HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կառավարությունը թեթևացնում է ՓՄՁ հարկային բեռը

Այսօր տեղի է ունեցել կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։

Նկատի առնելով այն հանգամանքը, որ 2011 թ. դեկտեմբերի 7-ին Ազգային ժողովի ընդունած և 2012 թ. ապրիլի 1-ից ուժի մեջ մտած «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու օրենքում առաջին անգամ արտոնագրային վճար վճարելու ժամկետների առումով կարգավորումներ տրված չեն, կառավարությունն արձանագրել է, որ նշված օրենքի 7-րդ հավելվածի 1-ին կետով սահմանված գործունեության տեսակների համար նախատեսված արտոնագրային վճարը 2012 թվականին առաջին անգամ (2012 թ. երկրորդ եռամսյակի համար) կարող է վճարվել եռամսյա ժամանակահատվածի համար առաջին արտոնագրի գործողության ժամկետում` մինչև 2012 թ. հունիսի 1-ը ներառյալ։

Որոշմամբ կարգավորվում են «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքով սահմանված հարկման մոտեցումները` կապված դրույքաչափերի, վճարումների կատարման պարբերականության հետ։ 

Տիգրան Սարգսյանը նշել է, որ այս հարցը փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի նիստում բարձրացրել են խորհրդի անդամները։

«Սա իրականում հարկային բեռի հերթական թեթևացումն է փոքր բիզնեսի համար, - շեշտել է կառավարության ղեկավարը։ - Արտոնագրային վճարների բեռը նույնպես թեթևանում է։ Այսուհետև փոքր բիզնեսի ներկայացուցիչները կարող են արտոնագրային վճար իրականացնել ամսական, եռամսյակային, վեց, ինն և տասներկու ամսվա կտրվածքով։ Եթե անձն ուզում է եռամսյակային վճար կատարել, ավելի քիչ է վճարելու, եթե վեց ամսվա արտոնագիր է վերցնում, ավելի քիչ է վճարում, այսինքն` ինչքան ավելի երկար ժամանակի համար է արտոնագիր վերցնում, այնքան ավելի էժան է, և ավելի քիչ է վճարում։ Սա` առաջինն է, ամենակարևորը։

Երկրորդ` տաքսու վարորդ անհատ ձեռներեցների ավտոմեքենաների տեխզննումը տարեկան ոչ թե երկու անգամ է լինելու, այլ մեկ անգամ։ 

Երրորդ արտոնություն` քանի որ առաջին անգամ է այս նորմը ներդրվում Հայաստանի Հանրապետությունում, վճարը կարող է իրականացվել մինչև հունիսի 1-ը։ 

Չորրորդը վերաբերում է սննդի օբյեկտներին։ Մինչև 50 քառ.մ սննդի օբյեկտների համար մենք սահմանել էինք արտոնագրային վճար։ Միկրո և փոքր բիզնեսի ներկայացուցիչներն արդարացիորեն մեզ դիմեցին, որ կան շատ ավելի փոքր սննդի օբյեկտներ` մինչև 20 քառ.մ, և դրանց համար առաջարկվում է սահմանել արտոնագրային վճար, որը 2.5 անգամ ավելի ցածր է, քան այսօր, այսինքն` նույնպես հարկային բեռի էական թեթևացում է տեղի ունենում»։

Տիգրան Սարգսյանը հավելել է, որ Երևանում և Երևանի մերձակայքում կան սննդի խոշոր օբյեկտներ, և արդարացի չէ, որ դրանք մուծեն նույնքան հարկեր, որքան փոքր և միջին բիզնեսը։ Վարչապետը ֆինանսների նախարարին հանձնարարել է առաջարկություններ ներկայացնել կառավարություն, որպեսզի սննդի խոշոր օբյեկտները դուրս բերվեն արտոնագրային վճար մուծողների դասից։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter