HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Կանանց տնտեսական հզորացումը՝ գյուղական համայնքների զարգացման գրավական

Արփենին փոքր, լեռնային գյուղ է Շիրակի մարզում: Ծովի մակերեւույթից  բարձր է 1920 մ: Բնակիչների մեծ մասը զբաղվում է անասնապահությամբ: Բուսաբուծությունը թույլ է զարգացած, հիմնականում կարտոֆիլ են մշակում: Գյուղում կան նաեւ մեղվաբուծությամբ զբաղվողներ: Լեռնային շրջանների համար էկզոտիկ համարվող մշակաբույսեր՝ ելակ, մոշ, մոռ եւ այլն աճեցնողներ չկան․ եղանակային պայմաններն են անբարենպաստ:

«Մեծ տարածքի վրա ելակի մշակությամբ զբաղվելն իմ երազանքներից մեկն է եղել,-խոստովանում է Արփենի գյուղի բնակչուհի 29-ամյա Հասմիկ Գեւորգյանը,-բայց գյուղի բնակլիմայական պայմաններում, բանջարանոցային եղանակով մշակելու դեպքում շատ ցածր բերքատվություն ես ունենում: Մի փոքր մարգի չափով միշտ ունեցել ենք, մեկ-երկու ամիս բերքը հավաքել ենք ու վերջ: Երազում էի ունենալ հնարավորություն ողջ տարին ելակ մշակելու: Էնպես լիներ, որ միայն մենք չսպառեինք, այլեւ վաճառեինք ու լրացուցիչ եկամուտ ստանայինք»:

«Շիրակի մարզի գյուղաբնակ երիտասարդ կանանց տնտեսական հզորացում ձեռներեցության զարգացման եւ գործող բիզնեսների ընդլայնման միջոցով» ծրագիրը հնարավորություն տվեց Հասմիկին իրագործելու վաղեմի երազանքը: Ծրագիրն իրականացրել է «Կանայք հանուն զարգացման» ՀԿ-ն Բուլղարիայի Հանրապետության արտգործնախարարության ֆինանսական աջակցությամբ՝ 2020թ-ի օգոստոսից մինչեւ 2021թ. մայիսն ընկած ժամանակահատվածում: Ծրագրի շրջանակում 28 դիմորդ հնարավորություն էր ստացել մասնակցելու ԿՀԶ ՀԿ կողմից կազմակերպված բիզնես դասընթացներին եւ ձեռք բերել բիզնես հիմնելու տարրական գիտելիքներ ու հմտություններ: Դասընթացների ավարտին դրամաշնորհի հայտ ներկայացրած 9 ծրագրից հաղթել էր 4-ը, այդ թվում՝ նաեւ Հասմիկ Գեւորգյանի «Ելակի տուն» ջերմոցային տնտեսություն հիմնելու գաղափարը:

90 քմ մակերեսով պոլիկարբոնատային ջերմոցի կառուցումը սկսվել է մարտ ամսին եւ ավարտվել մայիսին: Ջերմոցի ծրագրային արժեքը 1 մլն 558 հազար 490 դրամ է: 

«Մեր ներդրումը եղել է աշխատուժի տեքսով, քանի որ ամուսինս ու տեգրս են սարքել, մեկ էլ շինարարական գործիքներն են մենք գնել, հիմնական գումարը Բուլղարիայի դեսպանատունն է տրամադրել»,- ասում է Հասմիկը: 

Մշակման համար ընտրվել է ելակի ամերիկյան «Ալբիոն» ցրտադիմացկուն տեսակը: Այն առանձնանում է բարձր որակով եւ տեղափոխման ու պահպանման ընթացքում՝ դիմացկունությամբ: Չնայած նրան, որ ելակը համարվում է քաղցր հատապտուղ՝ այս տեսակի մեջ շաքարի պարունակությունը նվազագույն է: Ջերմոցը ոռոգվելու է կաթիլային համակարգով, որն ավելի արդյունավետ է եւ խնայող:

Հասմիկն ուսումնասիրում է ելակի աճեցման նորագույն տեխնոլոգիաների կիրառումն արտերկրում եւ Հայաստանում: Նա մտադի է ստացած եկամուտն ուղղել ջերմոցային տնտեսության ընդլայնմանն ու պայմանների բարելավմանը: Մտադրություն կա ավելացնել հարկադարակներ՝ կոկոսի մանրաթելերում ելակ աճեցնելու համար եւ ձեռք բերել բելգիական հատուկ մեղուներ, ինչը թույլ կտա ավելացնել բերքի ծավալները եւ ապահովել ավելի մեծ եկամուտ: 

«Դրանք հատուկ հենց ջերմոցների համար նախատեսված մեղուներ են, իրենք մնում են տարածքում, դուրս չեն գալիս եւ երկու մեղվաընտանիքը մեզ լիովին բավարար կլինի»,- նշում է Հասմիկը:

«Կանայք հանուն զարգացման» ՀԿ-ի ղեկավար Գոհար Մարկոսյանի համոզմամբ՝ գյուղական համայնքներում կանանց տնտեսական հզորացմանը միտված ծրագրերը պետք է շարունակական լինեն: Դրանք նպաստում են ոչ միայն ընտանիք լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավմանն, այլեւ անձի ինքնագնահատականի բարձրացմանն ու թաքնված կարողությունների բացահայտմանը:

«Կանայք սկսում են գիտակցել, որ կարող են ինչ-որ բան փոխել, նախ՝ իրենց կյանքում, հետո արդեն՝ համայնքի: Ավելի ինքնավստահ են դառնում, նոր գծեր են գուցե հայտնաբերում, որ մտածել են, թե չունեն: Հասկանում են, որ կարելի է ու պետք է ձգտել ցանկացած երազանք իրականություն դարձնել»,- ասում է Գոհար Մարկոսյանը՝ հավելելով, որ նմանատիպ ծրագրերով կանայք նպաստում են տուրիզմի զարգացմանն իրենց համայնքներում:

Բուլղարիայի դեսպանատան ֆինանսավորած 4 ծրագրից 2-ն իրականացվում են Ցողամարգ գյուղում՝ ջերմոցային տնտեսությունում եւ չրերի արտադրությունում: «Կանաչ օազիս» ջերմոցային տնտեսություն հիմնելու ցողամարգցի Նաիրա Կարապետյանի գաղափարի հիմքում ընտանիքն ամուր ու միասնական պահելն է: Ընտանիքի հայրը հանապազօրյա հացը վաստակելու նպատակով ամեն տարի մեկնում է արտագնա աշխատանքի: Ամուսնուն կողքին պահելու ցանկությունն էլ հենց մղել էր Նաիրային մասնակցելու «Շիրակի մարզի գյուղաբնակ երիտասարդ կանանց տնտեսական հզորացում ձեռներեցության զարգացման եւ գործող բիզնեսների ընդլայնման միջոցով» ծրագրին: 

160 քմ մակերեսով ջերմոցը, որն հնարավորություն կտար ամբողջ տարվա ընթացքում բանջարեղեն արտադրել, վաճառել եւ ընտանիքն ապահովել մշտական եկամուտով, ընտանեկան բիզնեսի հիանալի օրինակ է նաեւ համագյուղացիների համար: Ջերմոցային տնտեսություն հիմնելու իր գաղափարով Նաիրան մարտահրավեր է նետում արտագնա աշխատանքին եւ վստահեցնում, որ ցանկության դեպքում կարելի է գումար վաստակել նաեւ հայրենի գյուղում՝ չկտրվելով ընտանիքից:

«Կանաչ օազիս»-ի ծրագրային արժեքը 2 մլն 507 հազար 980 դրամ է: Ջերմոցի նախագծման, անհրաժեշտ շինանյութի ձեռքբերման եւ կառուցապատման աշխատանքներն իրականացնելիս Նաիրային օգնել է ամուսինը: Ջերմոցում ներդրվել է կաթիլային ոռոգման համակարգ, որը շուրջ 5 անգամ խնայում է ջուրը, ինչպես նաեւ ամենաթանկ ռեսուրսը՝ ժամանակը, քանզի բույսերը ոռոգելու համար լրացուցիչ աշխատանք կատարելու անհրաժեշտություն չի լինում: Կիսափակ ջերմոցի հիմնական առավելությունը տարածքի ներսում օպտիմալ միկրոկլիմայի ստեղծումն է, որը բույսին թույլ է տալիս դրսեւորել գենետիկական ողջ ներուժը՝ ապահովելով առավել բարձր բերքատվություն:

«Էս պահին ջերմոցում լոլիկ ու վարունգ ենք աճեցնում, սակայն հետագայում նախատեսում ենք ընդարձակել մշակաբույսերի տեսականին։ Բերքը հիմնականում գյուղում ենք իրացրել: Ցողամարգցին էլ կարիք չի ունենա բանջարեղենի համար իջնել շուկա»- վստահեցնում է Նաիրան։

Չրեղեն ձեռք բերելու համար եւս ցողամարգցիները չեն հասնի շուկա եւ հնարավոր է անգամ, որ քաղաքաբնակները հասնեն գյուղ՝ ձեռք բերելու նորաստեղծ «Վիոլետ» բնական չրերի արտադրամասի արտադրանքը: Մասնագիտությամբ մանկավարժ Վիոլետա Ավագյանը որոշել է ուժերը փորձել չրարտադրության ոլորտում՝ հոբբին վերածելով եկամտաբեր բիզնեսի: 

«Մեր ընտանիքը շատ է սիրում հյուրեր ընդունել,- ասում է Վիոլետա Ավագյանը,- բնականաբար հյուրասիրում էի իմ պատրաստած չրերով եւ ստանում գովասանքի խոսքեր: Ծրագիրը ստիպեց մտածել հոբբին բիզնեսի վերածելու ուղղությամբ: Շատ էի ուրախացել, երբ հայտնեցին, որ ներկայացրածս բիզնես գաղափարը հաստատվել է ու ֆինանսավորվելու է»:

Գաղափարն իրականացնելու համար հարկավոր էր տարածք: Մեծածավալ արտադրություն կազմակերպելու համար Վիոլետան սեփական տանը չուներ համապատասխան պայմաններ: Այս հարցում նրան աջակցել է համայնքապետը՝ երեք տարի ժամկետով անվարձահատույց տրամադրելով համայնքապատկան շինության մի քանի սենյակ: Բնական չրերի արտադրությունը կազմակերպելու համար Վիոլետա Ավագյանին հատկացված դրամաշնորհային գումարը 2 մլն 58 հազար 960 դրամ է: 

Չրերի արտադրությունն այսօր կարելի է համարել հայկական գյուղատնտեսության առավել հեռանկարային ոլորտներից մեկը: Ժամանակակից արեւային եւ էլեկտրական չորանոցների ներդրմամբ Հայաստանը մեծ պոտենցիալ ունի աշխարհին մատակարարելու բացառիկ որակի եւ համի, էկոլոգիապես մաքուր չոր միրգ ու բանջարեղեն: Բանասերի կրթությամբ Վիոլետան եւս հայտ է ներկայացնում համալրելու հայ չրագործների բանակը: «Ցողամարգում շատ մրգատեսակներ չկան, հիմնականում գնում եմ շուկայից: Էն ինչ հնարավոր է տեղում մթերել համագյուղացիներից, պատրաստ եմ վերցնել, օրինակ՝ սալոր, տանձ, գազար, բայց սեխը, ձմերուկը, սմբուկը եւ էլի որոշ տեսակներ արդեն պետք է այլ տեղերից գնեմ,- ասում է Վիոլետան,- ամեն միրգ ունի իր յուրահատկությունն ու բնավորությունը, լավ արդյունք ստանալու համար անհրաժեշտ է մրգի ամեն մի տեսակը մշակել ու չորացնել իր պահանջներին համապատասխան պայմաններում»

Վիոլետան խոստովանում է, որ իրեն շատ է օգնել «Կանայք հանուն զարգացման» ՀԿ-ի կազմակերպած ուսումնական այցը Բյուրականի Չրերի տուն, որտեղ մեծ ծավալների արտադրություն կազմակերպելու հետ կապված կարեւոր գործնական խորհուրդներ է ստացել:

ՀՀ-ում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Կալին Անաստասովի փոխանցմամբ՝ իրենք գոհ են ծրագրերի արձանագրած արդյունքներից: «Մոտ երկու տարի է աշխատում ենք «Կանայք հանուն զարգացման» ՀԿ-ի հետ եւ հիմա, երբ շրջեցի ու ծանոթացա կատարված աշխատանքներին, կարող եմ ասել, որ շատ լավ արդյունք է գրանցվել: Մտածում եմ, որ կշարունակենք համագործակցել նաեւ առաջիկայում: Տեսեք, հենց այս գյուղում իմացա, որ կինն ընտանիքն ամուր պահելու, ամուսնուն իր կողքին պահելու համար բիզնես ծրագիր է մտածել: Մյուսը մտածել է ընտանիքում եկամուտի հավելյալ աղբյուրի մասին, երրորդն իր գործունեությամբ հաստատ տուրիստներ կբերի հայրենի գյուղ եւ այլն: Այս փոքր գյուղերի զարգացման համար, կարծում եմ, կարեւոր բան է արվում,- նկատում է Կալին Անաստասովը,- իհարկե, այն ինչ ես տեսա դեռ վերջնական չէ, համոզված եմ, որ այս կանայք ձգտելու են ոչ միայն իրենք զարգանան, այլեւ համայնքում կարեւոր դերակատարություն ունենան: Ահա այսպիսի արդյունք ենք մենք ուզում տեսնել»:

Չրերի արտադրությունից հետո թերեւս «ամենաքաղցր» ծրագրի մեկնարկը տրվել է Արթիկի տարածաշրջանի Անուշավան գյուղում: «Քաղցր Արեգ» հրուշակեղենի արտադրության հիմնումը մասնագիտությամբ դեղագործ-դեղագետ Գոհար Դավթյանի գաղափարն է: Ծրագրի դրամաշնորհային գումարը 1 մլն 109 հազար դրամ է: Գոհարը հրուշակեղենի արտադրամասը կոչել է 5-ամյա որդու անունով:

«Ես խոհանոց շատ եմ սիրում, որտեղ ոչ միայն պատրաստում եմ ուտեստներ եւ թխվածքներ, այլեւ՝ ստեղծագործում եմ, միշտ ինչ-որ ինքնատիպ բաներ եմ փորձում անել,- ասում է Գոհարը,- նույնիսկ փոքրիկիս համար պատրաստվող ամենօրյա նախաճաշերն եմ հատուկ ձեւավորում, որպեսզի երեխային գրավիչ ու հաճելի լինի ուտելը»

Գոհարի խոհարարական հմտությունների առաջին գնահատողը ընտանիքի անդամներն են, ընկերներն ու հարազատները: 

«Շատ հաճախ մեր տան համար պատրաստած թխվածքներն ու տղայիս նախաճաշիկները տեղադրում էի իմ ֆեյսբուքյան էջում եւ ստանում գովեստի խոսքեր: Այստեղից էլ միտք առաջացավ, որ կարող եմ նաեւ իմ փոքրիկ բիզնեսը սկսել: Երբ լսեցի ծրագրի մասին, որոշեցի բաց չթողնել ընձեռված հնարավորությունը,- պարզաբանում է Գոհարը,- բացի այդ էլ ես օգտագործում եմ տնական, էկոլոգիապես մաքուր մթերքներ՝ կարագ, ձու, կարծում եմ՝ այդ պատճառով է, որ համը շատ է տարբերվում խանութում եղած թխվածքներից ու տորթերից»:

Անուշավանում Գոհարը միակ հրուշակագործը չէ: Գյուղում եւս երկու կանայք զբաղվում են այդ գործով եւ ավելի վաղ են սկսել: Մրցակցությունը չի վախեցնում զրուցակցիս, ասում է՝ ավելի է մոտիվացնում: Գոհարն այլ նպատակներ եւս ունի, բիզնես հաջողության դեպքում մտադիր է կազմակերպել խոհարարական դասընթացներ համայնքի երիտասարդ աղջիկների եւ կանանց համար, եւ հիմնել փոքրիկ սրճարան՝ նպաստելով նոր աշխատատեղերի ստեղծման:

Վճարովի բովանդակություն

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter