HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նոր քաղաքական մշակույթ թելադրող շարժում Հայաստանում՝ «Գյումրին կռնա»

Հոկտեմբերի 17-ին ՀՀ մի շարք համայնքներում տեղի են ունենալու ՏԻՄ ընտրություններ։ Կարծիք կա ձևավորված, թե համայնքային ընտրությունները չեն կրում քաղաքական բնույթ և ավելի շատ ունեն ներհամայնքային ծանոթ-բարեկամ ընտրելու կարևորություն։ Սակայն, երկրի ներկայիս իրավիճակով պայմանավորված` այս անգամ շատացել են քաղաքական ուղղվածություն ունեցող շարժումները, որոնք առավել միտված են ոչ միայն տեղական նեղ խնդիրների լուծմանն, այլ համապետական հարցերի բարձրացմանը։

Այս կտրվածքով հատկապես ուշադրության են արժանի Գյումրիում տեղի ունեցող քաղաքական պրոցեսները, որոնցում, թերևս, ամենաակտիվ դերակատարությունն ունի նորաստեղծ «Գյումրին Կռնա» շարժումը, որը շատ կարճ ժամանակահատվածում կարողացավ ձևավորել ոչ միայն նոր քաղաքական մշակույթ, այլև սկսեց նոր մոտեցումներ թելադրել քաղաքական դաշտում՝ ընդօրինակման առարկա դառնալով բավական մեծ փորձառություն ունեցող քաղաքական ուժերի ու անհատների համար։ Այս շարժումը, նախ և առաջ, աչքի ընկավ ընտրարշավին բավական շուտ պատրաստվելով։ Գյումրու կենտրոնական հատվածներում, դեռևս ընտրություններից մեկ ամիս առաջ, փակցված էին շարժումը գովազդող վահանակներ, մայթերին՝ շարժման անունը կրող գրաֆիտիներ, երիտասարդների հեռախոսներին՝ ստիքերներ։ «Գյումրին կռնա» շարժումը գովազդվում էր ռադիոյով, հեռուստատեսությամբ, տարբեր լրատվական աղբյուրներով և իհարկե՝ սոցիալական ցանցերով։ 

Շատերը չէին էլ կռահում, որ «Գյումրին կռնա» շարժումն, ընդամենը շաբաթներ անց, պետք է ձեռք բերի քաղաքական լուրջ կշիռ և կարողանալու է մրցակցել քաղաքում ավանդաբար շատ ձայներ հավաքած անհատների ու կուսակցությունների հետ։ Մյուս կողմից՝ շարժման անդամները հասարակական բավական մեծ հեղինակություն ունեցող անհատներ են, որոնք ներկայացնում են Գյումրիում դեռևս 2010 թվականից գործող «Ազգային Արժեք» ակումբի միջոցով։ Այս կազմակերպությունը միշտ աչքի է ընկել իր ընդդիմադիր կեցվածքով ու երբևէ քաղաքական թեմաների մեջ թաթախված չի եղել։ Եվ հիմա, երբ հանրային հեղինակություն ունեցող, քաղաքական արատավոր անցյալից զերծ անձինք, ովքեր կապ չունեն ոչ նախկին, ոչ ներկա իշխանությունների հետ, որոշել են քաղաքական պայքարի մեջ մտնել քաղաքագիտական զինանոցում առկա բոլոր դասական և ոչ ստանդարտ մեթոդները օգտագործելով, առաջին անգամ ՀՀ ՏԻՄ ընտրությունների պատմության մեջ նշմարվում է մի ուժ, որը ռեալ հավակնություններ ունի քաղաքի կառավարումը վերցնելու և նոր կառավարման մշակույթ ներդնելու։

Բացի նրանից, որ շարժումը աչքի է ընկել նաև մշակութային շատ հարուստ մասով՝ հիթ դարձած երգեր, հոլովակներ ու բազմամարդ միջոցառումներ, այն ունի նաև հեղափոխական մոտեցում կառավարման մոդելին: Լինելով ուղեղային կենտրոն` Ազգային արժեք ակումբը երկար տարիներ զբաղվել է ազգային գաղափարախոսության ու ազգային կառավարման մոդելների մշակման աշխատանքներով, որոնք կիրառվելու են քաղաքում՝ ընտրություններում հաղթելու դեպքում։ Հատկապես մեծ իրարանցում է առաջացրել շրջանառու ներդրումային հիմնադրամ ստեղծելու գաղափարը, որը թույլ է տալու նոր ձեռնարկություններ ու համայնքային աշխատատեղեր ստեղծել քաղաքում։ Այն հնարավորություն կտա կուտակելու ազգային կապիտալն ու առաջին անգամ ՀՀ ՏԻՄ կառավարման մեջ մտցնել աշխատատեղեր ստեղծելու և քաղաքի խնդիրները սեփական ռեսուրսներով լուծելու պրակտիկան։ «Գյումրին կռնա» շարժումը ոչ միայն շուտ է սկսել իր գործունեությունն ընտրություններից առաջ, այլև նպատակ ունի ծավալվել ընտրություններից հետո՝ դառնալով համապետական ու համազգային նոր քաղաքակրթական շարժում։ 

Նմանատիպ հեղափոխական լուծումների արդյունքում Գյումրիում փոխվեց ՏԻՄ ընտրությունների ողջ տրամաբանությունը՝ մեր կողմից ընտրված բարբառային անվանումը օրինակ դարձավ նոր դաշինքների ձևավորման համար։ Սակայն բացի տեխնիկական լուծումների ընդօրինակումից, շարժումը բերեց նոր քաղաքական օրակարգ, երբ քաղաքական ուժերը դուրս եկան քաղաքի նեղ, կենցաղային խնդիրների լուծման ծիրից և սկսեցին ՏԻՄ ընտրությունները դիտարկել որպես երկրում քաղաքական փոփոխություններ իրականացնելու մեկնակետ։

Խորհրդարանական ընտրությունների խայտառակ վերջնարդյունքը հնարավոր է մեղմվի, եթե ՀՀ ՏԻՄ ընտրություններին իշխանության գան այնպիսի ուժեր, որոնք դուրս են սևի ու սպիտակի տրամաբանությունից, որոնք անկախ են իրենց գործունեության մեջ՝ սկսած սեփական ֆինանսական միջոցների առկայությունից, վերջացրած հանրային վստահությամբ ու հեղափոխական լուծումներով։ Եթե Երևանը չի կարող լուծել երկրի առջև ծառացած օրհասական խնդիրները, ինչու հույսը չդնել մարզերի ինքնակազմակերպման և նմանատիպ շարժումների վրա։ Ընտրություններին մնացել է մոտ երեք շաբաթ, կարծում ենք առաջիկայում մեզ բոլորիս անակնկալ է սպասում, ամեն դեպքում մինչ այս պահը իրադարձությունների զարգացումը տանում է հենց դրան։

«Գյումրին կռնա» դաշինք

 

Քաղաքական գովազդ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter