HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Մեկնարկեց գարնանային զորակոչը

Այսօր ԼՂՀ Պաշտպանության բանակում մեկնարկեց գարնանային զորակոչը: ՊԲ հավաքակայանում զորակոչի բացմանը նվիրված հանդիսավոր միտինգը սկսվեց հանրապետության օրհներգով: Ներկա էին պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մ. Հակոբյանը, ՊԲ-ի եւ ՀԿ-ների ներկայացուցիչներ:  Բացման խոսքով հանդես եկավ ԼՂՀ ՊՆ ՌՀԴ եւ ՀԿՀԿ բաժնի պետ, գնդապետ Շ. Այդինյանը:

«Մեր ժողովրդի լավագույն զավակներից շատերն իրենց կյանքն են զոհաբերել հանուն անկախության ու ազատության, հանուն ազգի հարատեւման: Հավերժ փառք նրանց,- նշեց բանախոսը, ապա, դիմելով նորակոչիկներին, ասաց,- այսօր ձեզ է վստահվում հայրենիքի սահմանների, ազգային արժեքների ու ավանդույթների պահպանությունը: Այսօրվա զինծառայողները ծնվել են մեր ազգային-ազատագրական պայքարի զարթոնքի տարիներին` 1990-92 թթ: Արդեն 16 տարի է, ինչ շարունակվում է հարաբերական խաղաղությունը: Մենք բոլորս պիտի գիտակցենք, որ այն պայմանավորված է ոչ թե Ադրբեջանի բարի կամքով, այլ մեր բանակի մարտունակությամբ: Բանակի ուժը կարգապահության եւ մարտունակության մեջ է»:

Իր հերթին ուղջունելով նորակոչիկներին ՊԲ-ի շարքերը համալրելու կապակցությամբ`  ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մ. Հակոբյանը նշեց, որ տղաները դառնալու են պետության ամենակարեւոր անձինք, քանի որ իրականացնելու են ժողովրդի պաշտպանությունը: «Ավելի մեծ գործ, քան տուն-օջախը պաշտպանելը, քո հայրենիքը պաշտպանելը, դեռեւս չկա ու, կարծում եմ, այսուհետ եւս չի լինելու,- նշեց գեներալ-լեյտենանտ Մ. Հակոբյանը:- Այսօր բանակում ստեղծված են բոլոր պայմանները, որպեսզի ձեր ծառայությունը լինի ավելի հեշտ, ավելի շուտ ընկալեք ռազմական գործը եւ ավելի շուտ պատրաստ լինեք հայրենիքի համար նահատակվելու, եթե դրա կարիքը լինի»:

«Մարտական հերթապահությունը մարտական գործողությունների կատարում է: Իմացեք, որ դա ոչնչով չի տարբերվում ավագ սերնդի կատարած գործողություններից: Այսօրվա սերունդն իր մարտական խնդիրը կատարում է ավելի լավ, քան նախորդները, պատերազմի մասնակիցները: Սա լոկ խոսքեր չէ, որ ասում եմ: Մեր զինվորներն այսօր ավելի լուրջ խնդիր են իրականացնում: Դուք նրանց փոխարինողներն եք»,- ասաց ՊԲ հրամանատարը` շնորհավորելով ու ցանկանալով տղաներին միշտ պատրաստ լինել` հայրենիքին ծառայելու համար:

Նորակոչիկներին իր մայրական խոսքը, խորհուրդներն ու շնորհավորանքները հղեց ԼՂՀ զոհված ազատամարտիկների հարազատների միության նախագահ Գ. Առստամյանը: ԼՂՀ պատերազմի ու աշխատանքի վետերանների միության նախագահ Ս. Բարսեղյանը Հայրենական պատերազմի վետերանների անունից նորակոչիկներին բարեմաղթեց առողջություն ու ապագա հաջողություններ: Նա նորեկ զինվորներին տվեց երկու խորհուրդ: Նախ` անհրաժեշտ է ֆիզիկապես ու հոգեպես անցում կատարել զինվորական կանոնակարգված առօրյային, ինչից սկսվում է զինծառայությունը: Երկրորդ` կատարելապես տիրապետել վստահված զենքին, կատարել հրամանատարների հրամանը, լավագույնս օգտագործել գիտելիքներն ու ունակությունները: Երիտասարդները բանակ զորակոչվելու առիթով շնորհավորանքներ ստացան նաեւ ազատամարտիկներից ու ներկա զինծառայողներից: Իսկ Հայ Առաքելական եկեղեցու անունից տղաներին բարի երթ մաղթեց ՊԲ հոգեւոր սպասավոր Սամվել սարկավագ Մկրտչյանը:

Հանդիսավոր միտինգի ավարտին հնչեց ԼՂՀ պետական օրհներգը: Այնուհետ ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մ. Հակոբյանը մոտիկից շփվեց նորակոչիկների հետ, ծանոթացավ նրանց տրամադրվածությանը, տվեց խորհուրդներ:

«Տրամադրությունս շատ լավ է, բարձր: Ծառայելու ենք հանուն հայրենիքի: Բոլոր զինվորներին ցանկանում ենք բարի ծառայություն, իսկ ով էլ սիրած աղջիկ ունի, թող նա սպասի սիրած տղային: Բանակը տղամարդու համար է»,- նշեց նորակոչիկ Հ. Մեսրոպյանը:

«Արդեն ապրած ու զգացած լինելով տղաների հույզերը, անցած լինելով նրանց անցնելիք ճանապարհը` հասկանում եմ, որ սկզբում դժվար է լինելու, բայց մեկ-երկու ամիս անց տղաները կհարմարվեն բանակային կյանքին: Մեր նորակոչիկներին մաղթում եմ հոգու արիություն, քաջություն, համարձակություն, բարի ծառայություն, իսկ նրանց ընտանիքներին` հաջողություն ու բարեկեցություն»,- եզրափակեց կրտսեր սերժանտ Յ. Սոլոմոնյանը:

Լուս.՝ Արմեն Երամիշյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter