HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Պատրաստված է պաշտպանության նախարարության կարիքների համար

Ստեփանակերտի «Արցախ կարի-կոշիկի արտադրական միավորում»-ում աշխատանքը եռում է: Մի քանի շարքերով նստել են կանայք ու փոքրաթիվ տղամարդիկ, որոնք, գլուխները կախած, կենտրոնացել են աշխատանքի վրա: Հիմնարկի գործադիր տնօրեն Վալերի Մուսայելյանը այստեղ աշխատում է 2008-ից, մինչ այդ եղել է Պաշտպանության բանակի իրային ծառայության պետը:

Ճիշտ է, հիմա այլեւս զինվորական չէ, բայց ներկայիս գործը նախորդից մեծապես չի տարբերվում, մանավանդ որ ֆաբրիկան, ինչպես ինքն է ասում, հիմնականում իրականացնում է ՀՀ ԶՈՒ-ի եւ ԼՂՀ ՊԲ-ի պատվերները:

«Ամբողջ հայկական զինված ուժերի համար արտադրում ենք երկարաճիտ ու կարճաճիտ կոշիկ: Իսկ Պաշտպանության բանակին ապահովում ենք նաեւ հանդերձանքով` սպայական ամենօրյա ու զինվորական եւ սպայական դաշտային համազգեստով,- պատմում է գործադիր տնօրենը:- Ընկերությունում գործում է երեք արտադրամաս: Առաջին երկուսն արտադրում են կոշիկ, ընդ որում` առաջինում կատարվում են ձեւման աշխատանքները, իսկ երկրորդում կոշկեղենը բերվում է վերջնական տեսքի: Երրորդը հագուստի արտադրամասն է, որը բաղկացած է ձեւման ու կարման բաժիններից: Այսօրվա դրությամբ արտադրամասում գործում է երեք հոսքագիծ` առաջին երկուսն արտադրում են դաշտային համազգեստ, իսկ երրորդը` ամենօրյա սպայական համազգեստ: Այս վերջին հոսքագծի վրա վարպետ մասնագետներ ենք առանձնացրել, որոնք կարող են կատարել քաղաքացիական ու զինվորական հագուստի ցանկացած պատվեր»:

Վ. Մուսայելյանը նշում է, որ իրենք իրականացնում են նաեւ քաղաքացիական պատվերներ, բայց այնուամենայնիվ, այսօր ֆաբրիկան լրիվ հզորությամբ չի աշխատում, եւ եթե պատվերներ լինեն, իրենք կարող են ավելացնել արտադրանքը:

Նշենք, որ պաշտպանական գերատեսչությունների հետ կնքվում են մեկ տարվա պայմանագրեր, որոնցից էլ կախված է աշխատանքների ծավալն ու ընթացքը:

Ֆաբրիկան համազգեստի կտորը ստանում է ԶՈՒ-ից, իսկ մնացած օժանդակ նյութերը ձեռք է բերում ինքնուրույն:

«Կարի արտադրամասի թելը բերվում է արտերկրից, իսկ մյուս նյութերը` առավելապես Երեւանից, որտեղ էլ իրենց հերթին հիմնականում դրսից են ներկրում,- ասում է գործադիր տնօրենը,- կոշիկի արտադրամասի հումքը` կաշին, կիրզան, տակացուները, ներմուծվում է հիմնականում Բելառուսից, օժանդակ նյութերը` Թուրքիայից, Իրանից: Արցախում այսօր չունենք նման օժանդակ նյութեր արտադրող գործարան»:

Մուսայելյանի հավաստիացմամբ` բանակի հրամանատարությունը գոհ է իրենց արտադրանքից: «Ես 1993-ից ծառայել եմ ՊԲ իրային ծառայությունում, այդ ընթացքում բանակի կոշկեղենը տարբեր տեղերից է ներկրվել: Ներկայիս երկարաճիտ կոշիկները, կարող եմ ասել, որ ամենաորակովն են: Սրանք արդարացնում են իրենց ու ծառայում են սահմանված ժամկետում»:

Այդուհանդերձ, ժամանակին բողոքներ են եղել ուսումնական զորամասի տանկիստներից, որոնց կոշիկները, ըստ Վ. Մուսայելյանի, մաշվել-ճղվել են երկաթե տեխնիկայի հետ անընդհատ շփումից: Նման բողոքներ են եղել նաեւ ՊԲ հյուսիսային զորամասերից մեկից, որտեղ «կոշկեղենը կլոր տարին եղանակային պայմանների պատճառով ցեխի մեջ է լինում»: Սակայն հիմա, ըստ էության, բողոքներ չկան:

Այս տարվանից կփոխվի հայկական բանակի դաշտային համազգեստը:

«Նոր կտորի 50 տոկոսը բամբակ է, 50-ը` սինթետիկա, իսկ նախկինի պարագայում իբրեւ թե 30-նն էր բամբակ, 70-ը` սինթետիկա, բայց բամբակն իրականում ավելի քիչ էր: Սինթետիկան ամառը արեւից շուտ տաքանում է, մաշկը վառում է, իսկ ձմռանը բարակ լինելու պատճառով մրսեցնում է: Հուսով եմ, որ այս նոր կտորն ավելի որակով կլինի: Քանի որ բամբակը շատ է, հիմա այն ավելի փափուկ կլինի, լվանալուց հետո գունազրկվելու, սեղմվելու-փոքրանալու առումով էլ նախորդից որակով է: Ի դեպ, նոր համազգեստի գույնը փոխված է, այն ավելի շատ հողի գույնի է, ինչը քողարկման նպատակով համապատասխանեցված է տարածքին»,- ասում է Վ. Մուսայելյանը:

Նշենք, որ ձեւափոխություններ են կատարվել նաեւ ամառային ու ձմեռային դաշտային համազգեստների ուսադիրների կրման, գրպանների դասավորության առումով:

«Հագուստի վրա բավականին նորամուծություններ կան, մնում է հետեւել, որ գործը կատարվի անթերի,- ասում է հագուստեղենի արտադրամասի պետ Միշա Բարխուդարյանը, ով երեք ամիս առաջ է եկել Ստեփանակերտ: Նրան Երեւանից հատուկ հրավիրել են` արտադրամասի աշխատանքների որակական չափանիշների ու արդյունավետության բարձրացման նպատակով:- Աշխատում ենք որակով արտադրանք տալ, կտորի թե՛ որակը, թե՛ գույնը համապատասխանում են զինվորական չափանիշներին: Մնացածը` աշխատանքի որակը, կախված է մեզնից: Իսկ որակը ես կգնահատեի «լավ»»:

58-ամյա Մանյա Պետրոսյանը 1991-ից աշխատել է այս ֆաբրիկայում, հետո ծառայել է բանակում: Վեցերորդ տարին է, որ նորից աշխատում է ֆաբրիկայում:

«Աշխատում ենք պատրաստել անխոտան արտադրանք ու ցանկանում, որ այն օգտագործվի միայն խաղաղ պայմաններում: Հպարտ ենք, որ մեր զինծառայողների համար ենք աշխատում: Նրանց կցանկանամ անամպ երկինք, որպեսզի միշտ թեւածի խաղաղությունը»,-ասում է Մ. Պետրոսյանը:

Կոշիկի երկրորդ արտադրամասի պետ ու նաեւ ֆաբրիկայի գլխավոր ինժեներ Սերժ Ղազարյանը հիմնարկի հնաբնակներից է: Աշխատում է 1978-ից: «Թողարկում ենք քրոմե սպայական, կանացի յուֆտե, զինվորական կոշիկ: Սկզբից արտադրում ենք զինվորական յուֆտե կոշիկ, որպեսզի ժամանակին կոշկեղենով ապահովենք գարնանային զորակոչին»,- ասում է արտադրամասի պետն ու հավելում, որ իրենք ապահովված են մասնագետներով:

Բանվորները հիմնականում ունեն 20-25 տարվա աշխատանքային ստաժ: Ֆաբրիկայում աշխատում են ժամը 9-17-ը` օրվա ընթացքում կես ժամ ընդմիջումով:

Ընդմիջման համար, ինչպես իր հերթին նշում է գործադիր տնօրեն Վ. Մուսայելյանը, յուրաքանչյուր արտադրամասում կա ճաշարան, որոնք ապահովված են տաք ջրով, էլեկտրական սալիկներով: Նախկին պետական հիմնարկը սեփականաշնորհվել է 2004-ին: Այսօր «Արցախ կարի-կոշիկի արտադրական միավորում»-ում, գործադիր տնօրենի փոխանցմամբ, աշխատում է մոտ 300 հոգի: Նրանց միջին աշխատավարձը 65-75 հազ. դրամ է, սակայն կա նաեւ մինչեւ 90 հազ. ստացող բանվոր:

2005-ից այս հիմնարկն իրականացնում է նաեւ ՊԲ կենտրոնական կայազորի զորամասերի սպիտակեղենի ողջ լվացքը:

«Աշխատանքներն ընթանում են զորամասերի հետ համաձայնեցված հատուկ գրաֆիկով,-ասում է Վ. Մուսայելյանը:- Բողոքներ ընդհանրապես չեն եղել: ՊԲ իրային ծառայությունից պարբերաբար ստուգումներ են լինում, բողոքներ կատեգորիկ չեն եղել»:

«Ինչ-որ կարում ենք, մեր երեխաների համար ենք անում: Թող որ ուրախ սրտով ծառայեն, խաղաղ երկինք լինի, ու Աստծո օրհնությունը միշտ նրանց վրա լինի»,- եզրափակում է 45-ամյա բանվորուհի Կարինե Հարությունյանը:

Լուս.՝ Արմեն Երամիշյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter