60 մլն դոլար` Երևանի շրջանցիկ ճանապարհների կառուցման համար
Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը և Ասիական զարգացման բանկի տարածաշրջանային տնօրեն Մեթյու Վեսթֆոլլը մայիսի 19-ին վարկային պայմանագրի շրջանակներում համաձայնագիր են ստորագրել քաղաքային ենթակառույցների և կայուն քաղաքային զարգացման ծրագրի վերաբերյալ:
Բազմափուլ ֆինանսավորմամբ ծրագրի առաջին մասնաբաժինը 60 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ, հատկացվելու է Երևան քաղաքի շրջանցիկ ճանապարհների կառուցման համար:
Շնորհակալություն հայտնելով արդյունավետ համագործակցության համար' Կարեն Կարապետյանը կարևորել է մայրաքաղաքի համար կաևորագույն նշանակություն ունեցող ծրագրի իրականացումը:
Ասիական զարգացման բանկի տարածաշրջանային տնօրեն Մեթյու Վեսթֆոլլը նշել է, որ իրենց տեսնում է Հայաստանի զարգացման գլխավոր գործընկեր և օգնում է ներդրումներ կատարել տնտեսության մեջ, որոնք ճգնաժամային պայմաններից դուրս գալու հնարավորություն են ստեղծում:
Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ ստորագրված համաձայնագրով նախատեսվում է առաջիկա երեք տարում կառուցել 5.6 կմ ճանապարհ, 3 էստակադա, Հրազդան գետի վրայով 140 մ երկարությամբ կամուրջ և տարբեր անցուղիներ, ուղետարներ ու հենապատեր: Շրջանցիկ ճանապարհներ կկառուցվեն Արտաշատի մայրուղին Շիրակի փողոցին միացնող հատվածում' շրջանցելով Նորագավիթը: Նոր ճանապարհ կկառուցվի նաև Շիրակի փողոցից դեպի Արգավանդի խճուղի տանող հատվածում:
Շրջանցիկ ճանապարհների կառուցումը զգալիորեն կբեռնաթափի քաղաքի կենտրոնը տրանսպորտային հոսքերից, անմիջական կապ ստեղծելով հարավային ուղղության' Արտաշատ, Էջմիածին երկու մայրուղիների միջև: Բացի այդ ապահովելով մայրաքաղաքի պատշաճ կապը Հյուսիս-Հարավ մայրուղու հետ, այն որոշակի դերակատարություն կունենա նաև Հյուսիս-Հարավ մայրուղու երկու առանձին հատվածների միացման հարցում:
Պատասխանելով լրագրողների հարցերին' Ասիական Զարգացման Բանկի տարածաշրջանային տնօրեն Մեթյու Վեսթֆոլլը և Երևանի քաղաքապետի խորհրդական Աշոտ Մնացականյանը շեշտել են, որ համատեղ այս ծրագրերի իրականացումը կարևոր նշանակություն կունենա Երևան քաղաքում տրանսպորտային հոսքերի կարգավորման հարցում. «Ասիական զարգացման բանկի հետ համագործակցությունը երկարատև է' մոտ 20 տարի և սա Երևանում անկախության տարիներից ի վեր նախատեսվող ամենախոշոր ներդրումային ծրագիրն է տրանսպորտի ոլորտում», - նշել է Աշոտ Մնացականյանը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել