HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Արտահոսել են հազարավոր փաստաթղթեր և ձայնագրություններ Վրաց ուղղափառ եկեղեցու հոգևորականների վերաբերյալ

Վրաստանի իրավապահ մարմինների նախկին մի աշխատակից, ենթադրաբար, կազմակերպել է մեծ քանակությամբ ֆայլերի արտահոսք, որոնք վերաբերում են քաղաքացիների, այդ թվում՝ Վրաց ուղղափառ եկեղեցու հոգևորականների նկատմամբ լրտեսությանը։ Սեպտեմբերի 14-ին վրացական մի քանի խոշոր լրատվամիջոց հայտնել էր, որ մեկ օր առաջ ստացել են մի կայքի հղում, որը պարունակում է հազարավոր ձայնագրություններ՝ քաղաքացիների գաղտնի լրտեսման մասին։

Mtavari և Formula հեռուստաընկերությունների, Ազատություն ռադիոկայանի վրացական ծառայության, On.ge-ի, Tabula-ի և մյուս լրատվամիջոցների փոխանցմամբ՝ 2014 թվականին կազմված ֆայլերի արխիվը հիմնականում պարունակում է տեղեկատվություն կրոնական հարյուրավոր գործիչների մասին, այդ թվում՝ Վրաց ուղղափառ եկեղեցու բարձրաստիճան ներկայացուցիչների։ Արտահոսած տեղեկատվությունից պարզ է դառնում, որ այդ կառույցի անդամները բավականին երկար ժամանակ եղել են իշխանությունների ուշադրության կենտրոնում։

Ֆայլերը, ենթադրաբար, պարունակում են նրանց հեռախոսազրույցների ձայնագրությունները, տեղեկատվություն կրոնական գործիչների քաղաքական հայացքների, նրանց գործունեության և անձնական կյանքի մանրամասների մասին։

Ինչպես հայտնել է Tabula ամսագիրը, ֆայլերը դասավորված են եղել կատեգորիաներով. «հավատուրացներ», ««նացեբի»-ի հետ կապ ունեցողներ» («նացեբի»-ն նվաստացուցիչ տերմին է, որով բնորոշվում են նախկին իշխանական «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամները), «ԼԳԲՏ կազմակերպություններ», «հանցավորություն և թմրանյութերի չարաշահում», «Ռուսաստանի ազդեցություն» և այլն։

Որոշ լրատվամիջոցների տվյալներով՝ արտահոսած ֆայլերի մեջ կա այն հոգևորականների ցանկը, որոնք սեռական կապ են ունեցել միանձնուհիների հետ, ինչպես նաև նրանց, որոնք կարող էին վարկաբեկվել կանանց հետ վճարովի սեռական կապի պատճառով։ Համաձայն առկա տվյալների՝ փաստաթղթերի մի մասը ցույց է տալիս մի շարք հոգևորականների հակաիրավական հնարավոր գործողությունները, ներառյալ անչափահասների հետ սեռական կապի մեջ մտնելը և կաշառք տալը։

Բացի այդ, ինչպես գրում է Tabula-ն, գաղտնի փաստաթղթերում շրջանառվում է նաև Վրաց ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչների անձնական կյանքի վերաբերյալ տեղեկատվություն, այդ թվում 36 հոգևորականի մասին, որոնք «ունեն ոչ ավանդական սեռական կողմնորոշում»։

Վրաց ուղղափառ եկեղեցու պատրիարքարանի մամուլի քարտուղար Անդրիա Ջագմաիձեն սեպտեմբերի 13-ին լրատվամիջոցներին հայտարարել է, որ չի շտապի մեկնաբանել ստեղծված իրավիճակը։ Netgazeti-ի տվյալներով՝ Ջագմաիձեի անունը ևս շրջանառվել է փաստաթղթերում։ Այսպես, համաձայն առկա տվյալների, նա դիմել է Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցերով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեին՝ խնդրելով օգնել իր ընտանիքի անդամներին ստանալու ռուսական քաղաքացիություն։

Ենթադրյալ արտահոսքից մեկ օր անց վրացական մի քանի լրատվամիջոցի աշխատակիցներ, այդ թվում՝ Mtavari հեռուստաընկերության տնօրեն և հաղորդավար Նիկա Գվարամիան և հաղորդավար Էկա Կվեսիտաձեն, Pirveli հեռուստաընկերության լրատվական ծառայության ղեկավար Նոդար Մելաձեն, Formula հեռուստաընկերության լրագրող Նինո Վարձելաշվիլին և Tabula-ի խմբագիր Լևան Սուտիձեն հաստատել են իրենց գործունեության նկատմամբ ևս լրտեսության վերաբերյալ։ Վերջինս, սակայն, ընդգծել է, որ իր վերաբերյալ արտահոսած ֆայլերի մի մասը չի պարունակում կոնկրետ փաստեր, այլ ենթադրություններ են և ոչ ճշգրիտ տեղեկատվություն այն մարդկանց կողմից, որոնք հետևել են իր և հոգևորականների հեռախոսազրույցներին։

«Լելո» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Մամուկա Խազարաձեն իր հերթին ևս հաստատել է կրոնական առաջնորդների հետ իր զրույցների ձայնագրությունների իսկությունը, որոնք հայտնվել են արտահոսած նյութերի մեջ: Վրաստանի քաղհասարակությունը խորհրդարանից պահանջում է ձևավորել հատուկ հանձնաժողով, որը կզբաղվի Վրաստանի պետական անվտանգության ծառայության կողմից քաղաքացիների նկատմամբ ապօրինի լրտեսման փաստով։

Սեպտեմբերի 14-ին Վրաստանի դատախազությունը հայտարարել էր Վրաստանի ՔՕ 158-րդ հոդվածով (մասնավոր նամակագրության գաղտնիության խախտում) հետաքննության սկսման մասին։ Զուգահեռաբար, Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը հայտարարել է, որ պատրաստ է համագործակցել քննչական մարմինների հետ։ Վերջինս լրատվամիջոցներին և «քաղաքական հետաքրքրություններ ունեցող անձանց» կոչ է արել չտարածել չհաստատված տեղեկատվություն։

Սեպտեմբերի 13-ին Mtavari հեռուստաընկերությունը հայտարարել էր այն մասին, որ արտահոսքը, հավանաբար, կազմակերպել է ոմն Ակակի Նեմսաձե, որը եղել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության նախկին աշխատակից։ Հեռուստաընկերության տվյալներով՝ Նեմսաձեն ինքնասպանություն է գործել հուլիսի 8-ին և, հնարավոր է, հենց նրա ձեռքի գործն է այս ամենը։ Կայքում ֆայլերը տեղադրել է Հաքիմ փաշա կեղծանունով մեկը։

Mtavari-ն հայտնում է, որ ֆայլերին ուղեկցող հաղորդագրության մեջ անձը Պետական անվտանգության ծառայությանը նշել է որպես իր նախկին գործատուի և խոսել այն տարիների մասին, երբ ինքը, իբր, աշխատել է «համակարգում»։ «Մենք ձեզ բոլորին լսում ենք, հավաքում տվյալներ ձեր մասին, հավաքում կոմպրոմատներ, օգտագործում ձեր թույլ կողմերը, ձեր մասին շշուկներ տարածում, փչացնում ձեր հեղինակությունը»,- հեռուստաընկերության տվյալներով հենց այսպիսի ուղեկցող հաղորդագրություն է եղել ֆայլերի հետ։ Ենթադրյալ հաղորդագրության մեջ հեղինակը զղջում է, որ լրտեսել է քաղաքացիներին՝ հույս ունենալով, որ տեղեկատվության արտահոսքը կհանգեցնի նրան, որ Վրաստանի քաղաքացիները «կավերեն համակարգը»։

Հեռուստաընկերությունը նշում է, որ հաղորդագրության վերջում եղել է հետևյալ տողը. «Մի’ փնտրեք ինձ։ Ինձ չեք կարող գտնել»։

Լուսանկարը՝ then24.com-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter