HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Գորիսում հնչած կրակոցների գործով Սյունիքի մարզպետի որդին ներկայացել է Քննչական կոմիտե

Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդին երեկ ինքնակամ ներկայացել է Քննչական կոմիտե: Այս տեղեկությունը «Հետք»-ի հետ զրույցում հաստատեց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը: Չնայած Կարեն Պողոսյանը վարույթն իրականացնող մարմնին է ներկայացել երեկ՝ ժամը 12:00-ի սահմաններում, Քննչական կոմիտեից հայտնում են, որ նա ներկայացել է ժամը 14:00-ի սահմաններում:

Երեկ առավոտյան մենք փորձել ենք Վարդան Թադևոսյանից ճշտել`արդյոք Կարեն Պողոսյանի նկատմամբ հայտարարվել է միջազգային հետախուզում՝ հաշվի առնելով, որ նա արդեն մոտ երկու ամիս հետախուզման մեջ էր: Վարդան Թադևոսյանը հարցին չի պատասխանել` նշելով, որ հետախուզման մասին հարցերով դիմենք Ոստիկանություն:

Անձի նկատմամբ հետախուզում հայտարարելը քննիչի որոշմամբ է իրականացվում, և վարույթն իրականացնող մարմինը չի կարող չտիրապետել դրա ընթացքին առնվող հարցերին: Ավելի ուշ՝ ժամը 13:00-ի սահմաններում, երբ Պողոսյանը, փաստորեն, արդեն Քննչական կոմիտեում է եղել, դարձյալ կապվել ենք Թադևոսյանի հետ, և վերջինս հայտնել է, որ Կարեն Պողոսյանը շարունակում է գտնվել հետախուզման մեջ՝ չկոնկրետացնելով դրա տեսակը:

Հիշեցնենք, որ հուլիսի 14-ի գիշերը՝ ժամը 01:00-ի սահմաններում, Գորիսի Գետափնյա և Գարեգին Նժդեհի փողոցների հատման խաչմերուկում՝ Ակսել Բակունցի արձանի մոտ, կրակոցներ են հնչել, որոնց հետևանքով երկու անձ տեղափոխվել է հիվանդանոց։ Միջադեպի մի կողմում եղել է մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդին, իսկ մյուս կողմում՝ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը:

Դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում Կարեն Պողոսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ: Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում՝ հաշվի առնելով, որ նրա գտնվելու վայրը վարույթն իրականացնող մարմնին հայտնի չէր:

Այն ժամանակ, երբ Պողոսյանը գտնվում էր հետախուզման մեջ, Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը պնդում էր, որ որդին Հայաստանում է, հայտարարում, որ գործով ի սկզբանե սխալ քննություն է իրականացվել, և որդին կներկայանա, երբ պատշաճ քննություն իրականացվի:

Թե ինչպես է մարզպետի որդին հավաստիացել, որ այժմ քննությունը ճիշտ է ընթանալու, որ ներկայացել է, հայտնի չէ. Մելիքսեթ Պողոսյանի հետ կապ հաստատել չստացվեց. նա հեռախոսազանգերին չի պատասխանում:

Նշենք, որ Կարեն Պողոսյանի նկատմամբ երկու ամիս առաջ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Երբ հետախուզման մեջ գտնվող անձը հայտնաբերվում է, նրա խափանման միջոցի հարցը նորից քննության առարկա է դառնում: Նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը կվերահաստատվի, թե ոչ, այս պահին դեռևս պարզ չէ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter