HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հանրային բաց քննարկումներ, անհաղորդ տնօրեն և փակ տարածք

Երևանի Ավան վարչական շրջանի Աճառյան 2-րդ փակուղու այս տարածքում «Քոփփեռ» ՍՊԸ-ն երկաթ, պղինձ, ալյումին և մետաղյա այլ ջարդոններ է ընդունում: Նախատեսվում է շուտով այստեղ նաև ձուլարան բացել:

Պահակը մեզ թույլ չի տալիս տարածք մուտք գործել: Անվտանգության պետը հեռախոսազանգով բացատրում է, որ դեռևս ձուլարանը չկա, հնարավոր է նաև չլինի, վառարանների հոսքագծերը Չինաստանից մեկ ամսից են հասնելու, բայց դեռ պարզ չէ, և չեն որոշել` այդտեղ, թե Եղվարդի իրենց տարածքում են տեղադրելու:

Անվտանգության պետին հայտնեցինք, որ պարզ չլինելն առնվազն տարօրինակ է, քանի որ այսօր Ավանի թաղապետարանում ձուլարանի կառուցման հանրային քննարկումներն էին ընթանում: Իրենց նախագիծը մասնագետները ներկայացնելիս հստակ նշեցին, որ հենց այս` Ավանի 2-րդ նրբանցքում են տեղադրվելու ձուլարանի երկու վառարանը:

Հանրային լսումները չկայացան

Ավանի թաղապետարանում հանրային քննարկումներն ընդհատվեցին, ասել է թե` չկայացան, և Ավանի բնակիչների առաջարկով հետաձգվեցին: Որովհետև նրանցից ոչ մեկը մինչ այսօրվա քննարկումը տեղեկացված չի եղել ձուլարանի կառուցումից, որի վերաբերյալ, ինչպես Շրջակա միջավայրի նախարարության ներկայացուցիչը հայտնեց, արդեն 3 քննարկում է տեղի ունեցել: Բնակիչներին հետաքրքրում էր` ովքեր են մասնակցել նախորդ երեք քննարկմանը, ինչ նյութեր են ներկայացվել, ինչ դիրքորոշումներ են հայտնել ներկաները:

«Քոփփեռ» ՍՊԸ-ն նախատեսում է Ավանի արդյունաբերական գոտում` Աճառյան 2-րդ փակուղում, որտեղ թափոնների պահեստն է, ձուլարան կառուցել: Արտադրությունը կազմակերպվելու է գոյություն ունեցող շինությունում:

Ինչպես նշված է շրջակա միջավայրի անվտանգության գնահատման հայտում, տարածքը, որտեղ նախատեսվում է արտադրոթյունը կազմակերպել, Ավանի արդյունաբերական գոտում է, շրջապատված է արտադրական մասնաշենքերով, պահեստներով: Ձուլման տեղամասի 600 մ հեռավորության վրա գտնվում է Երևանի Աղի հանքը, դեղագործական գործարանը: Ձուլման տեղամասում նախատեսվում է ջարդոններից ստանալ պղնձի, ալյումինի համաձուլվածքներ: Արտադրական հզորությունը տարեկան 1800 տ է լինելու: Ստեղծվելու է 18 նոր աշխատատեղ:

Նախագծող ընկերության ներկայացուցիչ Հովհաննես Նիկողոսյանը հանրային քննարկմանը փորձեց պարզ ձևով բացատրել, թե ինչ է դա իրենից ներկայացնելու: «Ձուլարանը, պատկերացնում եք Ալավերդու ձուլարանը երևի: Ձեռնարկությունը նախկինում նույն տարածքում հավաքել է ջարդոններ, Հայաստանում օրենք դուրս եկավ, որ ջարդոնը չի կարելի դուրս բերել ՀՀ սահմաններից, դրա համար էդ ջարդոնները որոշել են ձուլվածքի տեսքով անել»,- նշեց Հովհաննես Նիկողոսյանը:  

Ըստ նախագծողի` երկու փոքր վառարան է տեղադրվելու, արտանետումներ չեն լինելու: Պղնձի համար տեղադրվող էլեկտրավառարանն ունի անալիզատոր, դասակարգվելու է պղինձն ըստ որակների, մտցվելու է վառարան, ձուլվելու է, այդպես ստացվելու է պղինձ: Նույն բանն ալյումինի պարագայում է արվելու: Սակայն այս դեպքում վառարանը գազով տաքացվող է լինելու: Սակայն արդյունաբերական հրապարակում ստանալու են նորմայի սահմաններում արտանետում, մոտակա բնակելի հատվածում արտանետումը նորմայից ցածր է լինելու:

Բնակիչների դիտարկումներին, թե որևէ արտանետում իրենց մաքուր թաղամասում չեն ուզում, Հ. Նիկողոսյանն արձագանքում է. «Եթե կողքի ցեմենտի գործարանը չի ազդում, սա ձեզ չպետք է ազդի»:

Ինչու այլ տեղում չեն կառուցում ձուլարանը, որտեղ առավել շատ են արդյունաբերական օբյեկտները, որտեղ բնակչություն չկա, օրինակ` «Տեցի կրուգում», այլ փչացնելու են Ավանի մաքուր օդը` Ավանի բնակչի հարցին նախագծող Հովհաննես Նիկողոսյանը պատասխանեց. «Որովհետև այստեղ նույն արդյունաբերական գոտին է, ինչպիսին է Չարբախում, Էրեբունիում և այլն: Այստեղ էլ աղի հանքն է, վիտամինների գործարանը և այլն, այդ տարածքն իրենք օգտագործում էին մետաղի հավաքման համար և վաճառում էին Իրան»:

ՇՄՆ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական» ՊՈԱԿ-ի գլխավոր մասնագետ Հովիկ Մեսրոպյանը փորձեց ներկայացնել նախագիծը: Ասաց, որ  ԱԻՆ-ը եզրակացություն է տվել, որ տեխնիկական անվտանգության փորձաքննության ներկայացվող ձուլման տեղամասի փաստաթղթերը համապատասխանում են օրենսդրության պահանջներին, և տրվել է դրական եզրակացություն: Բոլոր գերատեսչություններից տվել են դրական եզրակացություն: Սակայն բնակիչներն անընդհատ ընդհատում էին նրան` նշելով, որ իրենք ոչ մի փաստաթղթի ծանոթ չեն, քանի որ նախորդ հանրային քննարկումները ֆորմալ են եղել և իրենք պատշաճ չեն ծանուցվել:

Ավագանու անդամ Գայանե Վարդանյանը համաձայնեց, որ ծանուցման համակարգը թերի է, համապատասխան գործիքակազմ կմշակեն, որպեսզի ծանուցման համակարգն էլ ավելի արդյունավետ դառնա: Իսկ մինչ այդ ներկաներն առաջարկ հնչեցրին նախորդ 3 hանրային քննարկումները ոչ լեգիտիմ հայտարարելու:

«Ես ի պաշտոնե հայտարարում եմ` ՇՄՆ փորձաքննական կենտրոնը պատշաճ կերպով ծանուցել է»,- ասաց  «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական» ՊՈԱԿ-ի գլխավոր մասնագետը:  

Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Դավիթ Պողոսյանը հայտեց, որ թաղապետարանը նախնական փուլում տվել է համաձայնությունը տվյալ գործունեությունն իրականացնելու համար: Սակայն Ավանի բնակիչ, տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանի առաջարկին` հետաձգել հանրային լսումները, տրամադրել նյութերը ծանոթանալու համար և նոր հանրային լսումներ անցկացնել, համաձայնեց:

Այդպիսով, հանրային լսումներն այսօր չկայացած համարվեցին և հետաձգվեցին:

Համաձայն ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի` «Քոփփեռ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2018թ. մայիսի 31-ին: Հիմնադիրն ու տնօրենը Տիգրան Հովհաննեսի Մոմջյանն է: Վերջինս ներկա էր հանրային քննարկմանը: Սակայն երբ ավարտին փորձեցինք Տիգրան Մոմջյանից մանրամասներ հստակեցնել իրենց գործունեության վերաբերյալ, պարզվեց, նա չի ցանկանում լրագրողների հետ հաղորդակցվել: Վերջինս որևէ հարցի պատասխանել չցանկացավ: Մեր դիտարկմանը, թե ներկայացել է հանրային քննարկման, հետևաբար պետք է բացատրություններ տա և պատասխանի հանրությանը հետաքրքրող հարցերին, կտրականապես հրաժարվեց զրույցից:

Նրա փոխարեն փորձում էր բացատրություն տալ ընկերության տեխնոլոգ ներկայացող Յուրի Սուքիասյանը: Առաջարկեց մեզ տարածք այցելել, երբ համաձայնեցինք, պարզվեց՝ պետք է տնօրինությունից թույլտվություն ստանալ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter