HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Նոր Երևան». ՀՔԾ նախկին գլխավոր քարտուղարի ընկերությունը 50 շենքից բաղկացած թաղամաս կկառուցի

Հատուկ քննչական ծառայության նախկին գլխավոր քարտուղար Դավիթ Սուքիասյանին պատկանող «ՄԼ մայնինգ» ՍՊԸ-ն նոր թաղամաս է կառուցելու Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում: Բաբաջանյան 42/5 հասցեում ընկերությունը շուրջ 8 հա տարածք է ձեռք բերել և պատրաստվում է 9-20 հարկանի 50 բնակելի շենք կառուցել: Թաղամասը կոչվելու է «Նոր Երևան» և ունենալու է 4000 բնակարան:

Սեպտեմբերի 9-ին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ճարտարապետահատակագծային առաջադրանք է տրամադրել: Համաձայն դրա` կառուցապատողը 40%-ից ավելի կանաչապատ տարածք պետք է ապահովի, համալիրի կազմում նախատեսի մանկապարտեզ, ակտիվ և պասիվ հանգստի գոտիներ` խաղահրապարակներ, զրուցարաններ, ինչպես նաև համալիրի սպասարկման համար անհրաժեշտ այլ օժանդակ շինություններ, ստորգետնյա ավտոկայանատեղի`ապահովելով բնակարանների թվաքանակի առնվազն 70-80 %-ին համապատասխան:

Առաջադրանքի գործողության ժամկետը 3 տարի է, սակայն նշված է, որ հնարավոր է մասնաշենքերի փուլային համաձայնեցում:

«ՄԼ մայնինգ» ՍՊԸ-ի տնօրեն Էդուարդ Մարգարյանն այս թաղամասի կառուցումն աննախադեպ է համարում, քանի որ շուկայում առկա ամենացածր գներից մեկն են առաջարկելու շահառուներին` 1 քմ-ը վաճառվելու է 590 դոլարին համարժեք դրամով: Ավելին, այս արժեքը սահմանվել է հաստատուն, և որևէ թանկացում չի լինելու բնակարանի տեղի, հարկայնության, տեսարանի և այլ բարենպաստ պայմանների կամ առավելության պարագայում:

«Սկզբից ասում էին` վերևի հարկերն ավելի թանկ վաճառվող են, մեզ մոտ Ադոնց փողոցի նախագծում հակառակն եղավ, դրա համար բացարձակ խտրականություն չենք դրել: Մարդիկ չեն հավատում, գրում են` «ձև չի»: Ամրագրումները մյուս շաբաթվանից սկսելու ենք»,- «Հետք»-ի հետ զրույցում ասաց տնօրենը:

Էդուարդ Մարգարյանը նշեց, որ նախատեսում են նախագծի լայնամասշտաբ շինարարությունն ավարտին հասցնել փուլային տարբերակով` մի մասը` մինչ 2024 թվականը, իսկ ամբողջական համալիրը` 2026 թվականին:

«Էս անգամ չենք սահմանափակել որևէ բանով. կապ չունի մարդն ինչ մասնագիտության է, մարզից է, թե Երևանից, խնդիրը դրել ենք, որ մարդը կարողանա 590 դոլարին համարժեք դրամով բնակարանի տեր դառնա»,- ասաց Է. Մարգարյանը:

Մեր դիտարկմանը, թե արդյոք դա էժան է համարում, «ՄԼ մայնինգի» տնօրենը պատասխանեց. «Մեր շուկայի համեմատ դա շատ էժան է»:

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի այդ հատվածն, ըստ Էդուարդ Մարգարյանի, ընտրվել է երկու պատճառով, նախ` Կենտրոնը բեռնաթափելու, երկրորդ` երկաթգծերից ապագայում օգտվելու համար:

«Բոլորը Կենտրոն, Կոմիտաս, Արաբկիր են ձգտում, ճիշտ չէ, լցվում է Կենտրոնը, քաղաքի բեռնաթափման խնդիր կա: Իսկ էստեղ ծայրամաս է, անտեր վիճակի հող էր, էդ հողը ձեռք բերելուց հետո և քաղաքապետարանի հետ քննարկումներից հետո որոշեցինք, որ համալիր կառուցենք: Այդտեղ ժամանակին նաև երկաթգծեր էին գնում, որը կարող է նաև մետրոյի գծեր դառնալ, և վերգետնյա մետրո աշխատի մինչև այդտեղ, որովհետև գծերը կան»,- ասաց տնօրենը:

8 հա հողը «ՄԼ մայնինգ»-ի սեփականությունն է: Այն ձեռք են բերել սնանկության աճուրդում: Համաձայն Կադաստրի կոմիտեի տվյալների` «ՄԼ մայնինգ»-ի սեփականության իրավունքը գրանցվել է այս տարվա փետրվարին: Սակայն նույն փաստաթղթի համաձայն, այն նաև գրավադրվել է «Ամերիաբանկ» ՓԲԸ-ում:

Նախագիծը դեռևս պետք է Շրջակա միջավայրի անվտանգության գնահատման փորձաքննություն անցնի: Նախագիծը Շրջակա միջավայրի նախարարության կայքում դեռ չկա: 

Մեկնաբանություններ (10)

Քրիստինե
Ունեք ազատ բնակարաներ
Արմեն
Բարև Ձեզ խնդրում եմ փոխանցել կոնտակտներ Ձեզ հետ կապ հաստատելու
Արմեն
Բարև Ձեզ, կխնդրեի կոնտակտային համար թողնել, շնորհակալություն։
Գագիկ
Բարև Ձեզ խնդրում եմ փոխանցել կոնտակտներ Ձեզ հետ կապ հաստատելու համար
ՎԱՐԴԻՇԱՂ
ՎԱՅԲԵՌ ԿԱՄ ՎԱՑԱՊ ԳՐԵՔ
Անդրանիկ
Կոնտակտային տվյալներ ուղարկեք։ Viber whatsapp
Նարինե
Բարև Ձեզ խնդրում եմ փոխանցել կոնտակտներ Ձեզ հետ կապ հաստատելու
Անժելա
խնդրում եմ փոխանցել կոնտակտներ Ձեզ հետ կապ հաստատելու
Վերդյան Ֆլորա
Էլի ինչպես նախկինում հաշվի չի առնվում այդ հատվածում արդեն բնակվող ՀՀ քաղաքացիների կարծիքը: Շատ լավ է, որ բեռնաթափում են կենտրոնը, բայց էլի մեզ կանգնեցնում են բնապահպանական ու քաղաքաշինական աղետի առաջ: Շարունակվում են բազմաբնակարան շենքերի կառուցումները, որոնք կատարվում են կանաչ տարածքների հաշվին, առանց քաղաքային ենթակառույցները հարմարացնելու և քաղաքի հեռանկարային զարգացումները հաշվի առնելու: Խոսքը Բաբաջանյան փողոցից դեպի այդ թաղամաս մտնող փակուղային ճանապարհի մասին է , որը արդեն իսկ նեղ է այնտեղ գտնվող շենքեր ելք ու մուտք գործելու համար, իսկ երեկոյան ժամերին գերծանրաբեռնված կայանված մեքենաներով: Հերթական անգամ կառուցապատողին ավելի շատ հետաքրքրում է բնակարանների քանակը: Առանց հանրային լսումների, առանց արդեն տարածքի բնակիչների կառծիքները հաշվի առնելու կառուցում են, որ հետո մի 5 տարի հետո ասեն, թե ճանապարհը նեղ է: ինչքան էլ նախատեսեն ստորգետնյա կայանատեղիներ, միևնույն է դրանք տեխնիկապես չեն կարող համապատասխանել բնակարանների քանակին, իսկ այսօր Երևանի ամեն ընտանիք ունի մեկ մեքենա, եթե չասենք ավելին: Ու այդ նեղ ու փակուղային ճանապարհը վաղը դառնալու է վթարների, կռիվների, խցանումների առիթ: ՄԻթե Քաղաքի պատկան մարմինները չեն մտածում այս պրոբլեմի մասին, կամ շինթույլտվություն տալիս մի անգամ գոնե կաբինետներից դուրս տեսնում են ինչ է կատարվում բակերում: Առանց այդ էլ Հյուսիս-հարավ մայրուղին լինելու է ծանրաբեռնված, այլ ընտրանքային տարանցիկ ճանապարհ չկա, առանց այդ էր ,,Մետալ,, գրուպ արտադրամասի աղմուկն ու մետաղական փոշին խեղդում են մեզ, հիմա էլ առանց բաժանարար կանաչապատ գոտու, անմիջապես մի քանի մետրի վրա մի քանի տարի շարունակ պիտի շարունակվի այդ շինարարությունը: Այդ բարձրահարկերը փակելու են դիմացի շենքերի լույսը, այսինքն արդեն գոյություն ունեցող շենքերի գինը ընկնելու է իրենց բարձրահարկերի պատճառով, ինչը օրենքի կոպիտ խաղտում է: Չնայած,որ մեր երկրում օրենքի առաջին խաղտողները հենց պետական իշխանություններն են: Քազաքային իշխանությունները մեզ հավաստիացրել էին , որ առանց քննարկման ոչինչ չի արվելու, բայց արի ու տես ամենինչ անում են այնպես ինչպես անորմ էին նախկինում:
Շահեն
Բարև Ձեզ խնդրում եմ փոխանցել կոնտակտներ Ձեզ հետ կապ հաստատելու

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter