HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

15 աշխատանքային օրվա փոխարեն եկամտային հարկը կվերադարձվի 3 օրում

Հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների մասով եկամտային հարկի վերադարձման գործընթացն ավտոմատացնելու նպատակով՝ կառավարությունն ընդունել է որոշում: Նախատեսվում է հստակեցնել հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների մասով եկամտային հարկի վերադարձման հետ կապված կարգավորումները։ Այս մասին հայտնում է կառավարությունը։

Ներկայում հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների մասով եկամտային հարկի վերադարձն իրականացվում է վարկառու ֆիզիկական անձանց կողմից թղթային եղանակով հարկային մարմին ներկայացվող եկամտային հարկի վերադարձի մասին դիմումի, անհրաժեշտ փաստաթղթերի (տեղեկանքների) հիման վրա։

Առաջարկվում է սահմանել, որ եկամտային հարկի վերադարձի համար հիփոթեքային վարկի վարկառու և համավարկառու հանդիսացող անձանց կողմից եկամտային հարկի վերադարձման մասին դիմումները ներկայացնում են բացառապես էլեկտրոնային եղանակով։ Որոշումն ուժի մեջ կմտնի 2022 թ. հունվարի 1-ից:

Ինչպես նշել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը, երբ դիմում են առաջին անգամ եկամտային հարկի վերադարձման համար, ներկայացնում են անհրաժեշտ փաստաթղթերը՝ վարկային պայմանագիրը, սեփականության իրավունքը վկայող փաստաթուղթը և այլն: 

«Դրանից հետո ամեն եռամսյակի արդյունքներով հաջորդ ամիս ներկայացնում են եկամտային հարկը վերադարձնելու դիմումներ, և դիմումների սպասարկումը գործող կարգավորումների համաձայն՝ այն տևում է 15 աշխատանքային օր: Արդյունքում՝ առաջանում են բազմաթիվ դժվարություններ և դժգոհություններ: Մենք փոխում ենք համակարգը: Առաջին անգամ դիմելու դեպքում կրկին նույն գործընթացն է լինելու՝ նույն փաստաթղթերն են ներկայացնելու, մեկ տարբերությամբ՝ 15 օրվա ընթացքում դիմողին տրամադրվելու է օգտանուն և գաղտնաբառ, որի միջոցով վերջինս անձնական գրասենյակ է ունենալու: Արդեն ամեն եռամսյակի արդյունքներով այդ անձնական գրասենյակում ինքաշխատ եղանակով 2 տվյալ է գեներացվելու՝ ԱՔՌԱ համակարգի միջոցով վարկի վճարված տոկոսների և վճարված եկամտահարկի վերաբերյալ: Ինքնաշխատ եղանակավ նաև դիմում է գեներացվելու, որը բացառապես էլեկտրոնային եղանակով ներկայացվելու է հարկային մարմին: Եվ գործող 15 օրվա փոխարեն 3 աշխատանքային օրվա ընթացքում վճարված եկամտային հարկը վերադարձվելու է համապատասխան բանկային հաշվի վրա»,- ասել է ՊԵԿ նախագահը:

Մեկնաբանություններ (1)

Նորայր Սարիբեկյան
Նմուշի ձև ունեք,կասեք ինպես գրանցվենք?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter