
Ալեն Սիմոնյանը պարգևատրել է պատգամավորներին. «Հայաստան» խմբակցությունը հրաժարվելու է գումարից
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն անկախության 30-ամյակի կապակցությամբ ԱԺ պատգամավորներին և աշխատակազմին պարգևատրելու կարգադրություն է ստորագրել:
Այս մասին ԱԺ ճեպազրույցներին հայտնեց ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:
Պատգամավորի խոսքով՝ այդ մասին րոպեներ առաջ են իմացել: Նա դատապարտելի որակեց պարգևատրումն այս պայմաններում, երբ երկրում «10 հազարից ավելի վիրավորներ ու հաշմանդամներ կան»: Սաղաթելյանը վստահեցրեց՝ հրաժարվելու են այդ գումարից. կամ պետբյուջե են փոխանցելու, կամ սահմանամերձ որևէ համայնքում ծրագիր են իրականացնելու: Սաղաթելյանը նաև հայտարարեց, որ պատրաստվում են պարգևատրման ինստիտուտի առնչությամբ բողոք ներկայացնել ՍԴ՝ պնդելով, որ առանց հստակ չափորոշիչների պարգևատրում իրականացնելն ապօրինի է:
Նշենք, որ քիչ առաջ պատգամավոր Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է փոխանցման չափը, ըստ որի՝ այն 381.420 դրամ է:
Մեկնաբանել