HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Նպատակը կարգապահական հաստատությունները եվրոպական չափանիշներին մոտեցնելն է

2009 թ. «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ն ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի աջակցությամբ իրականացրել է ՀՀ ՊՆ կայազորային կարգապահական մեկուսարանների եւ կարգապահական գումարտակի ուսումնասիրություն: Վերջինիս նպատակը նշված հաստատություններում պահվող անձանց պահման պայմաններին ծանոթանալն է եղել:

Ուսումնասիրության արդյունքներով` դիտարկված 11 մեկուսարաններից 7-ը վերանորոգված են եղել, ու դրանցում պահպանված են ընդհանուր չափանիշները, ապահովված են միանման կենսապայմաններ: Սանիտարահիգիենիկ վիճակն էլ կարելի է գնահատել բավարար: Մինչդեռ, ըստ հաշվետվության, դեռեւս չվերանորոգված մեկուսարաններում բավական ծանր սանիտարահիգիենիկ վիճակ է: Այս առումով առանձնացվել են Վեդու, Գյումրու եւ Էջմիածնի կարգապահական մեկուսարանները, որտեղ «նույնիսկ վերանորգման արդյունքում հնարավորություն չի լինի ընդունելի պայմաններ ապահովելու ազատությունից զրկվածների համար: Հետեւաբար, մինչ նոր շենքային պայմանների ստեղծումը պետք է բացառել համապատասխան վայրերում անձանց պահելը, քանի որ այդ պայմաններն անմարդկային են ու նվաստացուցիչ, եւ դրանցում անձանց պահելը կհանգեցնի Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիային հակասող վերաբերմունքի դրսեւորման»:

Այսօր «Էրեբունի պլազա» հյուրանոցում կազմակերպված քննարկման ժամանակ ներկայացվեցին «Քաղաքացիական հասարակության ինստիտուտի» ուսումնասիրության արդյունքները: Ներկա էր նաեւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի տնօրեն Սերգեյ Կապինոսը:

Քննարկմանը, որին մասնակցում էին ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության եւ իրավաբանական վարչությունների աշխատակիցներ, դատախազության ու իրապավաշտպան եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, լրագրողներ, պարզ դարձավ, որ այս տարվա մարտ-ապրիլ ամիսներին Վեդու կարգապահական մեկուսարանում իրականացվել են շինարարական եւ վերանորոգման աշխատանքներ: Արդեն իսկ կառուցվել եւ շահագործման են հանձնվել լոգարանը եւ զբոսահրապարակը, վերանորոգվել է զուգարանը, սննդի պատրաստման եւ ընդունման կետը, որտեղ ապահովված են սանիտարական նորմերը: ՌՈ պետի ժամանակավոր պաշտոնակատար, գնդապետ Հ. Ստեփանյանի տեղեկացմամբ` Էջմիածնի նոր մեկուսարանի շինարարական աշխատանքները անցյալ տարվա ֆինանսական ճգնաժամի հետեւանքով տեղափոխվել են 2010 թ.-ի 2-րդ կիսամյակ: Ավարտվել են նաեւ Հրազդանի կարգապահական գումարտակի բաղնիքի եւ բուժկետի վերանորոգման աշխատանքները:

«Քաղաքացիական հասարակության ինստիտուտի» հաշվետվությամբ առաջարկվում է մի շարք փոփոխություններ կատարել մեկուսարանների կահավորման եւ պահման պայմանների ուղղությամբ, ինչով պետք է բավարարվեն Եվրոպական բանտային կանոններով նախատեսված նվազագույն չափանիշները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter