
Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ` Արմեն Չարչյանի խափանման միջոցի հարցով որոշում կայացնելու
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը` նախագահությամն դատավոր Վահե Միսակյանի, քիչ առաջ հեռացավ խորհրդակցական սենյակ` Ազգային ժողովի պատգամավոր, «Իզմիրլյան բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Արմեն Չարչյանի խափանման միջոցի հարցով որոշում կայացնելու: Մինչ խորհրդակցական սենյակ հեռանալը, գործով դատախազն անդրադարձավ Չարչյանին գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ նրա պաշտպանների միջնորդությանը:
Պաշտպան Էրիկ Ալեքսանյանը նշել էր որ կալանավայրում Չարչյանի առողջական վիճակը վատացել է` ներկայացնելով բժշկական փաստաթղթեր` Չարչյանի մոտ ախտորոշված հիվանդությունների վերաբերյալ:
Դատախազ Ազատ Մարգարյանը նշեց, որ դատավարության մասնակիցներն այն սուբյեկտները չեն, որ գնահատեն Չարչյանի առողջական վիճակը:
«Մենք չենք կարող պնդել, որ նախորդ նիստին ներկայացված ախտորոշումներն այժմ ներկայացվածներից ավելի ծանր են»,-ասաց Ազատ Մարգարյանը` նկատի ունենալով, որ դրա համար մասնագիտական գիտելիքներ են պետք:
Ըստ դատախազի` Չարչյանի առողջական վիճակը գնաահատելու համար անկախ փորձագետներից կազմված հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն պետք է նշանակել, ըստ որում` դատախազը նշեց, որ մեղադրող կողմին պետք է տեղյակ պահվի հանձնաժողովի կազմի մասին, քանի որ, գուցե, դրանում ներգրավված լինեն անձինք, որոնց իրենք ինքնաբացարկ հայտնելու անհրաժեշտություն տեսնեն: էրիկ Ալեքսանյանը ևս մեկ անգամ արտահայտեց պաշտպանական կողմի դիրքորոշումն այն մասին, որ իրենք կողմ են փորձաքննությանը, բայց և պնդեց, որ Չարչյանին գրավով ազատ արձակելու միջնորդությունը պետք է քննվի` անկախ փորձաքննություն նշանակելու հանգամանքից` ստեղծված իրավիճակում:
Պաշտպանը թվեց հանգամանքներ, որոնք առանց փորձաքննության էլ փաստում են, որ Չարչյանի առողջական վիճակը կալանավորվելուց հետո վատթարացել է: Չարչյանն այժմ ավելի մեծ քանակությամբ ինսուլին է ստանում, քան նախկինում, կալանքի տակ գտնվելու ընթացքում սրտամկանի սուր ինֆարկտ է ստացել, նրա մոտ ախտորոշվել է երկկողմանի թոքաբորբ:
Դատական նիստի ընթացքում դատախազն ասել էր, որ ինքն ամենօրյա ռեժիմով կապի մեջ է բժշկուհու հետ, ով հետևում է Չարչյանի առողջական վիճակին, և բժշկուհին ասում է, որ նրա առողջությանը և կյանքին վտանգ չի սպառնում:
«Խոսքն այն բժշկուհիու մասի՞ն է, որ երբ Չարչյանը հազում էր, ասել էր` խնդիր չկա, բայց երբ նրան տեղափոխեցին հիվանդանոց, պարզվեց` երկկողմանի թոքաբորբ ունի»,- հարցրեց Էրիկ Ալեքսանյանը:։
Դատարանը հեռացավ խորհրդակցական սոնյակ` որոշում կայացնելու, որը կհրապարակվի այսօր, ժամը 18:00-ին
Մեկնաբանել