HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ֆրանսիան ԱՄՆ-ից և Ավստրալիայից հետ է կանչել իր դեսպաններին

Ֆրանսիան խորհրդակցությունների նպատակով Միացյալ Նահանգներից և Ավստրալիայից անմիջապես հետ է կանչում իր դեսպաններին՝ Կանբերայի կողմից Փարիզի հետ ֆրանսիական սուզանավերի մատակարարման բազմամիլիարդանոց պայմանագրի չեղարկման ֆոնին։ Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը։ 

«Այս բացառիկ որոշումը պայմանավորված է ծայրահեղ լրջությամբ այն որոշումների, որոնց մասին սեպտեմբերի 15-ին հայտարարել էին Ավստրալիան և ԱՄՆ-ն»,- նշվում է ֆրանսիական արտաքին քաղաքական գերատեսչության տարածած մամլո հաղորդագրության մեջ։ «Մեր երկրի նախագահի խնդրանքով ես հրամայել եմ խորհրդակցությունների նպատակով անմիջապես Փարիզ հետ կանչել ԱՄՆ-ում և Ավստրալիայում մեր դեսպաններին»,- հայտարարել է ֆրանսիական դիվանագիտության ղեկավարը։

Լը Դրիանն ընդգծել է, որ սուզանավերի նախագծից հրաժարվելը, որի շուրջ Ավստրալիան 2016 թվականից բանակցություններ էր վարում Ֆրանսիայի հետ, և դրա փոխարեն ԱՄՆ-ի հետ նոր գործընկերություն սկսելը՝ միջուկային ուժային կայանքներով սուզանավեր կառուցելու, անընդունելի գործողություններ են դաշնակիցների և գործընկերների նկատմամբ։ 

Ավելի վաղ, ԱՄՆ-ն, Ավստրալիան և Մեծ Բրիտանիան հայտարարել էին Չինաստանի դեմ AUKUS անունով նոր դաշինքի ստեղծման մասին։ ԱՄՆ-ն և Բրիտանիան, այդ դաշինքի շրջանակներում, խոստացել էին օգնել Ավստրալիային ստեղծել սեփական միջուկային ստորջրյա նավատորմը։ Արդյունքում, Ավստրալիան չեղարկել էր Ֆրանսիայի հետ արդեն իսկ կնքված պայմանագիրը, որով նախատեսվում էր 56 միլիարդ եվրոյով Ավստրալիա մատակարարել 12 սուզանավ։ Փարիզն այդ որոշումն անվանել է դաշնակցի «մեջքին հարված»։

Միացյալ Նահանգներն ու Ավստրալիան իրենց մտահոգությունն են հայտնել Փարիզի որոշման վերաբերյալ։ «Ֆրանսիան համարվում է կարևոր գործընկեր և հին դաշնակից, և մենք չափազանց թանկ ենք գնահատում մեր հարաբերությունները»,- հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը։ Նրա խոսքով՝ Վաշինգտոնը մտադիր է առաջիկա օրերին այս հարցով քննարկումներ նախաձեռնել, մասնավորապես՝ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի շրջանակներում, որը կմեկնարկի սեպտեմբերի 21-ին։ 

Ավստրալիայի արտաքին քաղաքական գերատեսչությունն էլ հայտարարել է, որ Ավստրալիան գնահատում է իր հարաբերությունները Փարիզի հետ։ «Մենք ուրախ կլինենք հնարավորություն ունենալ նորից քննարկել այն բազմաթիվ թեմաներն ու հետաքրքրությունները, որոնք հիմնված են մեր ընդհանուր արժեքների վրա»,- նշվում է հայտարարության մեջ։

Լուսանկարը՝ BRENDAN ESPOSITO POOL/AFP/File

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter