HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Մի շիշ սպիրտի «կողոպուտի» գործը մտավ դատարան

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան է ուղարկվել Ռաֆիկ Բաղդասարյանի քրեական գործը, որով նա մեղադրվում է «Ալֆա Ֆարմ» ՓԲԸ -ին 550 դրամ գույքային վնաս պատճառելու համար:

Ըստ մեղադրանքի՝ Ռ. Բաղդասարյանը 2021թ. մայիսի 04-ին՝ ժամը 04։30-ի սահմաններում, որպես հաճախորդ մուտք է գործել Էջմիածին քաղաքի «Ալֆա Ֆարմ» ՓԲԸ-ին պատկանող դեղատուն: Դեղատան աշխատակցին խնդրել է իրեն տալ 250մլգ տարողությամբ 550 դրամ արժողությամբ, բժշկական սպիրտ՝ հետագայում գումարը վճարելու պայմանով:

Դեղատան աշխատակցից մերժում ստանալով՝ անցել է հաճախորդների սպասարկման ցուցափեղկի հետնամաս ու այնտեղից վերցնելով իրեն փոխանցելու համար նախապես դրված սպիրտով լի տարան՝ դիմել է փախուստի:

«Այդ կերպ «Ալֆա Ֆարմ» ՓԲԸ-ին պատճառվել է 550 ՀՀ դրամի գույքային վնաս»,-նշված է մեղադրական եզրակացությունում։ 36-ամյա Ռ. Բաղդասարյանը մեղադրվում է կողոպուտի՝ ուրիշի գույքի բացահայտ հափշտակության համար (Քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 1-ին մաս)։

Եթե Ռ. Բաղդասարյանը մեղավոր ճանաչվի, ապա նրան սպառնում է պատիժ տուգանք՝ 200-600 հազար դրամի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

Դատարանից տեղեկացանք, որ Ռ. Բաղդասարյանը փաստաբան չունի:

Ռաֆիկը հաշվառված է Էջմիածին քաղաքի տներից մեկում, սակայն չունի մշտական բնակության վայր: Նա չունի տուն, որևէ այլ կացարան: Օրեր առաջ Ռաֆիկին գտանք քաղաքի «Խաշի թաղ» կոչվող թաղամասի սննդի օբյեկտներից մեկի սենյակում պառկած: 

Արտերկրում գտնվող նրա ազգականները օրը 10.000 դրամ վարձավճարի դիմաց Ռաֆիկին տեղավորել են այդ օբյեկտում, որպեսզի փողոցում չհայտնվի: 

Անկողնում պառկած տղամարդը շատ նիհար էր, հյուծված տեսք ուներ, հազիվ էր տեղաշարժվում ու խոսում: Պատմեց, որ լյարդը, թոքերը հիվանդ են, այլևս չի կարողանում տեղաշարժվել: Էջմիածնի հիվանդանոցից ևս հաստատեցին, որ մի շարք բարդ ու դժվար բուժվող հիվանդություններ ունի Ռաֆիկը: Լյարդի չափերը 8 սմ մեծացած են, իմունային համակարգը՝ գրեթե քայքայված է և այլն:

Վիճակի կտրուկ վատացման պատճառով երկու անգամ, մի քանի օրով (որից մեկը հենց Ռաֆիկի հետ հանդիպման օրը, «Հետք»-ի թղթակիցն է շտապօգնություն հրավիրել) պառկել է Էջմիածնի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում: Սակայն այնտեղ 2-3 օր մնալուց հետո դուրս են գրել՝ պատճառաբանելով, թե իրենց հիվանդը չէ, պետք է մասնագիտացված բուժհաստատությունում բուժումը շարունակի:

Էջմիածնի հիվանդանոցի տնօրեն Գոռ Ասատրյանը ևս փաստեց, որ Ռաֆիկի վիճակը կարող են շատ թե քիչ կայունացնել, սակայն բուժման համար մասնագիտացված հիվանդանոց պետք է գնալ:

Ռաֆիկը նշեց, թե քաղաքում ապրող հեռու ազգականներն իրեն տարել են Երևանի մի քանի բժշկական կենտրոններ, այնտեղից էլ պատասխանել են, թե վիճակը պետք է կայունանա նոր միայն տեղափոխվի իրենց մոտ՝ մասնագիտացված բուժման:

Ռաֆիկն ասաց, որ կորցրել է անձը հաստատող փաստաթղթերը և մտածում է, որ հիվանդանոցները հենց այդ պատճառով են իրեն մերժում, քանի որ չեն կարողանա պետպատվեր ձևակերպել:

Հայաստանում Ռաֆիկը մերձավոր ազգականներ չունի: Ուկրաինայում են գտնվում նրա կինն ու երեխաները: Չի կարողանում նրանց մոտ վերադառնալ: Երեխաներն էլ չեն կարող Հայաստան գալ, քանի որ այստեղ ապրելու տեղ չունեն:

Ռաֆիկ Բաղդասարյանը պատմեց, որ տարիներ առաջ կորցրել է ծնողներին, իսկ երկու տարի առաջ հիվանդոթյունից մահացել է նաև 19-ամյա քույրը:

«Քրոջս մահից հետո իմ կյանքը փոխվեց: Ես էլ չհասկացա, թե խմիչքն ինձ ոնց կուլ տվեց: Հիմա ես չեմ ապրում, միայն շնչում եմ: Գիտեմ, ես եմ մեղավոր, թույլ էի, չպայքարեցի ու հիմա կործանվում եմ իմ մեղքով»,-հազիվ լսելի ձայնով ասաց Ռաֆիկը:

Տղամարդու խոսքերով՝ ինքը չի ցանկանում խմել, բայց չի էլ կարողանում հաղթահարել: Գիտակցում է, որ իր դեպքում, խմելը հիվանդություն է, սակայն ասում է, որ «դեմը չեմ կարողանում առնել»:

Ռաֆիկից հետաքրքրվեցինք, թե ինչու էր դեղատնից վերցնում սպիրտը: Նշեց, որ այդ ժամին միայն դեղատունն էր բաց, եթե խանութ բաց լիներ՝ այնտեղ կգնար: Պատմեց, որ սկզբում աշխատակցին է խնդրել, որ իրեն պարտքով սպիրտ տա՝ խոստանալով 550 դրամը վճարել առաջիկայում: Ասում էր, որ գողանալու, որևէ մեկին վնաս պատճառելու ցանկություն չի ունեցել: 

«Խմել էի ուզում, ինձ միայն խմիչք էր պետք»,- նշում է Ռաֆիկը:

Էջմիածնի հիվանդանոցից դուրս գրվելուց հետո Ռաֆիկը չի վերադարձել օրավարձով իր կացարանը: Փնտրեցինք նրան, չգտանք: Որևէ մեկը չգիտեր, թե որտեղ է նա գտնվում:

Նշենք, որ Դատական գործը մակագրվել է դատավոր Վահե Ջիվանյանին: Վերջինս Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր է նշանակվել Հանրապետության նախագահի 2020թ. հունիսի 24-ի թիվ ՆՀ-131-Ա հրամանագրով

Դատավոր Վ. Ջիվանյանի աշխատակազմից «Հետք»-ին փոխանցեցին, որ դատավորը գործն ընդունել է վարույթ: Հետաքրքրվեցինք նաև դատավորի ընդհանուր ծանրաբեռնվածության մասին: Այդ պահին Վահե Ջիվանյանի վարույթում է գտնվել 108 քրեական գործ՝ չհաշված խափանման միջոցներին վերաբերող և այլ միջնորդությունները:

550 դրամի գույքային վնասին վերաբերող գործը նախաքննական մարմնում քննվել է մոտ 3 ամիս: Հավանաբար մոտ այդքան էլ կտևի գործի դատաքննությունը:

Ներկայում դատարանները միայն փոստային առաքումների վրա տարեկան 500 մլն դրամից ավելի են ծախսում: Միայն 550 դրամից ավելին ծախսվելու է Ռ. Բաղդասարյանին փոստային տարբերակով ծանուցումներ ուղարկելու վրա: Չհաշված՝ նախաքննական մարմնին ծանրաբեռնելու, դատարանի ռեսուրսները ծախսելու գումարները: 

Նկարը՝ Աստղիկ Կիրակոսյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter