HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է Ադրբեջանում պահվող հայ գերիներին անմիջապես ազատ արձակելու օրենսդրական փոփոխություն

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է կոնգրեսականներ Թոնի Քարդենասի, Ադամ Շիֆի և Բրեդ Շերմանի օրենսդրական փոփոխությունների նախագիծը, որով կոչ է արվում Ադրբեջանին անմիջապես ազատ արձակել այդ երկրում պահվող հայ ռազմագերիներին և կալանավորված անձանց, ինչպես նաև հետաքննություն իրականացնել անօդաչու թռչողի սարքերում կիրառվող ամերիկյան տեխնոլոգիաների վերաբերյալ։ Փաստաթուղթը հրապարակվել է Ներկայացուցիչների պալատի պաշտոնական կայքէջում։

Կոնգրեսի ստորին պալատի օրենքների հանձնաժողովը թույլատրել է նաև Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստի քվեարկությանը ներկայացնել կոնգրեսականներ Ֆրենկ Փալոնեի, Դևիդ Վալանդաոյի, Դինա Տիտուսի և Ջիմ Մաքհովերնի փոփոխությունները նախագծերը, որոնք ևս կոչ են անում ուսումնասիրել Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումները 44-օրյա պատերազմի և դրան հաջորդող ժամանակաշրջանում։

Կոնգրեսականներ Թոնի Քարդենասի, Ադամ Շիֆի և Բրեդ Շերմանի բանաձևում նշվում է, որ Ադրբեջանը պետք է անմիջապես և անվերապահորեն վերադարձնի բոլոր հայ ռազմագերիներին և գերեվարված քաղաքացիական անձանց։ Բացի այդ, կոնգրեսականները ԱՄՆ պաշտպանության նախարարից պահանջում են ներկայացնել զեկույց 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ կիրառված թուրքական անօդաչու սարքերում ամերիկյան տեխնոլոգիաների օգտագործման վերաբերյալ։

«Շատ կարևոր է, որ լիարժեք հաշվետվություն ունենանք փաստերի վերաբերյալ, երբ փորձում ենք պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղում անցած տարի կատարած գործողությունների համար։ Ուրախ եմ, որ սերտորեն աշխատել եմ կոնգրեսականներ Շիֆի և Շերմանի հետ՝ այսպիսի օրինագիծ պատրաստելու ուղղությամբ»,- կոնգրեսական Քարդենասի խոսքերը մեջբերել է The Armenian Weekly-ն։

Լուսանկարը՝ Getty Images-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter