HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Նոր գիրք` Արցախի պարբերական մամուլի մասին

Լույս է տեսել «Արցախի պարբերական մամուլի պատմությունից: Արցախի պարբերական մամուլի մատենագիտություն (1874-2009)» գիրքը, որը ներկայացնում է արցախյան պարբերականների ամբողջական ու ամփոփ` 135-ամյա պատմությունը:

Վերհիշելով գրքի ստեղծման մտահղացման մասին` կազմող-հեղինակը` պատմաբան, լրագրող, Շուշիի «Կաճառ» գիտական կենտրոնի ղեկավար Մհեր Հարությունյանը պատմում է. «Մեր կենտրոնում հավաքվում են Արցախում հրատարակված պարբերականների հավաքածուներ, որոնց հիման վրա մտադրություն կար ստեղծել Արցախի պարբերական մամուլի մատենագիտությունը: Այդ աշխատանքների շրջանակներում անցյալ տարի մենք առաջարկեցինք Արցախի ժուռնալիստների միությանը (ԱԺՄ) Արցախում լույս տեսած առաջին հայկական պարբերականի` «Հայկական աշխարհի» հրատարակման 135-ամյակին նվիրված միջոցառում կազմակերպել, որն ընդունվեց սիրահոժար կերպով: Կազմակերպվեց կլոր սեղան, որտեղ ներկայացվեց Արցախում պարբերական մամուլի սկզբնավորման պատմությունը, անցած 135-ամյա ուղին եւ որոշվեց հենց այդ միջոցառման օրը` մայիսի 23-ը, հռչակել Լրագրողի օր»:

ԼՂՀ կառավարությունը նույնպես հավանություն տվեց այդ որոշմանը, ու մայիսի 23-ը որպես Լրագրողի օր մտավ ԼՂՀ պետական տոնացույց: Բացի այդ` ԱԺՄ-ն որոշեց նաեւ կյանքի կոչել Արցախի պարբերական մամուլի ամբողջական մատենագիտության ստեղծման գաղափարը:

«Ցավոք, գրքի վրա երկար ժամանակ աշխատելու հնարավորություն չունեցանք, քանի որ փորձում էինք այն լույս ընծայել նախքան այս տարի Լրագրողի օրը նշելը, որպեսզի ժուռնալիստներին կարողանանք հաճելի նվեր մատուցել,- ասում է Մ. Հարությունյանը:- Պատմության ու մատենագիտության վերստեղծումը տքնաջան ու մանրակրկիտ աշխատանք են պահանջում: Ընդ որում` նախորդ ուսումնասիրողները նույնպես բախվել այն խնդիրներին, ինչ մենք: Ամենամեծ խնդիրը պարբերականների հավաքածուների պակասն է: Օրինակ` անցյալ տարվա կլոր սեղանի ժամանակ առաջարկ եղավ Արցախի պարբերական մամուլի թանգարան ստեղծել: Սակայն մենք հակված ենք նրան, որ նախքան դա պետք է պարբերական մամուլի արխիվ ունենալ: Վերջինիս պահանջարկը շատ մեծ է: Դա զգացի, երբ աշխատում էի այս գրքի վրա, որովհետեւ առ այսօր ոչ միայն Արցախում, այլեւ ՀՀ-ում մենք չունենք բոլոր հայ պարբերականների ամբողջական հավաքածուները, որոնք թույլ կտան առավել ամբողջական ու հիմնավորապես ներկայացնել ինչպես պարբերական մամուլի պատմությունը, այնպես էլ մատենագիտությունը»:

Հեղինակն ասում է, որ «Կաճառ» ԳԿ-ում այս ուղղությամբ արդեն բավականին աշխատանքներ են կատարվել. կենտրոնի գրադարանում մեծ թվով պարբերականների հավաքածուներ կան: «Կարծում եմ` ոլորտի պատասխանատուներն ու լրագրողները եւս շահագրգռված կլինեն մեր պարբերական մամուլի արխիվի ստեղծման աշխատանքներն ընթացքավորելու մեջ,- նշում է Մ. Հարությունյանը, ապա հավելում,- հուսանք, որ առաջիկա մի քանի տարիների ընթացքում այդ գործը գլուխ կգա»:

Անդրադառնալով գրքի ստեղծման դժվարություններին` հեղինակն ասում է, որ կան, օրինակ, պարբերականներ, որոնց միայն անուններն են հայտնի, ուսումնասիրողները դրանք չեն տեսել, բայց կան արժանահավատ վկայություններ: «Մեր նպատակն է եղել խմբագիրներին, լրագրողներին ու մամուլի պատմությամբ զբաղվողներին տալ մի որոշակի նյութ, որի վրա կարելի է աշխատել, լրամշակել, առաջարկություններ մտցնել եւ ավելի կատարյալ աշխատանք ունենալ»,- ասում է Հարությունյանը ու միաժամանակ խոստովանում, որ գիրքը հրատարակվել է տեխնիկական մի շարք թերություններով, ինչը ցույց է տալիս, որ «Արցախում առայժմ չունենք լուրջ հրատարակչություն. պոլիգրաֆիական որակի հարցը կարծես թե լուծվել է, բայց ահա հրատարակչական-մասնագիտական մոտեցման խնդիրն առկախ է մնում»:

«Արցախի պարբերական մամուլի պատմությունից: Արցախի պարբերական մամուլի մատենագիտություն (1874-2009)» գրքի շնորհանդեսը տեղի է ունեցել մայիսի 27-ին` Լրագրողի օրվան նվիրված միջոցառման ժամանակ (արցախցի ժուռնալիստները մայիսի 23-ի ԼՂՀ ԱԺ ընտրությունների պատճառով ստիպված էին մի քանի օր ուշացումով նշել իրենց մասնագիտական տոնը):

Գրքի հեղինակը, սակայն, նշում է, որ իրենք մտադիր են նաեւ մասնագիտական քննարկում կազմակերպել, որտեղ լրագրողները, ոլորտի ներկայացուցիչները հանդես կգան առաջարկներով: Այս ամենը հնարավորություն կտա երկրորդ հրատարակության ժամանակ ավելի ավարտուն, անսխալ գիրք ստեղծել: Նախնական մտահղացմամբ` հնարավոր է գրքի վերահրատարակումը նաեւ օտար` ռուսերեն, անգլերեն լեզուներով:

Որպես պարբերական մամուլի պատմությանն ու մատենագիտությանը նվիրված աշխատանք` գիրքն ունի մի շարք առանձնահատկություններ: Բանն այն է, որ չնայած հայ պարբերական մամուլի ուսումնասիրողները որոշակիորեն անդրադարձել են նաեւ արցախյան մամուլին, սակայն մինչ այս, թերեւս, միայն Սմբատ Ավագյանն է, որ այդ թեման դարձրել է առանձին ամբողջական, մանրակրկիտ ու խոր ուսումնասիրման առարկա:

«Ավագյանը, որը հիմնավորապես զբաղվել է Արցախի պարբերական մամուլի ուսումնասիրությամբ, սկզբում վերհանել է խորհրդային շրջանի մամուլը, հետո` մինչեւ 1920-ը եղած արցախյան մամուլի պատմությունը,- նշում է Մհեր Հարությունյանը:- Փաստորեն նա ուսումնասիրել է 1874-ից մինչեւ 1960-ականների պատմությունը: Ճիշտն ասած` ակնկալություն չունեինք, որ նոր բան կարող ենք ավելացնել նրա նյութին, բայց մեծ եղավ ուրախությունը, երբ նախախորհրդային շրջանի մի քանի անհայտ թերթերի մասին տեղեկություններ գտանք: Մինչեւ 1980-ականների արցախյան մամուլի պատմությունը ներկայացվել է Մանվել Բաբլոյանի հայ պարբերական մամուլի համահավաք ցուցակում` թեեւ էլի որոշակի բացթողումներով: Ու հիմա մեր խնդիրն է եղել ամբողջապես ներկայացնել մինչեւ 2009-ը Արցախում հրատարակված պարբերականները: Հատկապես կարեւորել ենք արցախյան շարժումից առ այսօր տպագրված պարբերականների ցուցակի ու տեղեկությունների մատուցումը: Բանն այն է, որ հատկապես 1988-1992 թթ. շրջանը գրեթե ուսումնասիրված չէր: Օրինակ` «Մատենագիտություն նորանուն հայկական պարբերական մամուլի. 1987-1996» գրքում ներկայացված են Արցախում տպագրված 15 անուն պարբերականներ, մինչդեռ մեր հրատարակությունում դրանք մի քանի անգամ ավելի շատ են»:

Հեղինակը կատարել է նաեւ Արցախի պարբերական մամուլի պատմության պարբերացում` այն բաժանելով 4 փուլի. առաջին` սկզբնավորման ու կայացման շրջան (1874-1920-ի մարտ), երկրորդ` խորհրդային բռնատիրության շրջան (1923-ի ապրիլ-1988-ի մարտ), երրորդ` անցումային շրջան (1988-ի ապրիլ-1991-ի սեպտեմբեր), չորրորդ` անկախության շրջան (1991-ի սեպտեմբերից մինչ օրս):

«Արցախի պարբերական մամուլի պատմությունից: Արցախի պարբերական մամուլի մատենագիտություն (1874-2009)» գրքում ներկայացված են նաեւ Ղարաբաղում երբեւէ լույս տեսած օտարալեզու` ռուսերեն, ադրբեջաներեն պարբերականները: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ադրբեջանցի պատմաբանների` Ադրբեջանական ԽՍՀ-ում, այդ թվում` նախկին ԼՂԻՄ-ում լույս տեսած ադրբեջաներեն պարբերականների թիվը արհեստականորեն մեծացնելու փորձերին:

Հեղինակների հաշվարկները, համադրումները հանգեցրել են այն մտքին, որ Խորհրդային Ադրբեջանի տարածքում տպագրվել է ընդամենը 16 անուն ադրբեջաներեն թերթ: «Եվ հենց այս համեմատությունը Արցախում տպագրված պարբերականների թվի հետ ուղղակի վկայում է մեր ժողովրդի բարձր մակարդակի ու հասարակական-քաղաքական ակտիվության, ստեղծագործ մտքի մասին, ինչը չես ասի մեր հարեւանների վերաբերյալ,- ասում է Մ. Հարությունյանը:- Ընդ որում` նրանց ներկայացրած թվերի մեջ մեծ են Բաքվում, Գանձակում, Շամխորում ու Ադրբեջանի այլ հայաբնակ վայրերում լույս տեսած հայկական պարբերականները: Նշենք նաեւ, որ ադրբեջանական շատ թերթեր տպագրվել են կամ անմիջապես հայ խմբագիրների, կամ հայերի գործուն մասնակցությամբ»:

1874-2009 թթ. արցախյան մամուլի մատենագիտությունն ընդգրկում է 180 անուն պարբերական` թերթեր, ամսագրեր, տեղեկագրեր, տարեգրքեր եւ այլն: «Պարբերական մամուլի նախորդ ուսումնասիրողները շատ բծախնդրորեն են ընտրել այն պարբերականները, որոնք ներկայացրել են իրենց ցուցակներում: Մինչեւ անգամ գերատեսչական տեղեկագրերը, տարբեր հաստատությունների տեղեկատու տարեգրքերը նրանք չեն ընդգրկել իրենց մատենագիտական ցանկերում, չեն ընդգրկել նաեւ միօրյա թերթերը, որոնք լույս են տեսել այս կամ այն նշանավոր իրադարձության առիթով,- ասում է Մ. Հարությունյանն ու ավելացնում:- Մենք գտանք, որ ցանկալի կլիներ ներկայացնել բոլոր այն պարբերականները, որոնք տպագրվել են Արցախում: Իհարկե, չեմ կարծում, թե կարողացել ենք ամբողջը ընդգրկել, բայց աշխատել ենք հնարավորինս շատ պարբերականների անդրադառնալ: Իսկ ահա փոքր տպաքանակ ունեցող ու անկանոն պարբերականությամբ լույս տեսնող պատի թերթերին, բյուլետեններին չենք անդրադարձել` դրանց լուսաբանած թեմաների կարեւորությունը, տարածման շրջանակները հաշվի առնելով: Բայց, այնուամենայնիվ, գրքում նշել ենք դրանց մասին»:

Մեկնաբանություններ (1)

Էռնա
Գրքի էլեկտրոնային տարբերակը ի՞նչպես կարող եմ գտնել

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter