HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ռուսաստանում մեկնարկել են Պետդումայի եռօրյա ընտրությունները

Ռուսաստանում մեկնարկել են VIII գումարման Պետական Դումայի եռօրյա ընտրությունները։ Առաջին ընտրական տեղամասերը սեպտեմբերի 17-ին Երևանի ժամանակով 00:00-ին բացվել են Հեռավոր Արևելքում (Չուկոտկա և Կամչատկա)։ Ռուսաստանի պատմության մեջ առաջին անգամ ընտրությունները կտևեն երեք օր (սեպտեմբերի 17-19)։

Եռօրյա ընտրությունների վերաբերյալ որոշումն ընդունել էր Ռուսաստանի ԿԸՀ-ն՝ հաշվի առնելով Սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության ոլորտում վերահսկողության ՌԴ դաշնային ծառայության (Ռոսպոտրեբնադզոր) խորհուրդներին՝ կապված կորոնավիրուսային հիվանդության ռիսկերի կրճատման հետ։

Համաձայն ՌԴ Ընտրական օրենսգրքի՝ Պետդումայի պատգամավոր ընտրվում են ուղիղ քվեարկության ճանապարհով՝ մեծամասնական-համամասնական խառը ընտրական համակարգով։ Դա նշանակում է, որ ռուսական խորհրդարանի ստորին պալատի պատգամավորների կեսը (225 պատգամավոր) կընտրվի մեծամասնական ընտրակարգով, երբ քվեարկության մասնակիցները քվեարկում են կոնկրետ թեկնածուի օգտին։ Մյուս 225 պատգամավորները կընտրվեն համամասնական ընտրակարգով, երբ քվեարկության մասնակիցները քվեարկում են քաղաքական կուսակցությունների օգտին, իսկ կուսակցությունների ցուցակում գտնվող թեկնածուներն անցնում խորհրդարան՝ ըստ տվյալ կուսակցության ընտրությունների արդյունքում ստացած ձայների։ Այս ընտրություններին մասնակցում է 15 կուսակցություն, այդ թվում՝ «Եդինայա Ռոսիան», Ռուսաստանի կոմունիստական կուսակցությունը, Ժիրինովսկու գլխավորած Ռուսաստանի լիբերալ‑դեմոկրատական կուսակցությունը, «Яблоко»-ն և այլն։

Պատգամավորները կընտրվեն 5 տարի ժամկետով։ Ընտրողների ընդհանուր թիվը կազմում է 110 205 303 մարդ, որից 108 145 648-ը գտնվում են Ռուսաստանում, 2 047 140-ը՝ արտասահմանում, իսկ 12 515-ը՝ Ղազախստանի Բայկոնուր քաղաքում։ Ընդհանուր առմամբ մեծամասնական ընտրակարգով մասնակցում է 2020 թեկնածու։

Զուգահեռաբար, բացի Պետդումայի ընտրություններից, ուղիղ քվեարկության ճանապարհով ընթանում են նաև Ռուսաստանի ինը շրջանների ղեկավարների ընտրությունները, որոնց թվում են Խաբարովսկի երկրամասը, Բելգորոդի, Պենզայի, Ուլյանովսկի, Տուլայի և Տվերի մարզերը, Չեչենական Հանրապետությունը, ինչպես նաև Տիվան և Մորդովիան։ Երեք հանրապետություններում էլ ղեկավարների ընտրություններն ընթանում են խորհրդարանական քվեարկության ճանապարհով (Դաղստան, Կարաչայ-Չերքեզիա և Հյուսիսային Օսիա-Ալանիա)։

Ռուսաստանի 39 շրջանում էլ կընթանան տեղական խորհրդարանի ընտրություններ, իսկ 19 շրջանում, ներառյալ դաշնային քաղաքի կարգավիճակ ունեցող Մոսկվայում և Սևաստոպոլում՝ շրջանային խորհրդարանի լրացուցիչ ընտրություններ։

Լուսանկարը՝ РИА Новости-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter