HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գիտությունների ակադեմիայում նշվեց Բյուրականի աստղադիտարանի հիմնադրման 75-ամյակը

Սեպտեմբերի 22-ին Գիտությունների ազգային ակադեմիայում (ԳԱԱ) նշվեց ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի հիմնադրման 75-ամյակը: Միջոցառման ժամանակ ելույթ ունեցան ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը, ՀՀ ԳԱԱ նախագահի գլխավոր խորհրդական, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը, Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը: Այս մասին հայտնում է ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայությունը։

ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը շնորհավորեց Բյուրականի աստղադիտարանի ողջ անձնակազմին, մաղթեց հետագա նվաճումներ, բարձր գիտական արդյունավետություն, նորանոր հայտնագործություններ, նոր տաղանդավոր երիտասարդ կադրերի ներհոսք՝ ի նպաստ Հայաստանի գիտական ներուժի զարգացման և միջազգային հեղինակությանն ուղղված հետագա քայլերի:

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը իր շնորհավորական խոսքում ասաց, որ Բյուրականի աստղադիտարանը եղել է մեր գիտության շարժման հիմնական լոկոմոտիվներից մեկը։

ԳԱԱ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը նշեց, որ Բյուրականի աստղադիտարանի աշխատողների ներդրումը գիտության ասպարեզում ակնհայտ է, և դա ֆիքսված է տարբեր գիտական փաստաթղթերում: 

Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը ներկայացրեց «Բյուրականի աստղադիտարան. տիեզերական նվաճումների 75 տարին» զեկույցը: Նա թվեց Վիկտոր Համբարձումյանի կարևորագույն աշխատանքները Բյուրականում՝ աստղասփյուռների հայտնաբերումը, աստղասփյուռների ընդարձակման երևույթի տեսական կանխատեսումը, անընդհատ առաքման ոչ-ջերմային բնույթը, գալակտիկաների միջուկների ակտիվության վարկածը, տիեզերական գերխիտ նյութի տեսությունը, բարիոնային աստղեր, բռնկվող աստղերի վիճակագրությունը, տվյալ աստղային համակարգում բռնկումների միջին հաճախության բաշխման ֆունկցիան և այլն:

Լուսանկարը՝ նախագահականի մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter