: Նույն թվականին անցկացվել է ուժային կառույցների համաբանակային բաց առաջնություն: Մասնակցել են ՀՀ ԶՈՒ, ԼՂՀ ՊԲ, երկու երկրների ոստիկանության եւ Ազգային անվտանգության ծառայության լավագույն մարզիկները:   

Հ.Գ. Թբիլիսյան մրցաշարին մասնակցած պատանի ուշուիստները ֆեդերացիայի նախագահ Դ. Գաբրիելյանի կողմից արժանացան խրախուսման: Չեմպիոնները ստացան 30000-ական, իսկ բրոնզե մեդալակիրները` 20000-ական դրամ: Տղաներին նաեւ դիպլոմներ հանձնվեցին: Լավագույն տեխնիկայի համար հատուկ մրցանակ ստացավ Համիկ Քոչարյանը: ԼՂՀ կառավարությանն առընթեր սպորտկոմիտեի ներկայացուցիչ պրն Հայրիյանը կոմիտեի նախագահ Ռ. Հովսեփյանի կողմից մարզահագուստ նվիրեց պատանի մարզիկներին ու ցանկացավ հետագա ավելի մեծ ու շատ հաղթանակներ: Իսկ թիմային գավաթը մարզիչ Կ. Ղազարյանը փոխանցեց ֆեդերացիայի նախագահին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter