
SpaceX-ն առաջին անգամ զբոսաշրջիկներ էր ուղարկել տիեզերք. նրանք բարեհաջող վերադարձել են
Իլոն Մասկին պատկանող SpaceX ընկերության «Crew Dragon» տիեզերանավի կապսուլը բարեհաջող վայրէջք է կատարել Ատլանտյան օվկիանոսում, Ֆլորիդայի ափերի մոտ՝ Inspiration4 եռօրյա արշավի արդյունքում վերադառնալով տիեզերքից։
Սա պատմության մեջ առաջին տիեզերական թռիչքն էր, որի մասնակիցներից և ոչ մեկը պրոֆեսիոնալ տիեզերագնաց չէր։ Բոլոր չորս մասնակիցները՝ միլիարդատեր Ջարեդ Այզեքմանը, Հեյլի Արսենոն, Սիան Պրոկտորը և Քրիս Սեմբրոսկին զբոսաշրջիկներ էին։
Ջերմային վահանը կապսուլին հնարավորություն է տվել դիմանալ տաքացմանը՝ մթնոլորտի վերին շերտեր մտնելու ժամանակ։ Այնուհետ բացվել է չորս մեծ օդապարիկ, և կապսուլը օվկիանոսի մակերևույթին է հասել Գրինվիչի ժամանակով մոտ 23:00-ին։
Դրանից հետո, անկման վայր է մեկնել Space X-ի նավը, որն աստղագնացներին օգնել է դուրս գալ կապսուլից։ Ավելի ուշ, անձնակազմին ուղղաթիռով տեղափոխել են Քանավերալ հրվանդանի վրա գտնվող տիեզերակայան, որտեղից նրանք տիեզերք էին թռել չորեքշաբթի օրը՝ սեպտեմբերի 15-ին։ «Այ թե ճանապարհորդություն ունեցանք։ Եվ սա միայն սկիզբն է»,- վայրէջք կատարելուց հետո կապսուլից հեռաձայնել է Ջարեդ Այզեքմանը։
Թռիչքի իրականացման համար վճարել է հենց Այզեքմանը։ Time ամսագրի տվյալներով՝ այն մոտավորապես կազմել է 200 միլիոն դոլար։ Նա դարձել էր արշավի ոչ պաշտոնական հրամանատարը և իր հետ վերցրել թռիչքի երեք մասնակցի, որոնց հետ մինչ այդ ծանոթ չի եղել։
SpaceX ընկերությունն աստղագնացներին «Crew Dragon» տիեզերանավով տիեզերք էր դուրս բերել սեպտեմբերի 15-ին։ Այն ուղիղ եթերով հեռարձակվել էր YouTube-ում։
Crew Dragon-ը հաջողությամբ դուրս է եկել 585 կիլոմետր բարձրությամբ ուղեծիր, ինչը ռեկորդային է դարձել։ Նախորդ անգամ տիեզերանավը նման բարձր ուղեծրի էր հասել 2009 թվականին։ Դա «Ատլանտիս» շաթլն էր, որը դեպի «Հաբլ» աստղադիտակ առաքելության շրջանակներում բարձրացել էր մոտ 575 կմ: Բացի Ջարեդ Այզեքմանից, թռիչքին մասնակցել է նաև Մեմֆիսի Սուրբ Հուդայի հիվանդանոցի բժիշկներից մեկի օգնական, 29-ամյա Հեյլի Արսենոն։ Հիվանդանոցը զբաղվում է ուռուցքաբանական հիվանդությունների ոլորտում հետազոտություններով և բուժմամբ։ Մանուկ հասակում Արսենոն ունեցել է օստեոսարկոմա և բուժվել հենց այդ հիվանդանոցում։ Բուժվելով և կրթություն ստանալով՝ նա վերադարձել է այնտեղ աշխատանքի։
Անձնակազմի հաջորդ անդամը եղել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի վետերան, 42-ամյա Քրիս Սեմբրոսկին։ Նա Lockheed Martin ընկերությունում զբաղվում է տվյալների մշակմամբ։ Նա մանուկ տարիքից երազել է տիեզերքի մասին, իսկ համալսարանում եղել է ProSpace-ի կամավոր։ Սեմբրոսկին անձնակազմին միացել է վիճակահանության արդյունքում, որը կազմակերպվել էր բոլոր նրանց միջև, որոնք նվիրատվություն էին արել Սուրբ Հուդայի հիվանդանոցին։ Վիճակահանությունում հաղթել էր նրա ընկերը, սակայն վերջինս չէր կարողացել թռչել և իր տեղը զիջել էր Սեմբրոսկիին։
Անձնակազմի վերջին անդամը եղել է երկրաբանության պրոֆեսոր, 51-ամյա Սիան Պրոկտորը, որի հայրն աշխատել է NASA-ում՝ «Ապոլոն» տիեզերական ծրագրի վրա։ Պրոկտորը 2009 թվականին դարձել էր NASA-ի աստղագնացների մրցույթի ֆինալիստներից մեկը, սակայն չէր կարողացել հաղթահարել ընտրական վերջին փուլը։ Պրոկտորը միացել էր Inspiration4-ի անձնակազմին ձեռնարկատերերի մրցույթի արդյունքում, որոնց առաջարկվում էր ստեղծել առցանց բարեգործական խանութներ, որոնց հասույթը կուղղվեր Սուրբ Հուդայի հիվանդանոցին։
All smiles from our crew as we near launch of #Inspiration4. pic.twitter.com/UrBdOlxLPJ
— Inspiration4 (@inspiration4x) September 12, 2021
Բացի այն, որ թռիչքին չի մասնակցել որևէ պրոֆեսիոնալ աստղագնաց, այս առաքելությունը սահմանել է մի քանի այլ ռեկորդներ ևս։ Հեյլի Արսենոն դարձել է ԱՄՆ ամենաերիտասարդ քաղաքացին, որը եղել է տիեզերքում, ինչպես նաև առաջին աստղագնացը, որն ունեցել է պրոթեզ։ Սիան Պրոկտորն էլ դարձել է տիեզերանավի առաջին սևամորթ կին օդաչուն։ Բացի այդ, սա SpaceX-ի առաջին մասնավոր տիեզերական առաքելությունն էր։
2021 թվականի հուլիսին իրականացվել է տիեզերական զբոսաշրջության մեջ միանգամից երկու նշանավոր թռիչք։ Տիեզերքում եղել են միլիարդատերեր Ռիչարդ Բրենոնն ու Ջեֆ Բեզոսը՝ յուրաքանչյուրն այն տիեզերանավով, որը մշակել էր իր սեփական ընկերությունը։ Բրենոնի և Բեզոսի թռիչքներն իրականացվել են 9 օր տարբերությամբ։
Լուսանկարը՝ Steve Nesius / Reuters / Scanpix / LETA
Մեկնաբանել