HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նյու Յորքում հանդիպել են Հայաստանի և Լիտվայի արտգործնախարարները

Սեպտեմբերի 22-ին ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով Նյու Յորքում գտնվող ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Լիտվայի արտգործնախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսի հետ։ Այս մասին հաղորդում է Հայաստանի արտգործնախարարության մամուլի ծառայությունը։

Զրուցակիցները գոհունակություն են հայտնել Հայաստանի ու Լիտվայի հարաբերություններում առկա դրական դինամիկայի կապակցությամբ և վերահաստատել են իրենց պատրաստակամությունը բարձր մակարդակով երկխոսության միջոցով խորացնելու առկա համագործակցությունը:

Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ գործընկերության լայն օրակարգի, Հայաստանին ԵՄ կողմից տրամադրվող տեխնիկական աջակցության շուրջ։

Ինչպես նշված է պաշտոնական հաղորդագրությունում, հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել 44-օրյա պատերազմից հետո ստեղծված իրավիճակին, ինչպես նաև ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների կողմից Հայաստանի ինքնիշխան տարածք ներթափանցման հետևանքով ստեղծված իրադրությանը։ Արարատ Միրզոյանը նշել է, որ Ադրբեջանի սադրիչ գործողությունները խաթարում են Հայաստանի ջանքերը՝ ուղղված իրավիճակի դեէսկալացիային և կայունության հաստատմանը:

Ղարաբաղյան հակամարտության համատեքստում Միրզոյանը շեշտել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո խաղաղ բանակցությունների գործընթացի վերսկսման և տևական ու համապարփակ կարգավորման կարևորությունը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter