HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կյանքից հեռացել է ԳԱԱ ակադեմիկոս Էդվարդ Չուբարյանը

Սեպտեմբերի 17-ին 85 տարեկան հասակում կյանքից հեռացել է Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս, Երևանի պետական համալսարանի Գուրգեն Սահակյանի անվան տեսական ֆիզիկայի ամբիոնի պատվավոր վարիչ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդվարդ Վարդանի Չուբարյանը։ Այս մասին տեղեկացնում են ԳԱԱ լրատվական բաժնից։

«Էդվարդ Չուբարյանը ծնվել է 1936թ-ի մայիսի 5-ին Սպիտակ քաղաքում: 1958 թ-ին ավարտել է Երևանի պետական համալսարանը, 1973 թ-ին ստացել է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտորի կոչում,  1975 թ-ին՝ պրոֆեսորի: 1996 թ-ին ընտրվել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս: 1991-2006թթ-ին աշխատել է ԵՊՀ-ի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր, իսկ 2006-2013թթ-ին՝ ԵՊՀ Գուրգեն Սահակյանի անվան տեսական ֆիզիկայի ամբիոնի վարիչ: 2013թ-ից նույն ամբիոնի պատվավոր վարիչն էր:

Էդվարդ Չուբարյանի գիտական հետազոտությունների բնագավառն ընդգրկում էր գրավիտացիայի Էյնշտեյնի և այլընտրանքային տեսությունները, գերխիտ երկնային մարմինների ֆիզիկան, սպիտակ թզուկների և նեյտրոնային աստղերի կառուցվածքը: 

Էդվարդ Չուբարյանն արժանացել է ՀՍՍՀ Լենինյան Կոմերիտմիության մրցանակի «Առանցքահամաչափ դաշտերը Էյնշտեյնի գրավիտացիոն տեսությունում» աշխատանքի համար, Խաչատուր Աբովյանի մեդալի, ԵՊՀ-ի ոսկե մեդալի, Ֆ. Նանսենի մեդալի և ՀՀ Գիտության վաստակավոր գործիչ կոչման:

Էդվարդ Չուբարյանի հոգեհանգիստը տեղի կունենա Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում սեպտեմբերի 22-ին՝ ժամը 17։00-20։00-ին։ 

Գիտությունների ազգային ակադեմիայի գիտական կոլեկտիվը սգում է ակադեմիկոս Էդվարդ Չուբարյանի մահը և ցավակցում նրա հարազատներին, բարեկամներին ու գործընկերներին»,- նշված է ԳԱԱ տարածած հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter