HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Հունվար-օգոստոսին «Զվարթնոցից» օգտվել է 1,3 մլն ուղեւոր. մեկնածները ժամանածներից ավելի շատ են

Երեւանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանն այս տարվա հունվար-օգոստոս ամիսներին ընդունել ու ճանապարհել է 1.355.447 ուղեւորի: Այս մասին «Հետքին» հայտնել է ՀՀ քաղավիացիայի կոմիտեն, որն իր հերթին հղում է արել օդանավակայանի կոնցեսիոներ «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ին (կրճատ՝ «ԱՄՕ»):

2020 թ. նույն ժամանակահատվածում «Զվարթնոցից» օգտվել էր 600.232 ուղեւոր: Նկատենք, որ նախորդ տարվա մարտից սկսած, երբ Հայաստանում արտակարգ դրություն մտցվեց կորոնավիրուսի համավարակի պատճառով, մեր երկրի գլխավոր օդանավակայանի ուղեւորների թիվը շեշտակի անկում ապրեց: Ցուցանիշները շարունակեցին ցածր մնալ նաեւ աշնանային պատերազմի հետեւանքով: 

Ինչպես կարելի է տեսնել ստորեւ ներկայացված գրաֆիկում, 2020 թ. հունվար-փետրվար ամիսներին գրանցվել են վերջին տարիների ուղեւորահոսքի լավագույն տվյալները, սակայն մարտից հետո թվերն աննախադեպ ցածր են եղել: Իսկ ահա այս տարի եղել է հակառակը՝ հունվար-փետրվարին գրանցվել են նվազագույն ցուցանիշներ վերջին տարիների կտրվածքով, բայց աստիճանաբար ուղեւորահոսքն ավելացել է, եւ, օրինակ, օգոստոսի տվյալը եղել է երկրորդ լավագույնը 2019-ի նույն ամսվա ցուցանիշից հետո:

Passengers: EVN
Infogram

Ընդհանրապես, 2019 թվականը «Զվարթնոցի» լավագույն տարին էր, երբ Հայաստանի գլխավոր օդային դարպասը, ըստ դրա կառավարիչ «ԱՄՕ»-ի, սպասարկել էր 3.021.608 ուղեւորի: Իսկ 2019-ի առաջին 8 ամիսներին մեկնած ու ժամանած ուղեւորների ընդհանուր թիվը, համաձայն ՔԱԿ-ի, եղել է 1.972.953:  

Ներկա իրավիճակում դժվար է ասել, թե «Զվարթնոցը» երբ կհասնի ու կգերազանցի նախաքովիդյան ու նախապատերազմական շրջանի ռեկորդային ցուցանիշը՝ 3 մլն ուղեւորի շեմը, բայց տեսնում ենք, որ ուղեւորահոսքը կամաց-կամաց վերականգնվում է:

Նկատենք նաեւ, որ օգոստոսն ավանդաբար լավագույն ամիսն է «Զվարթնոցի» համար, եւ սպասելի է, որ սեպտեմբերից սկսած ուղեւորների թիվը նվազելու է:

Ինչ վերաբերում է մեկնածների ու ժամանածների համեմատությանը, ապա ասենք, որ այս տարվա հունվար-օգոստոսին «Զվարթնոցից» մեկնել է 701.750 ուղեւոր, ժամանել՝ 653.697 հոգի: Որպես կանոն, այս հատվածում մեկնողների ավելի շատ լինելը պայմանավորված է արտագնա աշխատանքի եւ հանգստի մեկնողների քանակով, բայց, իհարկե, չի բացառվում նաեւ արտագաղթի գործոնը: Ամեն դեպքում, կոնկրետ եզրակացություն կարելի է անել տարեկան ամփոփիչ տվյալները ուսումնասիրելիս, քանի որ արտագնա աշխատանքի մեկնածների նկատելի վերադարձ է լինում նոյեմբեր-դեկտեմբերին:  

Լուսանկարը՝ «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter