HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Զինված անձը հարձակվել է Պերմի համալսարանի վրա. կա 8 զոհ և առնվազն 28 տուժած

Սեպտեմբերի 20-ի առավոտյան զինված անձը հարձակվել է Պերմի պետական ազգային հետազոտական համալսարանի վրա։ Առավոտյան 11-ի մոտ զինվորական արտահագուստով հանցագործը կրակ է բացել համալսարանական մասնաշենքի բակում, որից հետո մտել համալսարանի ութերորդ մասնաշենք։ Զինված անձն արձակել է առնվազն 30 կրակոց, ենթադրաբար, 12 միլիմետր տրամաչափով Huglu 12 զինատեսակից, որն օրինական ճանապարհով ձեռք էր բերել այս տարվա մայիսին։ Համալսարանում չեղարկվել են բոլոր պարապմունքները։

Տեղի ունեցածի պատճառով ուսանողները դուրս են ցատկել պատուհաններից, որոշներն էլ բարիկադավորել են լսարանները։ Ընդորում, ուսանողների խոսքերով, կրակահերթի մեկնարկից հետո դասախոսներից առնվազն մեկը հրաժարվել է դադարեցնել պարապմունքը և բարիկադավորել մուտքը՝ նշելով, որ կստուգի այդ դասախոսության նյութերը։ Դասախոսի անունը չի նշվում։

ՌԴ Քննչական կոմիտեն հայտարարել է, որ հարձակման արդյունքում զոհվել է 8 մարդ։ Ի սկզբանե հայտարարվում էր 5 զոհի և ևս 6 տուժածի մասին։ Վերջին տվյալներով՝ տուժածների թիվը հասել է 28-ի, որոնցից 19-ը ստացել են հրազենային վնասվածքներ։ Չհաստատված տվյալներով՝ վիրավորների թվում կան նաև համալսարանի անվտանգության աշխատակիցներ։ Նշվում է, որ զոհերից մեկը ևս անվտանգության աշխատակից է։ Տուժածներից յոթը հոսպիտալացվել են։ Նրանցից մեկը գտնվում է ծանր վիճակում, մյուսները՝ միջին ծանրության։

Քննչական կոմիտեն հայտնել է, որ համալսարանի վրա հարձակված անձը ձերբակալվել է։ Ի սկզբանե հայտարարվում էր, որ նրան սպանել են, սակայն այդ տեղեկատվությունը չի հաստատվել։ Ձերբակալության ժամանակ հրաձիգը զինված դիմադրություն է ցուցաբերել և վիրավորվել։ Ավելի ուշ, Պերմի համալսարանը «ВКонтакте»-ի իր էջում ևս հայտարարել էր հրաձիգի սպանության մասին, սակայն ավելի ուշ այդ գրառումը հեռացվել է։ 59.ru-ի տվյալներով՝ հրաձիգը վիրավորում է ստացել փորի և վերջույթների հատվածում և ներկայումս գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ 

«112»-ը և Baza-ն հայտնում են, որ հարձակում իրագործած անձը 18-ամյա Թիմուր Բեկմանսուրովն է։ Քննչական կոմիտեի տվյալներով էլ՝ հրաձիգը եղել է այդ համալսարանի ուսանող։ Mash-ը գրում է, որ նա սովորել է նույն բուհի իրավագիտության ֆակուլտետում՝ «Դատական փորձաքննություն» մասնագիտացմամբ։ Հարձակումից առաջ Բեկմանսուրովը «ВКонтакте»-ի իր էջում գրառում էր արել, որտեղ խնդրել էր իր գործողությունը չդիտարկել որպես ահաբեկչություն և հայտարարել, որ չի անդամակցում ծայրահեղական կազմակերպությունների։ Նրա գրառման մեջ եղել են այսպիսի տողեր։ «Ես ինձ ատում եմ, բայց ուզում եմ ցավ պատճառել բոլոր նրանց, որոնք կկանգնեն իմ ճանապարհին»։ Ավելի ուշ, սոցիալական ցանցը ջնջել է այդ գրառումը։ 

Համալսարանի անվտանգության համար պատասխանատու ընկերությունը հայտարարել է, որ աշխատակիցները հարձակումից հետո զանգահարել են արտակարգ ծառայություններին, սակայն որևէ մեկը չի պատասխանել հեռախոսին։ Հարձակման ժամանակ սեղմել են նաև ահազանգի երեք կոճակներին. երկուսը տեղի ժամանակով 11:31-ին և մեկը՝ 11:43-ին։ Ինչպես նշում են ականատեսները, հրաձգության ժամանակ համալսարանում չեն աշխատել տագնապի ազդանշանները, իսկ տեղական ռադիոյով չի արվել որևէ հայտարարություն։ 

ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել երկու և ավելի մարդկանց սպանության հոդվածով։ Համալսարան է ժամանել Պերմի երկրամասի նահանգապետ Դմիտրի Մախոնինը։ ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հանձնարարությամբ Պերմ են մեկնել Առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն և Գիտության և բարձրագության կրթության նախարար Վալերի Ֆալկովը։ ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովն իր տեղակալ Նիկոլայ Շիշկինին գործուղել է Պերմ՝ տեղում իրավապահ բոլոր մարմինների աշխատանքների համակարգման համար։ Սեպտեմբերի 21-ին Պերմի երկրամասում հայտարարվել է եռօրյա սուգ։

Լուսանկարը՝ Sputnik / Алексей Романов

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter