
Թուրքիայում հայտնաբերվել է աշխարհի ամենահին խճանկարներից մեկը
Թուրքիայում հայտնաբերվել է աշխարհի ամենահին խճանկարներից մեկը։ Այդ մասին հայտնում է Daily Sabah-ը։ Հնագետներն այն հայտնաբերել են Յոզղաթ նահանգի Սորգուն շրջանի Ուշաքլը բլրի պեղումների ժամանակ, որտեղ 2012 թվականից իտալացի մասնագետների մասնակցությամբ իրականացվում են հնագիտական աշխատանքներ։
Խճանկարի չափերը կազմում են 3X7 մետր։ Այն բաղկացած է 3147 քարերից։ Նախնական գնահատմամբ՝ խճանկարը 3500 տարեկան է։ Գտածոն թվագրվում է Խեթական թագավորության ժամանակաշրջանին, որը գոյություն է ունեցել մ.թ.ա. XVIII-XII դարի սկզբին Փոքր Ասիայում։
«Պարզվել է, որ հայտնաբերված խճանկարը համաշխարհային պատմության մեջ իր տեսակով առաջինն է։ Հաստատում է այդ փաստը նաև դրա ձևը։ Այն բավականին պարզունակ է։ Մենք կարծում ենք, որ այդ բացահայտումը կնպաստի զբոսաշրջիկների ներհոսքին»,- հայտարարել է Յոզղաթ նահանգի մշակույթի և զբոսաշրջության վարչության պետ Հուսեյն Չիֆթչին։
Պիզայի համալսարանի հնագետ Անակլետո Դ’ագոստինոն կարծում է, որ խճանկարը ստեղծվել է մեր թվարկությունից առաջ 1500 թվականին։ Նա նաև պնդում է, որ խճանկարը մինչ օրս հայտնաբերված ամենահին խճանկարն է։ «Մենք գիտենք, որ համանման խճանկարներ կան Հունաստանում, բայց, կարծում եմ, որ սա ավելի հին է»,- նշում է հնագետը։
Լուսանկարը՝ IHA Photo-ի
Մեկնաբանել