Ալեն Սիմոնյանն ընդունել է ԱՄԷ ժամանակավոր հավատարմատարին
ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 24-ին Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների ժամանակավոր հավատարմատար Ահլամ Ռաշիդ Ահմադ Ալ Աբդ Ալ Սալամիին:
Ողջույնի խոսքից հետո ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս Ծոցի արաբական պետությունների հետ հարաբերությունների զարգացմանը: Նա բարձր է գնահատել ԱՄԷ-ի հավասարակշռված արտաքին քաղաքականությունը տարածաշրջանային եւ միջազգային մակարդակներում:
Անդրադառնալով խորհրդարանական դիվանագիտության շրջանակներում համագործակցության զարգացման անհրաժեշտությանը` օրենսդիր մարմնի ղեկավարը շեշտել է, որ Ազգային ժողովը շարունակելու է ջանքեր ուղղել երկկողմ հարաբերությունների ակտիվացմանը:
Ալեն Սիմոնյանը տեղեկացրել է հյուրին, որ առաջիկայում կձեւավորվի ԱՄԷ-ի հետ միջխորհրդարանական բարեկամության խումբը` հավելելով, որ ակնկալվում է ԱՄԷ-ի կողմից եւս նմանատիպ խմբի ձեւավորում:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` ԱՄԷ-ի ժամանակավոր հավատարմատարը փաստել է Հայաստանի հետ տարբեր ձեւաչափերով համագործակցության կարեւորությունը: Խորհրդարանների փոխգործակցությունը համարելով ուղենշային` նա ընդգծել է համատեղ նախագծերի իրականացման կարեւորությունը:
Հանդիպման ավարտին մտքեր են փոխանակվել առաջիկայում կայանալիք «Դուբայ ԷՔՍՊՈ-2020» համաշխարհային ցուցահանդեսին Հայաստանի մասնակցության շուրջ:
Մեկնաբանել