HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

ԱԽ քարտուղարը հույս ունի, որ ՀՀ քաղաքացիները կկարողանան անվտանգ երթևեկել Գորիս-Կապան ճանապարհով

Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն, անդրադառնալով Թուրքիայի նախագահի այն հայտարարությանը, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վրաստանի վարչապետի միջոցով հանդիպում է խնդրել իր հետ, նշեց, որ և՛ նախըտրական փուլում, և՛ ընտրություններից հետո իրենք խոսել են ամբողջ տարածաշրջանում խաղաղության հաստատման, խաղաղության դարաշրջանը բացելու և կայունություն ապահովելու մասին։

«Այդ տրամաբանության շրջանակում նաև պետք է կարգավորենք հարաբերությունները Թուրքիայի հետ։ Այս հարաբերությունների կարգավորման հնարավորություններից մեկը նաև բարձր և բարձրագույն մակարդակում երկխոսություն ունենալն է։ Քաղաքական տարբեր մակարդակներով հայտարարել ենք, որ Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը։ Դրա տրամաբանությունների շրջանակում էլ կատարվել են նման հայտարարություններ և քաղաքական քայլեր»։

Ըստ ԱԽ քարտուղարի՝ հարաբերությունները կարգավորում են Թուրքիայի հետ, կարևոր է տարանջատում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների միջև։

Նրա խոսքով՝ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման միակ և կարևոր հարթակը ԵԱՀԿ Մինսկի համանախագահների խումբն է։

«ԵԱՀԿ Մինսկի համանախագահների շրջանակում պետք է մի կարևոր հարց քննարկել՝ կարգավիճակի հարցը։ Լեռնային Ղարաբաղի խնդիրը կարգավորված չէ, կարգավիճակի հարցը սպասում է իր լուծմանը։ Այդ լուծումը տեսնում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում։ Ղարաբաղի հարցը տարածքային հարց չի եղել, այլ ինքնորոշման»։

Խոսելով հայ-թուրքական հարաբերությունների նախապայմաններից՝ Գրիգորյանն ասաց․

«Հայկական կողմը բազմիցս հայտարարել է, նույնիսկ մեզնից առաջ՝ նախորդ իշխանությունների օրոք, որ Թուրքիայի հետ հարաբերությունները պետք է կարգավորել առանց նախապայմանների, որովհետև երբ նախապայմաններ են լինում, դժվար է լինում որևիցե հարցում առաջ գնալ։ Հույս ունենք, որ հարաբերությունների կարգավորումը կլինի առանց նախապայմանների, բոլոր գոյություն ունեցող հարցերը հետագայում քննարկվելու են, բայց նախապայմաններով հարաբերություններ սկսելը շատ դժվար կլինի»։

ԱԽ քարտուղարը, պատասխանելով լրագրողի հարցին՝ արդյոք անվտանգ է Հայաստանի քաղաքացիների համար Գորիս-Կապան ճանապարհը, հայտնեց, որ նոյեմբերի 9-ից հետո ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ հայկական կողմը պետք է կարողանա այդ ճանապարհը անվտանգ օգտագործել։

«Իհարկե, այդ ընթացքում խնդիրներ են առաջացել, մտահոգություններ կան, և մենք բոլոր քայլերը ձեռնարկում ենք, որպեսզի այլևս որևէ խնդիր չառաջանա։ Հույս ունենք, որ կկարողանանք այդ ճանապարհն անվտանգ օգտագործել»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter