HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Կառավարությունն ընդունեց տոտալիզատորների գովազդը համացանցով, ռադիոյով և հեռուստատեսությունով արգելելու նախագիծը

Ինտերնետ շահումով խաղերի և տոտալիզատորի (բուքմեյքերական ընկերություններ) գովազդների հանդեպ կկիրառվեն նույն սահմանափակումները, որոնք կիրառվում են շահումով խաղերի և խաղատների գովազդների նկատմամբ: Կառավարությունը սեպտեմբերի 16-ի որոշմամբ հաստատել է «Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծը։

Արգելվում է շահումով խաղի, ինտերնետ շահումով խաղի, խաղատան, խաղասրահի, տոտալիզատորի կամ դրանց կազմակերպիչների ցանկացած տեսակի գովազդը, այդ թվում՝ ռադիոյով, հեռուստատեսությամբ կամ համացանցով, բացառությամբ՝ իր պաշտոնական կայքի կամ խաղատների կամ շահումով խաղերի կամ ինտերնետ շահումով խաղերի կամ տոտալիզատորի (խաղասրահ, բուքմեյքերային գրասենյակ) շենքերի, շինությունների, սրահների մեջ կամ վրա, Հայաստանի սահմանային մուտքի կետերում, ինչպես նաև առնվազն չորսաստղանի կարգին համապատասխան որակավորման պահանջներին և չափանիշներին համապատասխան հյուրանոցներում տեղադրվողների կամ սույն հոդվածով սահմանված դեպքերի, իսկ խաղարկությունով կամ համակցված վիճակախաղի գովազդը թույլատրվում է նաև խաղարկությունով կամ համակցված վիճակախաղի վաճառակետերում:

Գործադիրի հիմնավորմամբ՝ հաշվի առնելով ինտերնետ շահումով խաղերի ծավալների աճի արդյունքում աճող խաղամոլության ռիսկերը, ինչպես նաև շահումով խաղերի, խաղատների և խաղասրահների նկատմամբ վարվող խտրական պետական քաղաքականության բացառմամբ պայմանավորված, անհրաժեշտություն է առաջացել  համապատասխան փոփոխություն և լրացումներ կատարել «Գովազդի մասին» օրենքում:

2020 թվականի հունվարի 1-ից թույլատրվել է ինտերնետ շահումով խաղերի գովազդը և նրա նկատմամբ սահմանվել է, որ կիրառվում են վիճակախաղի գովազդի համար սահմանված պահանջներն ու սահմանափակումները, սակայն որոշման նախագծում նշված է, որ արդյունքում 2020 թվականին համացանցով կատարված խաղադրույքները 2018թ. համեմատ ավելացել են 6 անգամ, իսկ մասնակիցների թիվը՝ 3 անգամ:

Ըստ նախագծի՝ օրենքում փոփոխությունը դժգոհություն է առաջացրել գովազդային մեդիա ոլորտում, քանի որ գովազդային ընկերությունների հասույթի մեծ մասը (60%-70%) գոյանում է ինտերնետ շահումով խաղերի և վիճակախաղերի ոլորտի շնորհիվ, սակայն Կառավարության հաշվարկներով՝ այն կազմում է 20%-25%:

Հիշեցնենք, որ Կառավարության հաստատած նախագիծը դեռևս պետք է քննարկվի Ազգային ժողովում և օրինական ուժ կստանա միայն օրենսդիր մարմնի կողմից ընդունվելուց հետո։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter