HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին

Սեպտեմբերի 23-ին ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Այս մասին տեղեկացնում է Կառավարության լրատվական ծառայությունը։ Փոխվարչապետը նշել է, որ հայ-ռուսական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա՝ վստահություն արտահայտելով, որ արդյունավետ համագործակցությունը շարունակվելու է:

Սուրեն Պապիկյանը ՌԴ դեսպանին շնորհավորել է ՌԴ Պետական դումայի ընտրությունների կապակցությամբ՝ ընդգծելով, որ դրանք նոր նախադրյալներ են ստեղծում ծրագրերի ու գաղափարների իրականացման համար: Զրույցի ընթացքում շեշտվել է ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Պետդումայի համագործակցության կարևորությունը՝ հայ-ռուսական հարաբերությունների խորացման և ամրապնդման ուղղությամբ:

Նշվել է, որ երկու երկրներում ընտրություններից հետո բացվում է քաղաքական կայունության և որոշակիության շրջափուլ, ինչը կարող է նոր մակարդակի բարձրացնել միջխորհրդարանական համագործակցությունը: Դեսպան Սերգեյ Կոպիրկինը բարձր է գնահատել Սուրեն Պապիկյանի հետ նախկինում ունեցած համագործակցությունը՝ նկատելով, որ լավ փորձ է կուտակվել, ինչի հիմքով առաջիկա ծրագրերի իրականացման համար լայն նախադրյալներ են ստեղծվել:

ՌԴ դեսպանը արտահայտել է ռուսական կողմի պատրաստակամությունը՝ բոլոր ոլորտներում համագործակցություն ծավալելու մասին՝ վստահությամբ, որ դրական արդյունքները երկար սպասեցնել չեն տա: Կողմերը քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների զարգացման հեռանկարները՝ անդրադառնալով անվտանգության, պաշտպանության, էներգետիկայի, ենթակառուցվածքների, նոր տեխնոլոգիաների և ձեռներեցության զարգացման հարցերին:

Անդրադարձ է կատարվել «Հարավկովկասյան երկաթուղու» աշխատանքին՝ ընդգծելով դրա նշանակությունը Հայաստանի տնտեսության զարգացման գործում, ինչպես նաև արժևորելով հանգամանքը, որ երկաթուղու կարողությունների թարմացումը նոր հնարավորություններ է բացում սոցիալ-տնտեսական ու հարակից ոլորտների շղթայական զարգացման համար: Կողմերը քննարկել են նաև արդյունավետ համագործակցությունն էներգետիկայի բնագավառում:

Փոխվարչապետը նկատել է, որ վերջինս Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունի, և ՀՀ կառավարության ծրագրի իրականացման համար կենսական է դրա բազմակողմանի զարգացումը: Այս համատեքստում անդրադարձ է կատարվել «Ռոսատոմի» հետ համագործակցության ընդլայնմանը՝ ինչպես ԱԷԿ-ի նորոգման և արդիակացանացման ներկայիս աշխատանքներին, այնպես էլ նոր ատոմակայանի կառուցման անհրաժեշտությանն ու հեռանկարներին:

Որպես հայ-ռուսական համատեղ գործակցության վերջին թարմ օրինակ՝ հիշատակվել է Հայաստանում կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ Լայթ» ռուսաստանյան միաբաղադրիչ պատվաստանյութի առաջին խմբաքանակների արտադրության փաստը: Տարածաշրջանում հաղորդակցության ուղիների վերաբացման առնչությամբ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն առանձնացրել է Ռուսաստանի հատուկ և արդյունավետ դերակատարությունը՝ թե՛ եռակողմ ձևաչափի, թե՛ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում:

Քննարկվել է նաև Գորիս-Կապան ճանապարահատվածում ստեղծված իրավիճակը՝ ընդգծելով Ռուսաստանի կարևոր ու կառուցողական դերը լարվածության նվազեցման և ծագող խնդիրներին լուծումներ գտնելու տեսանկյունից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter