3 ճանապարհահատվածներն էլ կվերակառուցվեն. հաղթող է ճանաչվել իսպանական ընկերությունը
Կառավարությունն այսօր հաստատել է Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի կողմից համատեղ ֆինանսավորմամբ իրականացվող Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրով հայտարարված երեք ճանապարհահատվածների վերակառուցման և բարելավման միջազգային բաց մրցույթի արդյունքը` 250 մլն ԱՄՆ դոլար արժեքով, հաղթող ճանաչելով «Կորսան Կորվիամ Կոնստրուքսյոն Էս Ա» իսպանական ընկերությունը։
«Այս որոշումով հայտարարվում է 250 մլն ԱՄՆ դոլարի աշխատանքների սկիզբը, - նշել է կառավարության ղեկավարը։ - Միջազգային մրցույթի արդյունքով հաղթող է ճանաչվել փորձառու շինարարական կազմակերպություն, որն ունի միջազգային համբավ։ Ասիական զարգացման բանկը նույնպես հաստատել է այս առաջարկը։ Չափազանց կարևոր է, որ մենք սկսում ենք այս խոշորածավալ շինաշխատանքները, որովհետև ավարտում ենք 250 մլն ԱՄՆ դոլարի արժողությամբ աղետի գոտու վերականգնման աշխատանքը, և հասկանալի է, որ համադրելի մասշտաբով խոշոր ծրագիր է անհրաժեշտ, որպեսզի նաև շինարարական ծավալները զարգանան մեզ մոտ։
Սա մեր խոշոր ծրագրի միայն մի մասն է։ Հյուսիս-հարավ ճանապարհահատվածի շինարարության ծրագրի ընդհանուր արժեքը 1.5 միլիարդ ԱՄՆ դոլար է։ Առաջին երկու տրանշներով մենք հատկացնում ենք 250 մլն ԱՄՆ դոլար։ Ստեղծվել էր միջգերատեսչական հանձնաժողով, բավականին թափանցիկ աշխատանք է ծավալվել, բոլոր նախարարությունների մասնագետները, որոնք ներգրավված էին հանձնաժողովում, Ասիական զարգացման բանկի հետ մասնակցել են բանակցային գործընթացին»։
Հաջորդ որոշմամբ հաստատվել է «Ծրագրի կառավարման խորհրդատուի» միջազգային բաց մրցույթի արդյունքը` 6 մլն 98 հազար 700 ԱՄՆ դոլար արժեքով հաղթող ճանաչելով «Սաֆեժ, Էս Ա» ֆրանսիական և «Էպտիսա» իսպանական կազմակերպությունների համատեղ ընկերությունը, որը, վարչապետի խոսքով՝ «կազմակերպելու և վերահսկելու է ամբողջ գործընթացը, ինչն էապես թեթևացնելու է այն աշխատանքը, որը, մի կողմից, ընկնելու էր մեր ԾԻԳ-ի, իսկ մյուս կողմից՝ նախարարության վրա։
Դրա համար էլ Ասիական բանկի կողմից ֆինանսական միջոցներ են հատկացվել, որ այս ֆինանսական կազմակերպությունը պատշաճ ձևով շինարարական աշխատանքները կազմակերպի։ Առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունում մենք կունենանք ժամանակակից ճանապարհներ, որոնք միջազգային չափանիշներով ապահովելու են արագ ընթացք։ Հասկանալի է, որ այս ճանապարհներն ունենալու են բետոնե ծածկույթ և բավական թանկ են լինելու»։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել