Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինին
Սեպտեմբերի 23-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինին: Այս մասին տեղեկացնում է ԱԺ լրատվական ծառայությունը։
ԱԺ նախագահը նշել է, որ Եվրոպական միության հետ գործընկերության զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնային ուղղություններից է:
Ալեն Սիմոնյանը դեսպանին տեղեկացրել է, որ Ազգային ժողովում ձեւավորվել է «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովում ԱԺ պատվիրակությունը, իսկ ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի ԱԺ պատվիրակությունը ձեւավորման փուլում է:
Խորհրդարանի ղեկավարը երախտագիտություն է հայտնել ԵՄ-ի կողմից տրամադրվող նշանակալի աջակցության համար (2,6 մլրդ եվրո)՝ շեշտելով, որ այն ուղղված է լինելու մի շարք ուղենշային նախաձեռնությունների:
ԵՄ դեսպանն իր խոսքում մեծապես կարեւորել է 2021 թվականի՝ արդար եւ ժողովրդավարական խորհրդարանական ընտրությունները: Նա վերահաստատել է ԵՄ շարունակական աջակցությունը հայաստանյան ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին:
Կողմերն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ներկա փուլին՝ երկուստեք փաստելով, որ հարցի կարգավորումը պետք է լինի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո: Այս համատեքստում քննարկվել են տարածաշրջանային կայունության եւ անվտանգության ամրապնդման հարցերը: Անդրադարձ է եղել ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումների կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ իրականացվող սադրիչ գործողություններին:
Հանդիպման ավարտին երկուստեք կարեւորվել է խորհրդարանական ձեւաչափով համագործակցության ակտիվացմանը միտված ծրագրերի իրականացումը:
Մեկնաբանել