HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

ՄԻԵԴ-ը Հայաստանի դեմ վճիռ է կայացրել՝ 2008թ. մարտի 1-ին արտակարգ դրություն հայտարարելու պատճառով

2021թ. սեպտեմբերի 21-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հերթական վճիռն է կայացրել Հայաստանի դեմ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Դարեսկիզբ» ՍՊԸ-ն («Հայկական ժամանակ» օրաթերթ) ընդդեմ Հայաստանի Հանրապետության գործով ՄԻԵԴ-ն արձանագրել է Եվրոպական կոնվենցիայի միանգամից երկու՝ 6-րդ (Արդար դատաքննության իրավունք) և 10-րդ (Արտահայտվելու ազատություն) հոդվածներով նախատեսված իրավունքների խախտում: Հայաստանի կառավարությանը պարտավորեցրել է ընկերությանը վճարել 9000 եվրոյին համարժեք դրամ, որպես ոչ նյութական վնասի հատուցում:

Գործը վերաբերում էր նրան, որ 2008թ. փետրվարի 19-ին Հայաստանում տեղի ունեցած նախագահական ընտրությունների նախնական արդյունքների հրապարակումից անմիջապես հետո նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանը կոչ արեց իր կողմնակիցներին հավաքվել Երևանի կենտրոնում` Ազատության հրապարակում` բողոք արտահայտելու ընտրական գործընթացում տեղի ունեցած խախտումների առնչությամբ։ Տեր-Պետրոսյանն ու իր համախոհները պնդում էին, որ ընտրություններն ազատ ու արդար չէին: 2008թ. փետրվարի 20-ից սկսած՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները ամեն օր հանրահավաք էին անում, հանդիպման վայրը Ազատության հրապարակը և հարակից այգին էին:

2008թ. մարտի 1-ի վաղ առավոտյան, 9-օրյա բողոքի ցույցից հետո Ազատության հրապարակում ոստիկանական գործողություն իրականացվեց, հրապարակը մաքրվեց բոլոր ցուցարարներից և փակվեց:

Մարտի 1-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, Հայաստանի գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանը հրամանագիր ստորագրեց՝ Երևան քաղաքում 2008թ. մարտի 1-ից 20 օր ժամկետով արտակարգ դրություն հայտարարելու մասին, որով սահմանափակվեց նաև զանգվածային լրատվամիջոցների գործունեությունը:

Ըստ հրամանագրի՝ զանգվածային լրատվության միջոցները պետական ​​և ներքաղաքական հարցերի առնչությամբ կարող էին տեղեկատվություն տրամադրել բացառապես պետական ​​մարմինների կողմից տրամադրվող պաշտոնական տեղեկատվության սահմաններում:

2008թ. մարտի 3-ի լույս 4-ի գիշերը «Դարեսկիզբ» ընկերությունը տպարան է հանձնել իր թերթի հաջորդ հրատարակության մակետը: Տպիչների մոտ գտնվող Ազգային անվտանգության աշխատակիցները կարդացել են թերթի մակետը և, առանց որևէ պատճառ նշելու, արգելել տպագրությունը:

2008թ. մարտի 13-ին հանրապետության նախագահը մեկ այլ հրամանագիր է ստորագրել, որով փոփոխություններ են կատարվել 2008թ. մարտի 1-ի հրամանագրում: Այդ հրամանագրով որոշ մեղմացումներ եղան, այդ թվում՝ լրատվամիջոցներին վերաբերող: Մասնավորապես՝ կատարվեց հետևյալ փոփոխությունը. «արգելվում է զանգվածային լրատվության միջոցների կողմից պետական և ներքաղաքական հարցերի առնչությամբ ակնհայտ սուտ կամ իրավիճակը ապակայունացնող տեղեկատվություն կամ առանց իրազեկման (ապօրինի) միջոցառումների մասնակցության կոչեր, ինչպես նաև նման տեղեկատվություն կամ կոչեր որևէ այլ եղանակով և ձևով հրապարակելը կամ տարածելը»:

2008թ. մարտի 13-ի լույս 14-ի գիշերը «Դարեսկիզբ» ընկերությունը, տեղեկանալով հրամանագրում կատարված փոփոխությունների մասին, կրկին տպարան է հանձնել թերթի տպագրության մակետը: Սակայն Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները, ինչպես և նախորդ դեպքում, կարդացել են թերթի ամբողջ մակետը և, առանց որևէ պատճառ նշելու, արգելել են դրա տպագրությունը:

2008 թ. ապրիլի 17-ին «Դարեսկիզբ» ՍՊԸ-ն դիմում է ներկայացրել Վարչական դատարան` Ազգային անվտանգության աշխատակիցների գործողությունների դեմ, որոնք արգելել են տպագրել թերթի համարը՝ հիմքում ունենալով նախագահի հրամանագիրը: Ընկերությունը պնդել է, որ իր վրա դրված սահմանափակումները խախտել են Կոնվենցիայի 10-րդ հոդվածով նախատեսված արտահայտվելու ազատության իրավունքը, ինչպես նաև նշել է, որ չի եղել որևէ ներքին իրավական դրույթ, որը թույլ կտար նախագահին երկրում հայտարարել արտակարգ դրություն:

2008թ. մայիսի 6-ին Վարչական դատարանը մերժել է ընկերության հայցը՝ իրավազորության բացակայության պատճառաբանությամբ: Վարչական դատարանը նշել է, որ նախագահի մարտի 1-ի հրամանագրի օրինականությունը կարող էր վիճարկվել միայն Սահմանադրական դատարանում:

«Դարեսկիզբ» ՍՊԸ-ն վերաքննիչ բողոք է ներկայացրել` պնդելով, որ, ի թիվս այլոց, Վարչական դատարանի որոշումով խախտվել է նաև դատական պաշտպանության իր իրավունքը:

Մայիսի 19-ին Վարչական վերաքննիչ դատարանը մերժել է դիմումատու ընկերության բողոքը և վերահաստատել է մայիսի 6-ի որոշման մեջ բերված պատճառաբանությունը:

Հունիսի 20-ին Վճռաբեկ դատարանը դիմումատու ընկերության բողոքն անթույլատրելի է ճանաչել՝ հիմնավորվածության բացակայության պատճառով:

2008թ. հոկտեմբերի 6-ին «Դարեսկիզբ» ընկերությունը դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան` պահանջելով Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչել նախագահի 2008թ. մարտի 1-ի հրամանագրի 4-րդ կետի 4-րդ ենթակետը, որը վերաբերում էր լրատվամիջոցներին:

2008թ. հոկտեմբերի 30-ին Սահմանադրական դատարանը մերժել է «Դարեսկիզբ» ընկերության դիմումի ընդունումը` պատճառաբանելով, որ Սահմանադրական դատարան դիմելու իրավունք չունի:

ՄԻԵԴ-ում Հայաստանի կառավարությունը պնդել է, որ Կոնվենցիայի 10-րդ հոդվածով երաշխավորված իրավունքներից Հայաստանի շեղումը համատեղելի էր Կոնվենցիայի 15-րդ հոդվածի պահանջների հետ, այն է՝ արտակարգ իրավիճակներում պարտավորություններից շեղումը:

Կառավարությունը պնդել է, որ Երևանում մարդկանց կյանքին սպառնացող արտակարգ իրավիճակ է եղել, ինչն էլ հանգեցրել է արտակարգ իրավիճակ հայտարարելուն:

ՄԻԵԴ-ը, դարձյալ վերահաստատելով նախկինում արտահայտած իր դիրքորոշումները, նշել է, որ 2008թ. մարտի 1-ին Երևանում ոստիկանությունն անհիմն և չափից դուրս ուժ է կիրառել Ազատության հրապարակում հավաքված ցուցարարների նկատմամբ:

Ընդունելով, որ 2008թ. մարտի 1-ին Երևանում իրավիճակը շատ լարված էր և կարող էր համարվել հասարակական կարգի լուրջ սպառնալիք, այնուամենայնիվ, ՄԻԵԴ-ը գտել է, որ Կառավարությունը չի կարողացել համոզիչ կերպով ներկայացնել և ապացույցներով հաստատել այն պնդումը, որ ընդդիմության ցույցերը, որոնք բախվել են ոստիկանական ծանր միջամտության, կարող են բնութագրվել որպես «ազգի կյանքին սպառնացող» հանրային արտակարգ իրավիճակ՝ Կոնվենցիայի 15-րդ հոդվածի իմաստով:

«Դարեսկիզբ» ընկերությունը հայտնել է, որ իր հրապարակումների արգելքը` որպես արտակարգ դրություն հայտարարելու մասին նախագահի հրամանագրով սահմանված սահմանափակումների հետևանք, անհիմն միջամտություն է տեղեկատվություն ստանալու և տարածելու իրավունքին:

Պնդել է, որ ընդդիմադիր թերթ է, որը հավաքել և տարածել է տեղեկատվություն, որը շատ տարբեր է իրադարձությունների պաշտոնական տարբերակից: Նախընտրական քարոզարշավի և հենց ընտրությունների ժամանակ թերթը եղել է այն սակավաթիվ լրատվամիջոցներից մեկը, որը լուսաբանել է ընդդիմության առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական քարոզարշավը և թույլ տվել այլ թեկնածուների ներկայացնել իրենց դիրքորոշումները:

Մի շարք այլ ընդդիմադիր և չեզոք օրաթերթեր նույնպես փակվել են արտակարգ դրության օրերին: Միայն իշխանամետ թերթերին է թույլատրվել տպագրվել: Այսպիսով, նախագահի հրամանագրով կանխվել էր թերթի տպագրությունը՝ 2008թ. մարտի 1 -ից 20-ն ընկած ժամանակահատվածում, և միջամտություն էր եղել տեղեկատվություն հավաքելու և տարածելու իրավունքի նկատմամբ:

Թերթը դիրքորոշում է հայտնել նաև այն մասին, որ արտակարգ դրություն հայտարարելու վերաբերյալ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագիրը ոչ մի օրինական նպատակ չի հետապնդել, քանի որ իշխանությունների հետապնդած միակ նպատակը իշխանությունն ամեն գնով պահելն էր:

Կառավարությունը պնդել է, որ դիմումատու ընկերության՝ 10-րդ հոդվածի իրավունքների խախտում չի եղել: Մասնավորապես, դիմումատու ընկերության իրավունքներին միջամտելը սահմանվել է օրենքով, մասնավորապես՝ նախագահի հրամանագրով, որն ընդունվել էր Սահմանադրության ուժով: Այն ձևակերպվել է բավական ճշգրիտ և հասանելի է եղել հանրությանը: Իսկ միջամտությունը հետապնդել է օրինական նպատակ, այն է ՝ Հայաստանի սահմանադրական կարգի սպառնալիքի կանխումը և բնակչության իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը:

ՄԻԵԴ-ը նշել է՝ ոչինչ չի հուշում, որ այն նյութը, որը ընկերությունը մտադիր էր տպել, պարունակում էր ատելության կամ բռնության խոսք, կամ անկարգությունների հրահրում: Կառավարությունը նույնպես չի վիճարկել դա: Իրականում, Դատարանին ներկայացված նյութերի ամբողջությունից պարզ է դառնում՝ արգելքի միակ պատճառն այն է, որ դիմումատու ընկերությունը ընդդիմադիր թերթ էր, որը հայտնի էր իշխանություններին քննադատող նյութերի հրապարակմամբ:

Դատարանը գտել է, որ նման սահմանափակումները, որոնք հանգեցրել են քաղաքական բանավեճի խեղդման և տարբերվող կարծիքների լռեցման, հակասում են արտահայտվելու ազատության բուն նպատակին և անհրաժեշտ չեն ժողովրդավարական հասարակությունում: Ըստ այդմ, տեղի է ունեցել Կոնվենցիայի 10-րդ հոդվածի խախտում:

ՄԻԵԴ-ը խախտում է համարել նաև վարչական դատարանի կողմից դիմումը քննության չառնելու հանգամանքը, որով էլ խախտվել է «Դարեսկիզբ» ընկերության արդար դատաքննության իրավունքը՝ զրկվելով դատարան դիմելու իրավունքից: Ըստ այդմ, տեղի է ունեցել նաև Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում:

«Դարեսկիզբ» ՍՊԸ-ի իրավունքները ՄԻԵԴ-ում պաշտպանել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը: Նա «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է.

«Անկախության օրը Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է վճիռ, որով իմ կողմից դեռևս 2008 թվականին «Դարեսկիզբ» ՍՊԸ («Հայկական ժամանակ» օրաթերթ) անունից ներկայացված գանգատն ընդդեմ ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի 2008 թվականի Մարտի 1-ի հրամանագրի, բավարարվել է: ՄԻԵԴ-ը այս գործով գտել է, որ հրամանագրով խախտվել է Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 10-րդ հոդվածը, դիմողի նկատմամբ խախտվել է նաև 6 հոդվածը՝ ներպետական դատարանները եղել են անհասանելի: Իրավական առումով սա նշանակում է, որ Մարտի 1-ի արտակարգ դրություն հայտարարելու հրամանագիրն այլևս օրինական չէ, և սա կարող է հանգեցնել Ռ. Քոչարյանի նոր քրեական հետապնդումների»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter